21/11/2024

ՎՈՒԵ-ն իշխանության օգտին հայտարարությունն ընդունել է այն բանից հետո, երբ կառավարությունը նրան նոր հողեր է հատկացրել

Apsny.ge-ն տպավորություն է փոխանցում, որ ՎՈՒԵ-ն այդ հայտարարությունն ընդունել է այն բանից հետո, երբ կառավարությունը նրան նոր հողեր է հատկացրել։

Ըստ այդմ՝ հոկտեմբերի 17–ին և 18-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն կարգադրություն է ստորագրել, որի համաձայն՝ ՎՈՒԵ Պատրիարքարանի տնօրինությանն են անցել Չոխատաուրիի շրջանի Շուասուրեբի գյուղի 3610 և 160 քառակուսի մետր հողատարածքներ՝ մեկ լարի խորհրդանշական գնով, իսկ Լանչխութի քաղաքի Ժորդանիայի փողոցում ոչ գյուղատնտեսական նշանակության 1619 քմ. տարածքը եկեղեցուն է տրամադրվել անհատույց՝ 99 տարվա ժամկետով։

Ըստ երևույթին՝ այդ փաստերը նաև ներեկեղեցական քննարկումների թեմա են դարձել: ՎՈՒԵ, փաստացի՝ Պատրիարք-կաթողիկոս Եղիա Երկրորդի, հայտարարությունը հոգևորականությանը հորդորում է հանրային խոսույթում ձեռնպահ մնալ զգացմունքայնությունից և գիտակցել, որ իրենք հանրային համերաշխության պահպանման գործում մեծ դեր ունեն։

Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ ՎՈՒԵ բարձրաստիճան հոգևորականությունը «միասնական չէ»։ Հետխորհրդային շրջանում հոգևոր ծառայության անցածների մեծամասնությունը սատարում է Կոստանդնուպոլսի Հունաց տիեզերական պատրիարքարանի հետ միջեկեղեցական կապերին, իսկ Պատրիարքը և ավագ սերնդի մի քանի թեմակալներ մնում են Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքարանի հետ ավանդական կապերի տիրույթում։

Փաստացի ՎՈՒԵ հայտարարությունն ակնարկում է նաև ներեկեղեցական տարաձայնությունների մասին: Խնդիր է, թե եկեղեցին և Պատրիարք-կաթողիկոսն իրականում ի՞նչ ազդեցություն ունեն, որքանո՞վ է նրանց հորդորն ընդունելի միջին-վիճակագրական ընտրողի համար:

Եթե հողահատկացման մասին տեղեկությունը համապատասխանում է իրականությանը՝ իսկ դրանում կասկածելու տեղ չկա, որովհետև apsny.ge-ն վկայակոչում է վարչապետ Կոբախիձեի որոշումների էլեկտրոնային աղբյուրները, ապա վրացական հանրությունն ինչպե՞ս է արձագանքում իշխանության հետ Պատրիարք կաթողիկոսի «գործարքին»։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններով պետք է վերջ տրվի միակուսակցական իշխանությանը, ձևավորվի կոալիցիա, հաստատվի բազմակարծություն։ Խոսքը միայն քաղաքական պլյուրալիզմի՞, թե քաղաքակրթական-արժեհամակարգային ազատականացման մասին է։ Վրաստանը, իրոք, ճակատագրական ընտրության շեմին է, որ կարող է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական «գերլիցքավորման» առիթ տալ։