22/11/2024

ԱԽ նիստը անցկացվում է ներիշխանական ինտրիգների «շքերթի» պայմաններում, ինչ կար ․․․

Հոկտեմբերի 30-ին Երևանում տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը սուղ է՝ քննարկվել են ներքին ու արտաքին քաղաքականության հարցեր:

Ընդ որում` նշվում է, որ նիստը հերթական է, ըստ երևույթին՝ ավելորդ ինտրիգ չառաջացնելու համար: Նիստը գուցե և հերթականն է, բայց այն տեղի է ունենում, այդուհանդերձ, բավականին ինտրիգային ժամանակաշրջանում: Եվ բանը միայն այն չէ, որ ԱԽ նիստը անցկացվում է ներիշխանական ինտրիգների «շքերթի» պայմաններում: Բավականին ինտրիգային է իրավիճակը Հայաստանի շուրջ:

ԱԽ նստը տեղի է ունենում մի շարք էական իրադարձությունների ֆոնին, որ ուղղակի, թե անուղղակի առնչվում են Հայաստանին: Հոկտեմբերի 24-ին Կազանում տեղի ունեցավ ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովը, որին մասնակցում էին Փաշինյանն ու Ալիևը: Տևական դադարից հետո տեղի ունեցավ նրանց առանձնազրույցը՝ մեկ ժամից ավելի: Իսկ Կազան այցին նախորդել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ օգնական, ԱՄՆ անվտանգության խորհրդի եվրոպական բաժնի պատասխանատու Մայքլ Կարպենտերի այցը Ադրբեջան ու Հայաստան, որի ընթացքում նա Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Ջո Բայդենի նամակները:

ԱՄՆ նախագահը դրանցում հորդորում էր երկու կողմին աշխատել խաղաղության պայմանագրի տեքստն ավարտելու և այս տարի ստորագրելու ուղղությամբ՝ միաժամանակ խոսվելով այն մասին, որ ԱՄՆ այդ առումով ունի առաջարկներ: Դրանք, հավանաբար, ներկայացրել է Մայքլ Կարպենտերը, որոնք լսելուց անմիջապես հետո Փաշինյանն ու Ալիևը փաստորեն մեկնել են Կազան ու այնտեղ ունեցել առանձնազրույց: Ընդ որում՝ Փաշինյանը Կազանում Ալիևից բացի առանձնազրույց է ունեցել նաև Իրանի նախագահի հետ՝ Ալիևի հետ հանդիպումից ժամեր առաջ:

Պուտինի հետ հրապարակային հանդիպում չեն ունեցել թե Փաշինյանը, թե Ալիևը: Բայց, կարո՞ղ էր նրա հետ չլինել ոչ մի շփում, այն դեպքում, երբ հայտնի էր ԱՄՆ-ից ստացած առաջարկների մասին: Ավելին, չի բացառվում, որ ԱՄՆ հենց Կազան այցը հաշվի առնելով էլ դրանք ներկայացրել էր Կազանից առաջ, ոչ թե հետո: Այսինքն, պատկերացնելով, որ այնտեղ դրանք կարող են քննարկվել թե Իրանի, թե Ռուսաստանի հետ:

Կազանում հանդիպումից հետո՝ հոկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը ստորագրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման կանոնակարգը, որը մինչ այդ վավերացման գործընթաց էր անցել Հայաստանի ՍԴ-ում, խորհրդարանում և հոկտեմբերի 24-ին հաստատվել նախագահի ստորագրությամբ: Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանում չի եղել ներպետական այդպիսի ընթացակարգ և փաստորեն Կազանի հանդիպումից հետո Ալիևը հաստատել է կանոնակարգն իր ստորագրությամբ: Գրեթե չկա կասկած, որ այդ ստորագրությունը եղել է պայմանավորվածությունների մի ավելի ընդգրկուն համակարգի մաս: Որքան ընդգրկուն, ասելը բարդ է: Սակայն, այդ իրադարձություններից հետո Երևանում անցկացված ԱԽ նիստը վկայում է հենց այդ մասին:

Նիկոլ Փաշինյանը ի՞նչ է ներկայացրել նիստի մասնակիցներին: ԱՄՆ առաջարկնե՞րը, թե՞ դրանց հիման վրա կամ դրանց հակառակ՝ որևէ պայմանավորվածություն Կազանում: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Բայդենը Նիկոլ Փաշինյանին հղած նամակում խոսում էր փոխզիջումների անհրաժեշտության մասին: Երբ փոխզիջման մասին հիշեցնում են Ալիևին, դա հասկանալի է՝ առավելապաշտությունից ոչ մի քայլ չնահանջող Ալիևի պարագայում փոխզիջումն անհրաժեշտ է:

Բայց էլ ի՞նչ փոխզիջում է ակնկալվում անընդհատ նահանջող ու գրեթե ամեն ինչ փոխզիջած Հայաստանից: Փաշինյանն ԱԽ-ին ներկայացրել է այդ փոխզիջման ակնկալի՞քը, թե միանգամից՝ դա բավարարելու անհրաժեշտությունը: Ի՞նչի համար էր այդ ֆոնին Սյունիք մեկնել Ֆրանսիայի դեսպանը, որտեղ օգտագործելով լրագրողների հետ շփման հնարավորությունը՝ նա չխորշեց բարձրաձայնել Ադրբեջանի նոր հարձակման վտանգի մասին: Միևնույն ժամանակ, մինչ Ֆրանսիայի դեսպանը Սյունիքում տեսնում էր նոր հարձակման վտանգ, Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը խորհրդարանում լրագրողներին ասել է, որ Երևանը տեսնում է խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը համաձայնեցնելու հնարավորություն:

Բայց պարզ է, որ միայն Երևանի տեսնելը քիչ է, պետք է հասկանալ, թե արդյո՞ք նույնը տեսնում է Բաքուն: Առայժմ չկա հիմք եզրակացնելու, որ Երևանի և Բաքվի տեսողության աստիճանները նույնն են: Այդ դեպքում ինչի՞ վրա է հիմնվում Երևանի լավատեսությունը՝ հետնաբեմային պայմանավորվածությունների՞, թե՞ «դատապարտվածության»: Բայց չէ՞ որ խոսքը վերաբերում է մի հարցի, որի առնչությամբ որևէ հետնաբեմային պայմանավորվածություն անհնարին է իմպլեմենտացնել առանց հրապարակայնության: Այդտե՞ղ է «դատապարտվածության» զգացումը: