02/11/2024

Ի՞նչ շրջանակով է կոմունիկացվում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը երկարաձգելու հարցը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Եվրոպական Միությունը լրջորեն դիտարկում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարաձգելու հարցը: Ինչպես հայտնի է, մանդատի ժամկետը լրանում է դեկտեմբերին:

«Կարող եմ ասել մեր տեսանկյունը, որ քանի դեռ մենք չունենք ստորագրված, վավերացված Խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, քանի դեռ մենք չունենք առաջ գնացող, եթե չասեմ ավարտված, սահմանազատման գործընթաց, մենք ունենք մտավախություններ Ադրբեջանի հավանական գործողությունների վերաբերյալ և, ըստ այդմ էլ, ունենք չեզոք երրորդ կողմի կարիք՝ օբյեկտիվ գնահատական ստանալու համար», -խորհրդարանում հայտարարել է արտգործնախարար Միրզոյանը:

Եվրամիության մանդատի երկարաձգման առնչությամբ էական հարց է թերևս այն, թե արդյո՞ք այդ որոշման կայացման շրջանակը Հայաստանից ու Եվրամիությունից բացի ներառում է նաև Ադրբեջանին և հնարավոր այլ կողմերի: Ադրբեջանը մի քանի շաբաթ առաջ դժգոհել էր ՆԱՏՕ միջազգային ռազմական շտաբի ղեկավարին, որ ԵՄ առաքելությունն անվստահելի է, քանի որ այնտեղ կա պրոհայկական դիրքորոշում ունեցող Ֆրանսիան: Այդ բարձրաձայնումն առնվազն առաջացնում է կասկած, որ Ադրբեջանը, բարձրացնելով վստահության հարցը, կարող է պնդել ոչ թե առաքելության չեղարկում, այլ «վստահության վերականգնման քայլեր»:

Այն, որ Բաքուն այդ հարցը բարձրացնում է ՆԱՏՕ բարձրաստիճան գեներալի առաջ, թույլ է տալիս եզրակացնել, որ մեծ հավանականությամբ լուծման տարբերակներում դիտարկում է ՆԱՏՕ դերը: Իսկ եթե նկատի առնենք այն, որ ՆԱՏՕ անդամ է նաև Թուրքիան, ապա Ֆրանսիայի «պրոհայկականության» շեշտադրումը քաղաքական գիծ դարձրած Բաքուն այդ կերպ գուցե փորձում է ստեղծել պրոադրբեջանական Թուրքիայի ներգրավման հիմնավորում:

Իսկ զուտ իրավական հնարավորություն ստեղծել է դիտորդական առաքելության կարգավիճակի վերաբերյալ Հայաստան-ԵՄ համաձայությունը, որով Եվրամիությունը ստացել է դիտորդական առաքելության կազմում ոչ ԵՄ անդամ երկրի պատվիրակ ներգրավելու իրավասություն: Արդեն կա մեկ ներգրաված՝ Կանադայի ներկայացուցիչ, սակայն միամիտ է մտածել, թե այդ իրավասությունը ԵՄ-ին պետք էր Կանադայի այդ մեկ ներկայացուցչի համար:

Միևնույն ժամանակ, ԵՄ խոսնակ Պիտեր Ստանոն օրեր առաջ, իհարկե հերքելով անվստահելիության մասին Ադրբեջանի դժգոհությունը, այդուհանդերձ, հայտարարել էր, որ իրենք պատրաստ են առաքելության հեռանկարի հարցում գործակցել Ադրբեջանի հետ:

Ի՞նչ շրջանակով է կոմունիկացվում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը երկարաձգելու հարցը: