22/11/2024

Պահեստազորի որակյալ ռեսուրսը կներգրավվի ԶՈւ կարևոր ուղղություններում. Սուրեն Պապիկյան

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում լրացում կատարելը կնպաստի որոշակի զորամասերում, սահմանամերձ հատուկ կարևորություն ունեցող ուղղություններում միջին ու ցածր օղակների զինվորական պաշտոնների համալրման գործընթացին:

Այս մասին ԱԺ-ում այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ նախագիծը նպատակ ունի պահեստազորում գտնվող որակյալ ռեսուրսը ներգրավել Զինված ուժերի կարևոր ուղղություններում, մասնավորապես, սահմանային զորամասերում ու հատուկ կարևորություն ունեցող զորամասերում։

«Օրինակ կարող ենք բերել անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ զորամասերը, մեզ համար մեծ կարևորություն ունեն կապի ոլորտը, հակաօդային պաշտպանությունը, հետախուզությունը, այսինքն՝ մարդիկ, ովքեր ունեն գիտելիք ու փորձ և արագ կարող են համալրել ԶՈՒ շարքերը»,- ասել է նախարարը։

Ըստ նրա՝ ՊՆ-ն խրախուսում է, որ պահեստազորից կարողանան համալրել կարևոր զորամասերը։

Պաշտպանության նախարարի խոսքով՝ ՊՆ կադրերի վարչությունը կկապվի պահեստազորի զինծառայողների հետ, զորամասերի ցանկը չի լինի հրապարակային, բայց կհաստատվի ԱԺ-ի կողմից հաստատվելուց ու ուժի մեջ մտնելուց հետո։

Հիշեցնենք՝ Հայաստանում աշխարհազորի համակարգը կվերակազմակերպվի տեղական պաշտպանության ուժերի ներդրմամբ։

Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 31-ի նիստի ժամանակ։