02/07/2025

«Խաղաղության պայմանագրի» տարբերակները խմբագրված գտնվում են կողմերի մոտ․ Հարությունյան

«Ի՞նչ ճնշումների մասին է խոսքը»: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողներից հետաքրքրվեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչո՞ւ է Գյումրիում իշխող ուժը ճնշումներ գործադրում:

Մանրամասնելով լրագրողն ասաց. «Նախ Բալասանյանների ընտանիքի հետ կապված քրեական գործը՝ Սև բերդի հետ կապված, դրանից համանուն խմբակցության, այդ թվում՝ նաև քաղաքապետի պաշտոնից հրաժարումը»:

Ըստ լրագրողի՝ կա մեկնաբանություն, որ իշխանությունը փորձում է ճնշումներով վերցնել մանդատը, ինչին Հարությունյանն արձագանքեց, որ դրանք սխալ մեկնաբանություններ են, նման բան չկա:

«Եթե իշխանությունը նման մտադրություն ունենար, վերջին 3 տարիներին ՏԻՄ ընտրությունների ժամանակ շատ ավելի այլ միջոցներ կձեռնարկեր, որը չի ձեռնարկել: Շատ ավելի հեշտ է նախընտրական փուլերում դա իրականացնել, քան հետընտրական: Ճնշումները, ընտրությունների կեղծումը և այդպիսի գործելաոճը մեզ բնորոշ չէ, և այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, բացառապես դատաիրավական համակարգի տիրույթում են կամ քաղաքական»,- ասաց Հարությունյանը:

***

Խաղաղության պայմանագրի շրջանակներում լուրջ առաջընթաց կա:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Ցանկացած խաղաղության պայմանագիր լավ է, երբ կան փոխզիջումներ, երբ զիջումներ են լինում, դրանք արդյունավետ չեն լինում»,- ասաց Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե չհամաձայնեցված կետերի շուրջ ո՞վ է զիջումների գնալու:

Արայիկ Հարությունյանն անդրադարձավ խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ այս պահին տարբերակները խմբագրված գտնվում են կողմերի մոտ:

«Երբ նոր խմբագրումներ լինեն, տարբերակներ կլինեն, փոխանակություն կլինի, և եթե անհրաժեշտություն լինի նոր հանդիպման, դրանք կլինեն»,- ասաց նա:

***

Յուրարքանչյուր փուլի համար Արդարադատության նախարարի թեկնածուների ընտրության պահանջներ կային։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Դուք գիտեք, որ մենք կանգ ենք առել Սրբուհի Գալյանի թեկնածության վրա, որը շատ երկար բարձր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում քաղաքական և ըստ էության, քաղաքական թիմի մաս է»,– ասաց նա։

Դիտարկմանը, որ եթե Գալյանը քաղաքական թիմի մաս է, արդյոք խնդրահարույց չէ, որ նրան բարձր պաշտոն էր տրվել դատախազությունում, Արայիկ Հարությունյանը ասաց. «Ես ասացի՝ քաղաքական պաշտոն է զբաղեցրել, իսկ այդ դեպքում տվյալ ժամանակահատվածի ժամանակ լինում է քաղաքական թիմի մի մաս: Նա եղել է փոխնախարար, որը նույնպես քաղաքական նշանակություն ունի»:

Նշենք՝ հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որտեղ որոշվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։

***

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ հոկտեմբերի 24-ին BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում կայացած հանդիպմանը։

«Բոլոր նման հանդիպումները դրական ենք գնահատում, վստահաբար, միտված ենք նրան, որ առաջիկայում այն գործընթացները, որոնք նախաձեռնվել են, և «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը իրականություն դառնան։ Կարծում եմ՝ նման շփումները օգուտ տալիս են։ Չեմ կարող ասել՝ մեկ կամ երկու քայլ հետ էր, գործընթաց էր, որը գնում է»,- նկատեց նա։

Հարությունյանի խոսքով՝ հնարավորություն կա համաձայնեցնել «Խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը, իսկ հանդիպմանը քննարկվել է սեղանին դրված հարցերի լայն շրջանակը։

***

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ այն քննադատություններին, որոնք կան ՀՀ վարչապետի կողմից Վրաստանի «Վրացական երազանքի» ընտրության կապակցությամբ։

«Եթե Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին, ուրեմն տվյալ ժամանակահատվածում նման քայլը ճիշտ ենք գնահատել»,- ասաց նա։

Հիշեցնենք ՝ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 53.92 %-ը:

«Վրացական երազանքին» հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են Հունգարիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները։ Եվրոպացի եւ ԱՄՆ գործընկերներն էլ կոչ են անում հետաքննել ենթադրյալ ընտրական խախտումները:

Ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը, որոնք միասին շուրջ 38 տոկոս ձայն են ստացել, հրաժարվում են ճանաչել պաշտոնական տվյալներով 54 տոկոս քվե ստացած «Վրացական երազանք»-ի հաղթանակը: