22/11/2024

Շատ որոշակիորեն նվաստացուցիչ է, թե ինչն է հայերիս մխիթարանք մնացել

Վերջին օրերին, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը վավերացնելու մասին հրամանագիր է ստորագրել, հայաստանյան մի շարք քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ և փորձագետներ տեսակետ են զարգացնում, որ դա ոչինչ չասող փաստաթուղթ է կամ պնդում, որ Ալիևը խոստումները դրժելու փորձ ունի և նրա ստորագրությանը չպետք է հավատ ընծայել:

Ավելի արմատական տրամադրված շրջանակները, որ ներկայացնում են ինստիտուցիոնալ ընդդիմությունը կամ նրա հետ աֆիլացված են, սահմանազատմանն առհասարակ դեմ են, համարում են, որ դա հերթական կապիտուլյացիա է: Մի կողմ թողնենք իրավական նոնսենսը՝ «փուլային կապիտուլյացիա» չի լինում և ուշադրություն դարձնենք խնդրի բուն էությանը:

Միջազգային իրավունքը սահմանում է, որ պետությունների միջև խաղաղ, բարիդրացիական հարաբերությունների հիմքը ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, գոյություն ունեցող սահմանների անխախտելության փոխադարձ ճանաչումն է, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման, վիճելի հարցերը բանակցությունների միջոցով կարգավորելու փոխադարձ պարտավորությունը:

Պետությունների միջև հարաբերությունների կարգավորման այլ սկզբունքներ միջազգային իրավունքը չի ճանաչում: Այս իմաստով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը պարզապես անհրաժեշտություն է:

Իհարկե, ցանկալի և միջազգային պրակտիկայի առումով օպտիմալ կլիներ, եթե կողմերը նախ դիվանագիտական հարաբերություններ հաստատեին, ապա ձեռնամուխ լինեին սահմանազատման, կոմունիկացիաների և այլ հարցերի շուրջ բանակցությունների:

Բայց առկա իրավիճակում դա հնարավոր չէ ոչ միայն Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, իսկ գործընթացի կասեցումը կամ սառեցումը հղի է մարտահրավերներով, որ մեծ մասով արտատարածաշրջանային են, դուրս են Երևանի և Բաքվի ազդեցության, դրանք կառավարելու հնարավորության տիրույթից: Եթե ամեն ինչ կախված լիներ կողմերից, ապա Ադրբեջանը չէր ստորագրի սահմանազատման կանոնակարգը և Հայաստանի հետ սինխրոն չէր վավերացնի:

Ովքեր հիշում են, իսկ դա անհրաժեշտություն է, Հայաստանի հետ սահմանի մասին Իլհամ Ալիևի ձևակերպումները, կհամաձայնեն, որ առանց արտաքին ազդեցության նա ոչ մի դեպքում փաստաթուղթ չէր վավերացնի, որտեղ սահմանազատման իրավական հիմք է ընդունվում ԱՊՀ կազմավորման Ալմա-Աթայի հռչակագիրը:

Դա փաստացի նշանակում է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանազատման հարցում ընդունում է Ադր. ԽՍՀ իրավահաջորդությունը: Իսկ դրանից հետեւում է, որ Ադրբեջանի տարածքը 86,6 հազար քառակուսի կիլոմետր է:

Հոգեբանական, էմոցիոնալ իմաստով, իհարկե, շատ որոշակիորեն նվաստացուցիչ է, որ դա է հայերիս մխիթարանք մնացել, բայց քաղաքականությունը, իսկ կոնկրետ Հայաստանի դեպքում քառասունչորսօրյա պատերազմով և Արցախի հայաթափմամբ հիմնովին խարխլված պետականության վերահաստատումը պահանջում են սառնասիրտ հաշվենկատություն, ճկունություն և հաստատակամություն:

Գործընթացի նկատմամբ անվստահություն, ինչ խոսք, կա, բայց դա ոչ մի կապ չունի այն ապալեգիտիմացնելու քարոզչության հետ: Անվստահությունը պետք է ողջամիտ այլընտրանքներ առաջարկի: Իսկ մենք ականատես ենք սահմանազատումը մերժելու, այն Հայաստանի համար «կործանարար» գնահատելու նարատիվների գեներացման, որ, բացառված չէ, արտաքին ուղղորդում ունի:

Համեմատությունը կարող է արտառոց թվալ, բայց ավելի քան երկու տասնամյակ գրեթե նույն շրջանակները մշտապես քարոզել են, որ ԼՂ շուրջ տարածքների վերադարձը ոչ թե խաղաղություն, այլ նոր պատերազմ կբերի, և Հայաստանը կդադարի գործոն լինել: Այսօր ամենավտանգավոր նարատիվն այն է, որ ինքնիշխանությունից ինչ-որ բան զիջելով հնարավոր է այլ սահմաններ ունենալ:

Դա փորձ է, որպեսզի արդարացվի ռուսաստանակենտրոն արտաքին քաղաքականությունը: Իբր ամեն ինչ արվել է, որպեսզի ԼՂ-ն հարակից տարածքներով մնա հայկական, բայց 2018-ի իշխանափոխությամբ այդ հնարավորությունը կորսվել է:

Այդ քարոզչությունն ուղեկցվում է Հայաստանի եվրոպական ընտրության դեմ հիմնականում աբսուրդի հասնող քննադատությամբ, հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության դերի նսեմացմամբ:

Հանրագումարում ստանում ենք զգաստացնող պատկեր, ինչին, անշուշտ, գումարվելու է Վրաստանի ընտրությունների «ռուսական արդյունքի» քարոզչությունը: Պաշտոնական Երևանի համար նոր փորձաշրջան է մեկնարկում, որի ալիքը, շատ հնարավոր է, ավելի բարձր լինի, քան մինչ այժմ փորձարկված բոլոր շարժումներինը միասին վերցրած: