04/11/2024

Նախատեսում ենք Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների այց, որտեղ «Խաղաղության խաչմերուկը» կներկայացվի․ Հարությունյան

«Խաղաղության խաչմերուկի» գաղափարի նախագծի առաջխաղացմանն ենք բավականին աջակցում:

Այս տարի ունեցել ենք համաժողովներ, և այս տարվա վերջում կամ հաջորդ տարվա սկզբին նույնպես նախատեսում ենք ամբողջ տարածաշրջանից տարբեր փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչների հավաք Հայաստանում:

Այս մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Թեպետ բուն թեման «Խաղաղության խաչմերուկը» չի լինելու, բայց նաև դա է արծարծվելու, և առաջիկայում մենք ունենալու ենք իրանցի մեր գործընկերների այց Հայաստան՝ քառօրյա այց, փորձագիտական, որտեղ նաև «Խաղաղության խաչմերուկն» է քննարկվելու, և նախատեսում ենք նաև Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց, որտեղ նաև «Խաղաղության խաչմերուկը» կներկայացվի»,- ասաց նա:

***

Հայաստանի պետական բյուջեից հաջորդ տարի ազգային փոքրամասնություններին հատկացվող գումարի չափը կավելանա շուրջ 25 տոկոսով՝ կազմելով 25 մլն դրամ: 

Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ ազգային փոքրամասնությունների աջակցության ծրագիրը գտնվում է վարչապետի աշխատակազմում: Այս տարի Ազգային փոքրամասնությունների հարցով խորհրդում փոփոխություններ են տեղի ունեցել: Վարչապետի որոշմամբ՝ խորհրդի ղեկավար է նշանակվել աշխատակազմի ղեկավարը:

«Դա նշանակում է, որ կառավարությունն այս ուղղությանն էլ ավելի մեծ ուշադրություն է սկսել դարձնել: Եվ դա արտացոլվել է նաև բյուջեի վրա: Միջոցառման շրջանակներում այս տարի նախատեսված է եղել 20 մլն դրամ, մենք ավելացրել, դարձրել ենք 25 մլն դրամ, ավելացրել ենք շուրջ 25 տոկոսով»,- ասաց Հարությունյանը։

Միջոցառման շրջանակում նախատեսվում է աջակցություն ցուցաբերել 11 ազգային փոքրամասնության 15 հասարակական կազմակերպության՝ վերջիններիս կողմից խորհրդին ներկայացված ծրագրերի ֆինանսավորման հայտերի և համապատասխան հրամանի հիման վրա:

Նա տեղեկացրեց, որ 2024 թվականի նկատմամբ աճը պայմանավորված է կիրակնօրյա դպրոցների, ամառային ճամբարների կազմակերպմամբ, ամսաթերթերի հրատարակության, կայքերի հիմնման կամ զարգացման գործընթացով, ինչպես նաև աշակերտների՝ պատմամշակութային օջախներ այցերի կազմակերպմամբ:

Ըստ Հարությունյանի՝ Ազգային փոքրամասնությունների հարցով խորհուրդը կարևոր նշանակություն ունի ազգային փոքրամասնությունների խնդիրների վերհանման և դրանց լուծման ուղղությամբ:

***

Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն նախորդ տարվա համեմատ կնվազի 632 միլիոն դրամով կամ 2,5 տոկոսով։

Այս ասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ, վարչապետի աշխատակազմի բյուջեն 2025 թվականին կկազմի 24 միլիարդ 365 միլիոն դրամ։

«Ընդ որում, ընթացիկ ծախսերի համար նախատեսված է 20 միլիարդ դրամ, որը 4 տոկոսով ավելի քիչ է, քան 2024 թվականին, իսկ կապիտալ ծախսերի համար նախատեսված է 4 միլիարդ 180 միլիոն դրամ, որը 6 տոկոսով ավելի է, քան 2024 թվականին»,- ասել է Վահե Հովհաննիսյանը։