Ապրիլին 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի աղմկահարույց դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը «հանկարծ» նշանակվել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար:
Հրապարակ թերթը գրել է․ Մրցույթ չի եղել ոչ ապրիլին, ոչ էլ ապրիլից հետո, որովհետեւ Մայր բուհում Հովհաննես Հովհաննիսյանի ռեկտոր նշանակվելուց հետո ընդունված պրակտիկա է դարձել, որ ամբիոնների վարիչները ամիսներով, անգամ տարիներով մնում են ԺՊ: Բուհում այս երեւույթը կապում են իշխանական թեկնածուների անպատրաստ լինելու հետ:
Օրինակ` ամբիոնի վարիչ դառնալու համար կան հստակ պահանջներ` 5 ուսումնական տարվա ընթացքում պետք է նվազագույնը հինգ գիտական հոդված հրապարակած լինի տվյալ անձը` ԲՈԿ-ի կողմից հաստատված ամսագրերից մեկում, կամ ունենա հեղինակային մենագրություն եւ այլն:
Իսկ իշխանության ցանկալի թեկնածուներն այս պահանջներին չեն համապատասխանում, ուստի ժամանակ են ձգում, մինչև այդ հոդվածները տպագրվեն, կամ ստաժի ու կոչման բացը լրացվի եւ անձը համապատասխանի չափանիշներին: Սմբատ Հովհաննիսյանի օրինակը դրա վառ ապացույցն է:
Մենք կապվեցինք Սմբատ Հովհաննիսյանի հետ: «Ապրիլից ԺՊ եմ, նախկին ամբիոնի վարիչը չի ցանկացել շարունակել…. Ոչ մի այլ բան չգիտեմ մրցույթ և այլն, համալսարանից ճշտեք», – նշեց Հովհաննիսյանը:
2021 թվականի նոյեմբերից ի վեր ամբիոնի վարիչ չի նշանակվում նաև ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Լուսահոգի Մուշեղ Հովսեփյանի մահվանից հետո Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնում ԺՊ-ների շքերթ է, նախ դեկան Նաղաշ Մարտիրոսյանն էր մոտ երկու տարի ամբիոնի վարիչի ԺՊ-ն, հետո Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը դարձավ ԺՊ, ով գործուղվել է մայր բուհ թերեւս իր պաշտոնի շնորհիվ: Ֆակուլտետի դասախոսներից մեզ հետ զրույցում պատմել էին, որ իշխանությունները ցանկանում են ամբիոնի վարիչ կարգել ոմն Նանե Վարդանյանին, սակայն քանի որ Վարդանյանն էլ չի համապատասխանում ամբիոնի վարիչ դառնալու պարտադիր պայմաններին, ուղիղ երեք տարի է այս ամբիոնը չունի վարիչ:
Այժմ նույն պատկերը Համաշխարհային պատմության ամբիոնում է: Ուղիղ յոթ ամիս է Սմբատ Հովհաննիսյանը ամբիոնի վարիչի ԺՊ է եւ դրան հասել է բացառապես իր «գրած» դասագրքերի շնորհիվ: Թե մայր բուհի խոսնակը և թե Պատմության ֆակուլտետի նորանշանակ դեկանը` Միքայել Գաբրիելյանը, ով ի դեպ պատերազմից հետո ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս, հարցազրույցներ էր տալիս իշխանությունների դեմ, այսօր մեզ ասաց. «Ես տեղյակ չեմ, թե ինչու մրցույթ չի հայտարարվել, միայն կարող եմ ասել, որ ժամանակավոր պաշտոնակատարի պահանջներին համապատասխանում է: Մնացած բոլոր ընթացակարգային հարցերն իմ իրավասության տիրույթում չեն, դիմեք ԵՊՀ լրատվական», – նշեց դեկանը:
Բայց ֆակուլտետ գիտական խորհուրդն է ընտրում ամբիոնի վարիչին, այլ ոչ թե ԵՊՀ ադմինիստրացիան կամ ռեկտորը: ԵՊՀ խոսնակ Քնարիկ Միսակյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ միայն կարող է ասել, որ Սմբատ Հովհաննիսյանը ԺՊ է ապրիլից, այլ տեղեկություն չունի այս մասին:
Ի վերջո չկա՞ն այլ թեկնածուներ ամբիոնի վարիչի համար, որն ի դեպ, այս ֆակուլտետի ամենածանրակշիռ ամբիոններից է: ֆակուլտետի ուսանողներից մեկը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Հովհաննիսյանը չունի մրցակից` որեւէ մեկը չի հավակնում այդ պաշտոնին, բայց Հովհաննիսյանն ուսանողների կողմից, մեղմ ասած, այնքան էլ սիրված դասախոս չէ և նրա` ամբիոնի վարիչի ԺՊ դառնալը ուսանողները բավականին վատ են ընդունել:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Մենուա Սողոմոնյանից էլ հարցրինք` ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ մայր բուհում անժամկետ ԺՊ-ներ են նշանակվում, մրցույթներ չեն արվում և բոլորը ԺՊ-ները մի տաօրինակ զուգադիպությամբ ՔՊ-ի կցորդներն են, ի դեպ Մենուա Սողոմոնյանին այս տարվա սեպտեմբերից համալսարանից հեռացրել էին` քաղաքական հայացքների պատճառով, սակայն այսօրվանից նա վերականգնվել է իր աշխատանքում, Սողոմոնյանը մեզ հետ զրույցում նշեց. «Առանձնապես զարմանալի բան չկա, ամեն բան իրենց ձեռքին է և մեխը, և «չագուչը», այս ամենն անմեկնաբանելի է: ԵՊՀ-ում նման դեպք չի եղել, որ երեք տարի շարունակ ամբիոնում վարիչ չնշանակվի և շարունակ ԺՊ-ն ղեկավարի: Դա արդեն ԺՊ չէ, կառավարման ձախողման արդյունք է, սա խախտում է ու չի կարող լինել նման բան, բայց դե քանի որ «Հայկական ժամանակ»-ի երկրում ենք այժմ ապրում, այդ պարագայում ամեն ինչ էլ նորմալ է: Սովորաբար ամբիոնի վարիչի թեկնածուն կամ ինքնաառաջադրվում է, կամ էլ ամբիոնն է առաջադրում, գիտական խորհուրդը քվեարկում է և նշանակվում է վարիչ:
Ֆակուլտետի գիտական խորհրդի որոշումը հետո բուհի գիտական խորհուրդն է հաստատում: Եթե ինչ-որ մեկի` համալսարանում հայտնվելը, դասավանդելը, ամբիոնի վարիչի ԺՊ դառնալը պայմանավորված է իր քաղաքական լոյալության հանգամանքով, ապա դա խիստ դատապարտելի է: ԵՊՀ-ում կա՞ն այդպիսիք, այո, կան` հենց առաջին հերթին ռեկտորն է այդպիսին: Սա շատ դատապարտելի երևույթ է: Այս իշխանություններն իրենց բոլոր խոստումները դրժել են: Հովհաննես Հովհաննիսյանի կառավարման շրջանն ու Արամ Սիմոնյանի կառավարման շրջանն անգամ չեմ կարող համեմատել»:
Բաց մի թողեք
3 միլիոն դրամը փող չԷ՞․ Լուսանկար
Նարեկ Զեյնալյանը կնշանակվի Առողջապահության նախարար․ Լուսանկար
Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են