26/12/2024

Ապօրինի գույքի բռնագանձման 3 վճիռ կա. կեղծ և մանիպուլյատիվ պնդումները Սրբուհի Գալյանի մասին

Ռոբերտ Քոչարյանի անվան հետ աֆիլացված 5-րդ ալիքը ռեպորտաժ է պատրաստել արդարադատության նախարարի ընտրության մասին։

Ռեպորտաժում նախ ասվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ պաշտոնի համար ակնհայտ նախընտրություն է ունեցել՝ գլխավոր դատախազի տեղակալ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը համակարգող Սրբուհի Գալյանը։ Ապա լրագրողը ընդգծված և վստահ հայտարարում է՝ «Փաշինյանի թիմի իշխանության ավելի քան 6 տարիներին ապօրինի գույք վերադարձնելու որևէ դատական ակտ չկա»։

Նախորդ օրն էլ ԱԺ-ում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին ճեպազրույցի ընթացքում մեկ այլ լրագրող է հարցնում՝ «ոչ մի դատական վճիռ դեռ չկա. դա մեծ հաջողությո՞ւն եք որակում»։

Այս պնդումները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վճիռ կա՛. մեկի փոխարեն՝ երեքը։

Դրանցից առաջինը վերաբերում է Գագիկ Ծառուկյանի փեսային և դստերը, երկրորդը՝ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լյովա Սարգսյանին փոխկապակցված անձ Գևորգ Վարդանյանին։ Երրորդը վերաբերում է Սուրեն Գաբրիելյանին։

Առաջին վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 260 մլն դրամ։

Երկրորդ դեպքով դատարանը վճռել է Գևորգ Վարդանյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել մոտ 163 մլն 850 հազար դրամի անշարժ գույք, 28 մլն 109 հազար դրամ գումար և երկու ՍՊ ընկերություններում մասնակցություն։

Երրորդ վճռով պատասխանողից կբռնագանձվի շուրջ 350 մլն դրամի գույք։

Բացի դրանից՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով կայացել են նաև հաշտություններ. դրանք 6-ն են։ Դրանց հիման վրա Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել ընդհանուր 7 անշարժ և 1 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 687 մլն դրամ:

Ռեպորտաժում անդրադարձ կա նաև Սրբուհի Գալյանի ունեցվածքին։

Ի դեպ, ռեպորտաժի վերնագրում նշված է՝ «գլխավոր դատախազի միլիոնատեր տեղակալը՝ արդարադատության նախարար»։ Բովանդակությունում, սակայն, նշվում է՝ Սրբուհի Գալյանը դրամային միլիոնատեր է։ Իսկ հաշվի առնելով դրամի և դոլարի փոխարժեքները՝ կարելի է ասել, որ վերնագիրը ոչ թե մանիպուլյատիվ է, այլ՝ կեղծ։ Չնայած սուտ չէ՝ Սրբուհի Գալյանը իրոք դրամային միլիոնատեր է, սակայն վերնագիրը ակնհայտորեն դոլարային միլիոնատիրոջ ասոցիացիաներ է ստեղծում, քանզի մեկ միլիոն դրամի ունեցվածքն անգամ մարդուն միլիոնատեր է դարձնում։ Այս տրամաբանությամբ հանրապետության բնակչության 90 և ավելի տոկոսը, ով ունի մեկ միլիոն դրամ և ավելի գումար կամ գույք՝ միլիոնատեր է։

5-րդ ալիքը, այսպիսով, փորձում է ներկա պաշտոնյաներին հավասարեցնել իր հետ փոխկապակցված դոլարային միլիոնատեր Ռոբերտ Քոչարյանին, որի մասին հանրության ընկալումը միանշանակ է։ ՀՀ քաղաքացիները հստակորեն պատկերացնում են, թե ինչ ճանապարհով են Ռոբերտ Քոչարյանն ու իր ընտանիքը դիզել իրենց ունեցվածը։ Ի դեպ, նշենք, որ նրանք ևս ապօրինի գույքի բռնագանձման գործով «շահառուներ են»։ Նրանցից ևս դատախազությունը պահանջում է բռնագանձել կուտակած ապօրինի ունեցվածքը։

Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված 7 անձանցից (ընտանիքի անդամներից) հօգուտ ՀՀ-ի պահանջում է բռնագանձել 25 միավոր անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան և արտասահմանյան 16 իրավաբանական անձում, ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդ-արժեթուղթ, շուրջ 10 միլիարդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 35 միլիարդ դրամ։

Ահա Քոչարյանների դեպքում լիարժեքորեն կարելի է օգտագործել միլիոնատեր եզրույթը՝ դոլարային, և՝ ոչ մեկ կամ մեկ տասնյակ։

Իսկ Սրբուհի Գալյանը 2023 թվականին հայտարարագրել է տարեկան 33 մլն դրամ, մեկ հողամաս և երկու բնակարան։

Նշենք, որ հուլիսի 29-ի դրությամբ դատարան է ներկայացվել ապօրինի գույքի բռնագանձման պահանջով 106 հայցադիմում։ Այս հայցադիմումներով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հօգուտ ՀՀ-ի պահանջում է բռնագանձել 1150 անշարժ և 225 շարժական գույք, 300 իրավաբանական անձում մասնակցություն։ Բոլոր հայցադիմումների հանրագումարային արժեքը 559 մլրդ 687 մլն դրամ է։ Այս գումարում ներառված չէ իրավաբանական անձանցում մասնակցության, նաև մի շարք գույքերի արժեքները։

Վովա Հակոբյան; https://civic.am/