Իսրայելի նախագահ Հերցոգը մասնակցելու է Բաքվում կայանալիք Cop29-ի գագաթնաժողովին: Հերցոգն այդ մասին հայտարարելուց զատ արել է մեկ այլ ուշագրավ հայտարարություն:
Նա ասել է, որ բացի բուն առիթով մեկնելուց, մեկնում է նաև տարածաշրջանային գործակցություն կառուցելու համար, մի ժամանակաշրջանում, երբ «չարիքի առանցքը» փորձում է շրջափակել Իսրայելը բոլոր կողմերից: Հերցոգը «չարիքի առանցք» ասելով նկատի ունի Իրանին: Փաստորեն, Իսրայելի նախագահը հայտարարում է, որ Կլիմայի գագաթնաժողովի առիթով մեկնելով Բաքու, իրականում և գործնականում մեկնում է հակաիրանական օրակարգով:
Մի կողմ թողնենք նրա հայտարարությունը, թե Իրանը փորձում է շրջափակել Իսրայելը բոլոր կողմերից: Գործնականում, Իսրայելն է փորձում բոլոր հնարավոր կողմերից թիրախավորել Իրանն ու ներքաշել ռեգիոնալ այնպիսի ռազմական բախման մեջ, որը անմասն չի թողնի նաև Միացյալ Նահանգներին:
Իսրայելն այդ կերպ փորձում է Նահանգներին թույլ չտալ ռեգիոնալ քաղաքականության ռազմավարական վերանայում, որը, թերևս, անխուսափելիորեն ենթադրելու է Իսրայելի բացառիկության սահուն չեղարկում, երբ Վաշինգտոնն իր ռեգիոնալ գործակցությունը կկառուցի մերձավորարևելյան մեծ ռեգիոնում ուժերի նոր բալանսի, հետևաբար նաև նոր դերակատարների վրա, այդ թվում՝ արաբական պետությունների:
Ադրբեջանն Իսրայելի այդ նպատակների համատեքստում «սև օրվա համար» պահված ռեսուրսն է, և Իսրայելի նախագահի հայտարարությունը՝ Cop29-ի մեկնելու առիթով, ըստ էության՝ ստեղծում է տպավորություն, որ Թել Ավիվն ավելի գործնական է մտածում «սև օրվա համար պահածը» գզվրոցից հանելու և օգտագործելու մասին: Գուցե հնչի փոքր-ինչ կտրուկ, բայց Հերցոգը, թերևս, մեկնելու է Բաքու՝ հետգագաթնաժողովային արկածախնդրության հրամանն արձակելու համար, կամ առաջարկ անելու, որից՝ Իսրայելի կարծիքով, Ալիևը հրաժարվել չի կարող:
Ռիսկերի ուժգնացման մասին խոսել է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, որը հերթական այցն է կատարել Սյունիք, Ներքին Հանդ, լրագրողների հետ զրույցում ասելով, թե կա Սյունիքի ուղղությամբ Ադրբեջանի հարձակումների կրկնության վտանգ: Նախօրեին Ադրբեջանի նախագահի օգնական Ամիրբեկովը հանդիպումներ էր ունեցել Լոնդոնում, այդ թվում՝ անվտանգության ոլորտի պաշտոնյաների հետ: Հնարավոր է, որ կուտակվող լիցքերն է քննարկել Հայաստանի անվտանգության խորհուրդը, որը հոկտեմբերի 30-ին նիստ է անցկացրել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկել ներքին ու արտաքին հարցեր:
Իլհամ Ալիևը կմնա Ռուսաստան-Իրան Հյուսիս-հարավ առանցքո՞ւմ, թե՞ կմիանա «չարի առանցքի» դեմ Իսրայելի առաջարկին, որ կներկայացվի Բաքվին Cop29-ի ընթացքում: Հերցոգի հայտարարությունը, համենայն դեպս հուշում է, որ Իսրայելը պահանջելո՞ւ է Արցախի դեմ 44-օրյա պատերազմի համար Ալիևի պարտքը:
Բաց մի թողեք
Ազգությամբ թուրք առաջին պաշտոնյան ԱՄՆ կառավարության կազմում. ով է Մեհմեթ Օզը. Լուսանկար
Բայդենի բռունցքի վերջին ուժը Ռուսաստանի վրա՝ Թրամփին իշխանությունը փոխանցելուց առաջ
Թբիլիսիում ի՞նչ է ծրագրվում, հեղաշրջում կլինի՞