Եթե «Վիքիպեդիայի» տեղեկատվությունը հավաստի է, հայոց ցեղասպանությունը ճանաչել է աշխարհի 35 պետություն, իսկ եթե ցանկից հանենք Հայաստանը և Օսմանյան Թուրքիան, որ 1921թ. չեղյալ է հայտարարել 1919թ. Կոստանդնուպոլսի ռազմական դատարանի վճիռը և ներում շնորհել պատերազմական հանցագործ ճանաչվածներին, պատկերն ավելի ամբողջական կլինի:
Այս առումով ելակետային է Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում՝ 1915թ. մայիսի 24-ին դաշնակից երկրների՝ Ռուսական կայսրության, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը, որն Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ գործադրած բռնությունները որակում է մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություն և սահմանում, որ պատերազմի ավարտին հանցագործները պատասխանատվության կենթարկվեն:
1965թ.-ից ի վեր, երբ Ուրուգվայը ճանաչել է հայոց ցեղասպանությունը, միակ երկիրը, որ հավատարիմ է մնացել 1915թ. մայիսի 24-ի հայտարարությանը, Ֆրանսիան է, որ օրենքով քրեականացրել է հայոց ցեղասպանության ժխտումը, բայց դա ներպետական իրավական ակտ է: Ռուսաստանի Դաշնությունը հայոց ցեղասպանությունը «ճանաչել է» պետական դումայի հայտարարությամբ, իսկ Մեծ Բրիտանիան առհասարակ խնդրին չի անդրադարձել:
Հայաստանում և Սփյուռքում չափազանցված սպասումներ կային ԱՄՆ կողմից ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: Նախագահ Բայդենը 2021թ. ապրիլի 24-ի ավանդական ելույթում օգտագործեց «հայոց ցեղասպանություն» ձևակերպումը: Մինչ այդ, ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր են ընդունել Կոնգրեսի երկու պալատները:
Աշխարհաքաղաքական, Թուրքիայի հետ հարաբերությունների իրավիճակից կախված՝ վաղը, շատ հնարավոր է, ևս մի քանի կամ մեկ-երկու տասնյակ երկրի խորհրդարանականներ նույնպես ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունեն: Խնդիրն այն է, թե այդ քայլերն ի՞նչ ազդեցություն են գործում Թուրքիայի նկատմամբ:
Ավելի պարզ ասած՝ կոնկրետ Միացյալ Նահանգների նախագահի կողմից «հայոց ցեղասպանություն» բնորոշման օգտագործումը որևէ կերպ ազդե՞լ է, վաղն ազդելո՞ւ է հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու ջանքերին: Այդ ենթադրյալ, հնարավոր, հավանական ազդեցությունը դրակա՞ն է, թե՞ բացասական:
Երբ գործ ունենք պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության պահպանման իրոք էքզիստենցիալ առաջնահերթության հետ, պետք է կարողանանք սթափ եւ հնարավորինս ճիշտ գնահատել ցեղասպանության զուտ բարոյական ճանաչման համար պաշտոնական լոբբինգի, արտաքին քաղաքականության դրական և բացասական հետևանքների հաշվեկշիռը:
Որևէ մեկը կարո՞ղ է հիմնավոր բացատրության տալ, թե Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան Թուրքիային մարդկության և քաղաքակրթության դեմ գործած հանցանքների մեջ մեղադրող Մեծ Բրիտանիան «հայոց ցեղասպանություն» ինչո՞ւ չի ճանաչում կամ Ռուսաստանն ինչո՞ւ է բավարարվել պետդումայի «քնարական» հայտարարությամբ:
Էլ չասած այն մասին, որ Բայդենի «հայոց ցեղասպանություն» ձևակերպումը որևէ կերպ չի նվազեցրել ՆԱՏՕ-ում Թուրքիայի դերակատարությունը, թուրք-ամերիկյան համագործակցությունը կոնկրետ դրանից դույզն-ինչ չի տուժել:
Մտակաղապարը կամ քաղաքական համոզմունքը, եթե ընդունենք, որ այդ տեսակետի գեներացիան բացառապես ազգային իղձերի դրսևորում է, որ «հայոց ցեղասպանության» ճանաչման գործընթացը Հայաստանի անվտանգային բաղադրիչ է, գործնականում որևէ հաստատում չունի:
Հակառակը վկայող առնվազն երկու փաստ, մինչդեռ, կարող ենք նշել. «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով Երևանում ցեղասպանության 100-րդ տարելիցը նշելուց մեկ տարի անց Ադրբեջանը դիմեց ագրեսիայի և ոչ մի երկրի կողմից չդատապարտվեց:
ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատները ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունել են 2019թ.: Մեկ տարի անց Թուրքիան, ինչպես Էրդողանն է խոստովանել, մտավ Ղարաբաղ: ԱՄՆ գործող նախագահի վերաբերմունքն այն էր, որ հույս ունի՝ «հայերը կդիմանան»:
Հայաստանը «դիմանալու» ռեժիմից, երեևի, դուրս կգա, եթե կարողանա ասել. «Աստված թող մեզ բարոյական աջակցությունից ազատի, մնացածն ինքներս կանենք»:
Բաց մի թողեք
Ահազանգ․ գուցե արդեն քննարկում են Եվրամիության դիտորդական առաքելությունը սահմանից հեռացնելու հարցը
Այդ ինչի մասին էր խոսում Նիկոլ Փաշինյանը
COP 29-ի գործնական անհաջողություններից ի՞նչ հետևություններ է անելու Իլհամ Ալիևը