22/11/2024

Տասնյակ դատախազներ են ազատվել աշխատանքից՝ Վարդապետյանի պաշտոնավարումից ի վեր

ՀՀ գլխավոր դատախազությունում մեծ թվով թափուր հաստիքներ կան, եւ կադրերի դեֆիցիտ է առաջացել, որը չեն կարողանում լրացնել, մասնավորապես՝ դատախազների։

Հրապարակ թերթը գրել է․ Աննա Վարդապետյանի` դատախազ նշանակվելուց հետո այստեղ ներքին դժգոհություն է առաջացել․ ոմանք հեռացել են, համակարգից դուրս են եկել, եւ աշխատակիցների պակասի պատճառով մնացյալ դատախազները բավականին ծանրաբեռնված են աշխատում, ինչպես իրենք են ասում` գիշեր-ցերեկ չունեն։

Համակարգից հեռացած դատախազների մեծ մասը սեփական դիմումով է ազատվել։ Մի մասը տեղափոխվել է փաստաբանություն, սեփական գրասենյակներ են հիմնում, մյուս մասը՝ մասնավոր սեկտոր, իրավաբանական ծառայություններ են մատուցում, անգամ ոչ իրավաբանի մասնագիտությամբ են ոմանք աշխատում:

«Հրապարակ»-ը Գլխավոր դատախազություն գրավոր հարցում էր ուղարկել՝ հետեւյալ բովանդակությամբ․ «2024 թվականի ընթացքում քանի՞ դատախազ է աշխատանքից
ազատվել, քանի՞սն են իրենց դիմումի հիման վրա հեռացել դատախազությունից։ Այժմ դատախազի պաշտոնի քանի՞ թափուր հաստիք կա` քանիսից։ Թափուր հաստիքները լրացնելու համար մրցույթ հայտարարվե՞լ է»։

Մեր այս հարցմանը, կարելի է ասել, պատասխան չենք ստացել․ դատախազությունը նշել է, որ դատախազների թիվը ծառայողական սահմանափակ տարածման տեղեկատվություն է, ինչի պատճառով մերժում են նման տեղեկատվության տրամադրումը, իսկ ազատումների վերաբերյալ ուղարկել են մի քանի հղումներ իրենց կայքից։ Իրականում` չի կարող պետական բյուջեից, հարկատուներից վարձատրվող հաստիքների քանակը լինել «սահմանափակ տարածման ենթակա տեղեկատվություն»` սա պարզապես «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի կոպիտ խախտում է:

Որոշ չափով պատասխանել են մեր երրորդ հարցին՝ նշելով, որ դատախազների թափուր հաստիքները համալրելու նպատակով 2024 թվականի հոկտեմբերի 10-ից հայտարարվել է բաց մրցույթ։

Մենք ուսումնասիրեցինք դատախազության պաշտոնական կայքը՝ պարզելու, թե վերջին 6 ամիսներին Աննա Վարդապետյանը քանի դատախազի ազատման վերաբերյալ է հրաման ստորագրել։ Մայիսի 29-ի հրամանով զինվորական դատախազի տեղակալ Գուրգեն Հակոբյանն է ազատվել աշխատանքից` իր դիմումի համաձայն։ Հունիսին ազատվել է 2 դատախազ՝ կրկին նույն հիմքով՝ անձնական դիմումներով։ Նման հիմքով ազատումներ կատարվել են նաեւ հաջորդ ամիսներին։ Օրինակ, սեպտեմբերին դատախազի պաշտոնից ազատվել է 3 անձ՝ Վասիլ Սարգսյանը, Հայկանուշ Ավալյանը եւ Աշոտ Խաչատրյանը․ նրանց ազատման հրամանի հիմքում գրված է՝ հիմք է ընդունվել այդ անձանց դիմումը։