ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթաժողովից հետո MeydanTV-ն ուշադրություն է դարձրել Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողություն» սկսելուց երկու օր առաջ՝ 2022թ. փետրվարի 22-ին Կրեմլում Պուտին-Ալիև բանակցությունների արդյունքում կողմերի միջև ստորագրված «Ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մասին» հռչակագրի 16-րդ կետին:
Այն սահմանում է, որ անվտանգությունն ապահովելու, խաղաղություն և կայունություն պահպանելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանական Հանրապետությունը, համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության, միջազգային համաձայնագրերի հիման վրա և նկատի ունենալով կողմերի միջազգային իրավական պարտավորությունները, կարող են հաշվի առնել ռազմական օգնություն ցուցաբերելու հնարավորությունը:
Լրատվամիջոցը հարցում է ուղղել «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբարին՝ կարելի՞ է եզրակացնել, որ ուկրաինական պատերազմի ինչ-որ փուլում Ադրբեջանը պետք է Ռուսաստանին ռազմական օգնություն ցուցաբերի:
Գամբարի կարծիքով՝ քանի որ խոսքը խաղաղության և կայունության պահպանման նպատակով ռազմական աջակցության հնարավորության մասին է, իսկ կոնկրետ Ուկրաինայի դեպքում Ռուսաստանն ինքն է պատերազմ սանձազերծել, ապա Ադրբեջանի կողմից նրան ռազմական օգնության տարբերակը բացառվում է:
Նույն հարցին քաղաքական մեկնաբան Միրկադիրովը պատասխանել է, որ նշված փաստաթուղթը ոչ թե պայմանագիր, այլ կողմերի մտադրությունների մասին հայտարարություն է, Ռուսաստանը և Ադրբեջանը միմյանց նկատմամբ նման իրավական պարտավորություն չեն ստանձնել՝ ի տարբերություն Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի, որ ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել:
Հրապարակային տիրույթում ոչ մի ադրբեջանցի նման դելիկատ հարցի վերաբերյալ ավելին չի ասի, եթե անգամ ընդդիմադիր գործիչ կամ քաղաքական վտարանդի է: Խնդիրն այն է, թե ռուս-ուկրաինական պատերազմի երրորդ տարում, ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթաժողովից ընդամենը մեկ օր անց ադրբեջանական լրատվամիջոցն ինչո՞ւ է քննարկում Բաքվի կողմից Մոսկվային ռազմական աջակցություն ցուցաբերելու հավանականության-անհավանականության թեման:
Ամիսներ առաջ Սերբիայի նախագահ Վուչիչը բացահայտել է, որ Բելգրադը 800 միլիոն դոլարի սպառազինություններ է վաճառել, բայց պատասխանատվություն չի կրում, թե դրանք վերջնարդյունքում որ երկրում են հայտնվել: Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ սերբական ինքնագնաց հաուբիցների հիմնական գնորդն Ադրբեջանն է, բայց սպառազինություններն առաքվել են Արաբական միացյալ էմիրություններ:
ԱՄԷ-ն սերտ հարաբերություններ ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Տարեսկզբին Էմիրությունների նախագահ Նահաիանն այցելել է Բաքու, իսկ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի նախօրեին՝ Մոսկվա և երկօրյա հանդիպումներ ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ:
Այս ֆոնին չափազանց ինտրիգային է, որ Սերբիայի նախագահ Վուչիչը հրաժարվել է մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին, բայց Կազան է այցելել Բոսնիա-Հերցեգովինայի Սերբական հանրապետության առաջնորդ Միլորադ Դոդիկը: Կազանում կայացել է նրա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ առ դեմ հանդիպումը, որի մասին կողմերը տեղեկատվություն չեն տարածել: Դոդիկը միջազգային շրջանակներում համարվում է Սերբիայի նախագահ Վուչիչի «վստահելի անձը»:
Բաց մի թողեք
Իրանի միջուկային ծրագրերի դեմ արևմտյան կոնսոլիդացիան չի դրսևորվի նաև Ուկրաինայի հարցում
Ադրբեջանը պատրաստվել է 2025-ին, Հայաստանը իրավունք չունի «սպասել»
Իսրայելն արդեն հարվածում է՝ ինչ սպասել մեր տարածաշրջանում