«Արտաքին գործերի նախարարության ջանքերը ուղղված են եղել և 2025 թվականին էլ կլինեն ՀՀ-ի շուրջ խաղաղ և կայուն միջավայրի ձևավորմանը: Բնականաբար առաջին հերթին խոսում ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին և պետք է ասեմ, որ 2024 թվականին այստեղ ունեցել ենք շատ շոշափելի արդյունք»:
Այս մասին ԱԺ-ում բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Առաջին հերթին միջպետական սահմանի սահմանազատման ուղղությամբ, ապրիլին ստորագրել ենք համատեղ փաստաթուղթ՝ երկու հանձնաժողովների ղեկավարների՝ փոխվարչապետերի միջև, և ապա ստորագրվել է հանձնաժողովների համատեղ աշխատանքի Կանոնակարգը, որը վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից, իրենց կողմից էլ իրենց համապատասխան ընթացակարգերն է անցել, և առաջիկայում ըստ էության կողմերը կծանուցեն միմյանց կանոնակարգի ուժի մեջ մտնելու վերաբերյալ, որից հետո հուսամ սահմանազատման աշխատանքները կշարունակվեն»,- ասաց Միրզոյանը:
Խոսելով Խաղաղության պայմանագրի մասին Միրզոյանը նկատեց՝ պետք է զգուշավոր լավատեսությւոն հայտնի, որ մոտ ապագայում կհաջողվի նաև համաձայնության գալ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված 1-2 ձևակերպումների շուրջ, որից հետո պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման:
«Գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը նախապայման է առաջարկել այն մասին, որ ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային որոշակի պահանջ իրենց տարածքի նկատմամբ, մենք այս թեզը համարում ենք կատարելապես անհիմն և ունենք արդեն ՍԴ որոշումը, որն արձանագրեց՝ Ալմաաթիի սահմանազատումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Սա գալիս է փարատելու բոլոր մտահոգությունները»,- ասաց նա:
Նա շեշտեց, որ մյուս ուղղությունը տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն է և, որ այս առումով ևս քայլեր են արվել:
«Մենք ադրբեջանական կողմին առաջարկներ ենք փոխանցել, որոնք կիսապաշտոնական մակարդակով ողջունվել են: Այստեղ ևս որոշակի դրական մթնոլորտ կա: Մեր սկզբունքներն այս առումով այն են, որ բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապաշրջափակվեն պետք է մնան այն երկրների ինքնիշխանության ներքո և գործեն այն երկրների օրենսդրության համապատասխան, որոնց տարածքով անցնում են:
Սա արտացոլված է մեր կառավարության ներկայացրած խաղաղության խաչմերուկ ծրագրում: Բազմաթիվ երկրներ և միջազգային գործընկերներ ողջունել են խաղաղության խաչմերուկը»,- ընդգծեց նախարարը:
Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն։,- ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանը։
«Հիշում եք, որ երկու երկրների փորձագետները աշխատանքներ էին տարել սահմանին գտնվող անցակետի ենթակառուցվածքների վիճակը գնահատելու շուրջ։ Հիմա այդ աշխատանքները տարվելու են Կարս-Գյումրի երկաթուղային անցման հետ կապված, ենթակառուցվածքների գնահատման ուղղությամբ»,- նկատեց նա։
Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ երկխոսությունն այն մասին է, որ երկու երկրները պետք է հաստատեն դիվանագիտական հարաբերություններ, բացեն սահմանները, ունենան տրանսպորտային և այլ հաղորդակցություն, կարգավորեն իրենց հարաբերությունները։
«Թուրքիան այս գործընթացը որոշակիորեն կապում է Ադրբեջանի հետ, մեր գնահատմամբ սա այնքան էլ կառուցողական մոտեցում չէ, և մենք մեր երկխոսությունում Թուրքիայի հետ ունենք կոնկրետ պայմանավորվածություններ, և այլն։ Կան փոքրամաշտաբ համատեղ որոշակի նախագծեր, օրինակ, Անիի մշակութային ժառանգության հետ կապված, այստեղ ևս կա դինամիկ երկխոսություն և ուզում եմ կրկին լավատեսություն հայտնել, որ մոտ պարագայում կունենանք առաջընթաց»,- նկատեց նա։
COP 29-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցությունը հաստատված չէ,- ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանը։
Նշենք՝ COP29 գագաթնաժողովը նոյեմբերին կկայանա Բաքվում։ Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովին”
COP29-ը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի նստաշրջանն է։
Բաց մի թողեք
Հանրապետության մետրոյի տարածքում հերթական օրինակ, թե ինչպես համակարգը չի գործում քաղաքացիների շահերի համար
«Նիկոլ Փաշինյանը շուտով կպարտվի «Հայաստանը ես եմ»-ին». Սարգսյան
Փաշինյանի կառավարությունը ներսից քանդում է Հայաստանը․ Սասունյան