Թուրքիայի նախագահի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` Էրդողանն ասել է. «Հարավային Կովկասում մշտական խաղաղությանն ուղղված մի բացառիկ հնարավորություն է բացվել։ Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի`այս ուղղությամբ անկեղծ ջանքերին։ Տևական խաղաղությանն ուղղված մի բացառիկ շրջան է ձևավորվել։ Մենք կշարունակենք կոորդինացված աշխատել մեր ադրբեջանցի եղբայրների հետ»։
Ընդսմին` Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում հյուրընկալվել են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները և վերահաստատել այդ հարթակն «ինստիտուցիոնալ կառույցի վերածելու» Անկարայի մտադրությունը:
Կարելի է ենթադրել, որ այդ նախաձեռնությունը հետապնդում է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու նպատակ, բայց դա, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի տրամաչափի խնդիր չէ: Հետաքրքիր է, որ Թուրքիայի կառավարության նիստի հաջորդ օրը Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Սուլեյմանովը սոցիալական X հարթակում հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Ամիրբեկովն այցելել է Լոնդոն:
Ըստ դեսպանի՝ Ամիրբեկովը հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության խորհրդական Բարոուի, նախարար Դաութիի, խորհրդարանի անդամների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, որպեսզի քննարկի երկկողմ հարաբերությունները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը և COP29-ը:
Ամիրբեկովի բանակցությունների մասին Ադրբեջանի արտգործնախարարությունը և նախագահի աշխատակազմը տեղեկություն չեն տարածել: Ըստ երևույթին, ադրբեջանցի պաշտոնյայի հետ քննարկումներին չի անդրադարձել նաև բրիտանական կողմը: Համենայն դեպս, միջազգային լրահոսում այդ առթիվ որևէ տեղեկատվություն չի հանդիպում:
Ամիրբեկովը, ինչպես երևում է նրա ուղևորությունների աշխարհագրությունից և մամուլի հետ շփումներից, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ է «եվրոպական-արևմտյան ճակատում»: Այս առումով նրա լոնդոնյան այցը կարելի էր համարել դիվանագիտական «առտնին աշխատանքի» ևս մեկ դրսևորում, եթե չլիներ մի չափազանց կարևոր հանգամանք:
Հոկտեմբերի 30-ին Թուրքիայի ԱԳՆ –ն սոցիալական X հարթակում ընդամենը մեկ նախադասությունից կազմված գրառում է կատարել. «Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը հանդիպել է բրիտանացի պաշտոնակից Դևիդ Լեմին, բանակցություններն ընթացել են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում»,– փոխանցվել է «Անադոլու» գործակալությունը:
Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնացի և Թուրքիայի արտգործնախարարի լոնդոնյան գրեթե համաժամանակյա այցը թուրք-ադրբեջանական կոորդինացված աշխատանքի դրսևորո՞ւմ է, թե՞ Մեծ Բրիտանիան է ձգտում կոորդինացել Հարավային Կովկասի կարգավորումը:
Կամ, եթե մի փոքր կոպիտ ձևակերպվի՝ Լոնդոնը Բաքվից և Անկարայից «հաշվետվություն է պահանջում» հայ-ադրբեջանական կամ հարավ-կովկասյան կարգավորման «առաջընթացի» համար, թե՞ իր տարբերակը կամ մոտեցումներ է առաջարկում:
Եթե Լոնդոնը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ստատուս-քվոյի հաստատման «խաղի մասնակից» է դառնում, ապա ի՞նչ կարգավիճակով: Որպես ինքնուրույն դերակատար: Ամիսներ առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթամերը փորձել է Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպել: Նման հանդիպում կայացել է Կազանում:
Բաց մի թողեք
Բելգիացի քաղաքական գործիչները Ադրբեջանին կոչ են արել դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից
Զանգեզուրի միջանցքի շուրջ նոր խմորումներ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև
Ինչ է փնտրում հայ ադրբեջանական հարաբերություններում Գերմանիան