22/11/2024

Կթողարկվեն My fare տրանսպորտային քարտեր, վստահ եմ, որ հունվարի 1-ից միասնական տոմսային համակարգը կմտնի ուժի մեջ. Ավինյան

Միասնական տոմսային համակարգը ներդրվում է Երևանում որակյալ հանրային տրանսպորտ ունենալու համար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով. «Պիտի երբեք ետ չգնալ այն տրամաբանությանը, որ առաջ կար»։

Ավինյանը նաև տեղեկացրել է, որ հանդիպել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ և քննարկել միասնական տոմսային համակարգի լիարժեք ներդրմանն ընդառաջ տրանսպորտից բանկային քարտերից օգտվելու հնարավորությունը: Դրանով հնարավորություն է լինելու տրանսպորտի համար վճարել բանկային քարտով և տերմինալներով։

Շուտով թողարկվելու են նաև My fare տրանսպորտային քարտերը, որոնք դառնալու են անվանական։ Լինելու են տարբեր խմբեր, որոնք օգտվելու են զեղչային համակարգերից:

«Ես վստահ եմ, որ հունվարի 1-ից միասնական տոմսային համակարգը կմտնի ուժի մեջ»,- ասել է Ավինյանը։

Տիգրան Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հատկապես պիկ ժամերին Երևանի մետրոյում արձանագրվող կուտակումներին:

«Մենք տարեցտարի ավելացնում ենք շարժակազմերը, վստահեցնում եմ՝ միասնական տոմսային համակարգի անցումը ևս, ընթացիկ շարունակական զարգացման տեսանկյունից, շատ հնարավորություններ է տալիս»,- ասել է քաղաքապետը:

Ավինյանը որպես օրինակ նշել է «Շտապօգնության» ծառայությունը: Այն նախորդ տարի 75 մլն դրամ պարտք է ունեցել, իսկ 2024-ին, ընդհակառակը, փակել է պարտքերն ու վաստակել 75 մլն դրամ:

««Շտապբուժօգնության» ծառայությունը պլանավորում է իր շարժակազմերն ավելացնել։ Նույնը տեղի է ունենալու նաև մետրոպոլիտենում, ավտոբուսում, տրոլեյբուսում»,- համոզմունք է հայտնել Ավինյանը։

Նկատենք, որ այսօր՝ Երևանի հանրային տրանսպորտի ուղևորավարձի վճարումը պարտադիր 100 դրամանոց մետաղադրամի կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով կատարելու մեկնարկին, Երևանի մետրոյի տարբեր կայարաններում հսկայական հերթեր են գոյացել:

Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ այսօր՝ նոյեմբերի 1-ին, շատ դեպքերում մարդիկ պարզապես չեն վճարել տրանսպորտի ուղևորավարձը:

Այս համատեքստում նա շեշտել է, որ միջոցներ են կիրառվելու. «Գրանցել ենք, որ շատ դեպքերում տեղի են ունեցել չվճարումներ, բազմաթիվ նմանատիպ դեպքեր կան, երբ արձանագրում ենք՝ մարդիկ չեն վճարել, և այստեղ որոշակի միջոցներ և մեթոդներ կիրառելու ենք»:

Գործընթացը, ըստ Ավինյանի, կարևոր էր սկսել միասնական տոմսային համակարգին անցնելուց առաջ, որպեսզի բացահայտեին բոլոր խնդիրները։

«Հունվարի 1-ից ունենալու ենք ամբողջական աշխատող միասնական տոմսային համակարգ, և ավտոբուսի ներսում կանխիկ վճարումներ հնարավոր չի լինի անել: Շատ կարևոր էր այս գործընթացը սկսել հենց բուն, ամբողջական միասնական տոմսային համակարգին անցնելուց մի փոքր ավելի շուտ, մենք սկսել ենք այս գործընթացը 2 ամիս շուտ, որպեսզի բացահայտենք բոլոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ, և փաստի առաջ չկանգնենք հունվարի 1-ին»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա:

Հարցին, թե չվճարելու հանգամանքը միգուցե պայմանավորված է եղել տեխնիկական խնդրի հետ, Ավինյանն ասել է՝ ոչ, պարզապես չեն վճարել, ինչն ունենալու է իր համարժեք հետևանքն ու կանխարգելիչ քայլերը։

Նոյեմբերի 1-ից Երևանի հանրային տրանսպորտի ուղևորավարձի վճարումը պարտադիր պետք է կատարել 100 դրամանոց մետաղադրամի կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով։