07/12/2024

Բաքվում COP29-ին Եվրախորհրդարանի պատգամավորները կմասնակցեն հատուկ հեռախոսներով և համակարգիչներով

Բաքվում COP29-ին մասնակցող Եվրախորհրդարանի պատգամավորներին հատուկ հեռախոսներ և համակարգիչներ կտրամադրվեն՝ հաքերային հարձակումներից պաշտպանվելու համար: Այս մասին Euronews-ին ասել է Եվրախորհրդարանի Կանաչների խմբակցության ներկայացուցիչ, գերմանացի պատգամավոր Մայքլ Բլոսը։

«Անվտանգության հարցերով մեր խորհրդականները մեզ զգուշացրել են, որ մեր սարքավորումներն ամենայն հավանականությամբ հաքերային հարձակումների կենթարկվեն», – ասել է Բլոսը, ով ՄԱԿ-ի Կլիմայական համաժողովի քննարկումներին կմասնակցի Եվրախորհրդարանի 15-հոգանոց պաշտոնական պատվիրակության կազմում։

«Նույնիսկ որպես Եվրախորհրդարանի պատգամավորներ մենք չենք կարող ազատ շփվել՝ չվախենալով պետական վերահսկողությունից», – հավելել է գերմանացի պատգամավորը։

Եվրախորհրդարանը վերջերս ընդունած բանաձևում խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին պահանջելով ազատ արձակել քաղաքական հայացքների պատճառով կալանավորվածներին, դադարեցնել բռնաճնշումների բոլոր ձևերը, ինչպես նաև զորքերը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Բանաձևն արցախահայերի բռնի տեղահանումն ուղղակիորեն կոչում է էթնիկ զտում:

COP29-ը Ադրբեջանի մայրաքաղաքում կանցկացվի նոյեմբերի 11-22-ը: