Վերջին տարիներին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար բնակչությանը կոչ է անում վճարումներն իրականացնել անկանխիկ եղանակով՝ առաջ մղելով կանխիկի շրջանառության կրճատման քաղաքականությունը։
Այդ ուղղությամբ վերջին տարիներին ընդունվել է անկանխիկ գործառնությունների մասին օրենքը, հանրությանը պարտադրվել է 300 հազար դրամից ավելի գնումների կամ ծառայություն մատուցելու դեպքում գործարքն իրականացնել անկանխիկ եղանակով, թոշակառուներն էլ ստիպված են թոշակն ստանալ բանկային քարտի միջոցով։
«Մեր փոխվարչապետներին, նախարարներին, գործընկերներին ես կխնդրեմ, որ բացառեք որևէ կանխիկ վճարման ընդունումը, ընդ որում` տերմինալներով վճարումը մենք պայմանական անկանխիկ էինք համարում, սակայն դա նույնպիսի կանխիկ վճարում է։ Կանխիկ վճարումն այն է, որ մարդն այդ ընթացքում կանխիկ թղթադրամին ֆիզիկապես կպնում է»,— դեռևս 2023-ի հունիսին հայտարարել էր վարչապետը՝ ընդգծելով․ «Եթե քաղաքացին ֆիզիկապես կպնում է թղթադրամին, ուրեմն իմ հանձնարարականը կատարված չէ»։
2020-ին վարչապետը նկատել էր, որ անկանխիկ շրջանառությանն անցումը նաև քաղաքակրթական իմաստ ունի․ «Մեր կառավարությունը ձևավորման առաջին օրից բարձրաձայնել է, և մենք ասել ենք, որ հետևողական ենք լինելու կանխիկ շրջանառությունը կրճատելու առումով, որովհետև ինչպես մի շարք նախկին դեպքերում, այս հարցը մեզ համար կարևոր է ոչ միայն տնտեսական, հակակոռուպցիոն քաղաքականության իմաստով, այլ նաև քաղաքակրթական առումով: Եվ ես ուզում եմ նորից ընդգծել, որ մեր տնտեսական, սոցիալական և ընդհանրապես բոլոր քաղաքականությունների մեջ մշտապես առանձնահատուկ տեղ ունեն այն հարցերը, որոնք իրենց մեջ քաղաքակրթական կոմպոնենտ են պարունակում»։
Թերևս, այս քաղաքականության արդյունքում Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին 86.7%-ով ավելացել է անկանխիկ գործարքների քանակը: Ըստ աղբյուրի, 2024 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում իրականացվել է 78.9 մլն անկանխիկ գործարք` 485.1 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 36.6 մլն անկանխիկ գործարքով կամ 86.7%-ով, իսկ արժեքային` 154.2 մլրդ ՀՀ դրամով կամ 46.6%-ով:
Մի կողմից կառավարության ղեկավարը և ստեղծված օրենքներն ու կարգերը հանրությանը պարտադրում են հրաժարվել կանխիկ գումար պահելուց, բացառել կանխիկ գործառնություններ կատարելը, սակայն կառավարության անդամները շարունակում են կանխիկ գումարներ պահել ու հայտարարագրել դրանք:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած՝ կառավարության անդամների 2023 թվականի գույքի ու եկամուտների հայտարարագրերը՝ պարզելու, թե որքան կանխիկ գումար են նրանք հայտարարագրել։
Ուսումնասիրել ենք փոխվարչապետների, նախարարների, վարչապետին ենթակա մարմինների, կառավարությանը ենթակա մարմինների, խորհուրդների, վարչապետի աշխատակազմի և փոխվարչապետների գրասենյակների ղեկավարների հայտարարագրերը։ Տվյալների համաձայն, առանձնացրել ենք առավել խոշոր չափով կանխիկ գումար պահող պաշտոնյաների տասնյակը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ամենաշատ կանխիկ գումար հայտարարագրած պաշտոնյան է՝ 70 մլն դրամ։
ՀՀ կառավարության անդամներ
Ընդհանուր առմամբ, կառավարության անդամները հայտարարագրել են հետևյալ կանխիկ միջոցները․
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյան՝ 950,000 դրամ և 800 դոլար
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան՝ 70 մլն դրամ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան՝ 10 հզր դոլար
ԱԳ նախարար Արարատ Միրզոյան՝ 2 մլն դրամ և 50 հզր դոլար
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան՝ 980,000 դրամ
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյան՝ 500,000 դրամ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան՝ 3,5 մլն դրամ
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան՝ 100,000 դրամ
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան՝ 1․5 մլն դրամ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան՝ 10 մլն դրամ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան՝ 4,1 մլն դրամ և 6,000 եվրո
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան՝ 20,000 դոլար և 10,000 եվրո
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյան՝ 12․5 մլն դրամ և 8500 դոլար
Կառավարության անդամներից միայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կանխիկ գումար չի հայտարարագրել
Կառավարությանը ենթակա մարմիններ
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյան՝ 2 մլն 657,000 դրամ
Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյան՝ 1․3 մլն դրամ, 20,000 դոլար և 2000 եվրո
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյան՝ 5 մլն դրամ
Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյան՝ 2․1 մլն դրամ
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյան՝ 6 մլն դրամ և 2000 դոլար
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյան՝ 20 մլն 540,000 դրամ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյան՝ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ՝ 39․5 մլն դրամ, 26,800 դոլար և 14,400 եվրո
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը կանխիկ գումարներ չեն հայտարարագրել։
Վարչապետին ենթակա մարմիններ
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյան՝ 1․3 մլն դրամ
Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյան՝ 4,8 մլն դրամ, 6,000 դոլար և 1,800 եվրո
Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյան՝ 900,000 դրամ և 1000 դոլար
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյան՝ 2 մլն դրամ
Խորհուրդներ
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կանխիկ գումար չի հայտարարագրել:
Վարչապետի աշխատակազմ
Աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան՝ 100,000 դրամ
Փոխվարչապետերի գրասենյակների ղեկավարներ
Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյան՝ 12 մլն դրամ, 15,000 դոլար և 9,000 եվրո
Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյան՝ 6․3 մլն դրամ, 11,000 դոլար և 9500 եվրո, իսկ որոշ տվյալներ պաշտպանված են:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան՝ 32,000 դոլար
Անկանխիկ շրջանառությունը թույլ է տալիս նվազեցնել երկրում փողի ստվերային շրջանառությունը, նպաստում, որ տնտեսության մեջ գումարներ շատ շրջանառվեն։
Կառավարության ղեկավարը մի կողմից հանրության անդամներից ակնկալում ու նաև պահանջում է լինել քաղաքակիրթ, ցուցաբերել անկանխիկ վարքագիծ, մյուս կողմից իր ղեկավարությամբ աշխատում են պաշտոնյաներ, որոնք միլիոնավոր գումարներ են պահում «դոշակի տակ»։
Ինչու են պաշտոնյաները կանխիկ միջոցներ հայտարարագրում։ Կան կասկածներ, որ նրանք այդպես են վարվում պաշտոնավարման ընթացքում գոյացող գումարի աղբյուրը արդարացնելու համար։ Նկատենք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կանխիկ միջոցների ծագման ուսումնասիրություն չի իրականացնում։
Այսպիսով, ուսումնասիրելով պաշտոնյաների կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված կանխիկ գումարների մասին տվյալները, պարզ է դառնում, որ պաշտոնյաները շարունակում են կանխիկ գումարներ պահել՝ չնայած Կառավարության ղեկավարի հորդորներին՝ բացառել կանխիկ վճարումները: Ընդ որում, պաշտոնյաների մեծ մասը ներկայացրել են 1 մլն դրամից ավելի կանխիկ միջոցներ:
Սյուզաննա Համբարձումյան
Բաց մի թողեք
Խաղաղության պայմանագիր, թե՝ պատերազմի արտոնագիր
Ազգությամբ թուրք առաջին պաշտոնյան ԱՄՆ կառավարության կազմում. ով է Մեհմեթ Օզը. Լուսանկար
Բայդենի բռունցքի վերջին ուժը Ռուսաստանի վրա՝ Թրամփին իշխանությունը փոխանցելուց առաջ