22/11/2024

Ալեն Սիմոնյան․ Քաղաքական կամքի պարագայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր հարցերը լուծելի են

Արդյո՞ք ճանապարհների ապաշրջափակման թեմայով Բաքվի հետ քննարկումները տեղի կունենան երկու երկրների փոխվարչապետների քննարկման ձևաչափով։

Հարցին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ամեն ինչ էլ հնարավոր է։ Մենք փոքր քայլերով երկկողմ շարժվում ենք դեպի դրական արդյունք, և յուրաքանչյուր բան հնարավոր է»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ այն ինֆորմացիան, որը առկա է դաշտում, դրան 90 տոկոսով տիրապետում է նաև հայկական լրատվական դաշտը։ Ադրբեջանի հետ բանակցություններում պետք չէ շատ ինֆորմացիա ակնկալել։

Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացի շարունակությանը, ԱԺ նախագահն ասաց. «Գոյություն ունեն տարբեր փաստարկներ, հիմքեր, հարցեր, որոնք կարող են դեր խաղալ, թե ինչպես շարունակել՝ դեպի հարավ կամ Սյունիքից սկսել, մենք այդ մասով ունենք քննարկումներ: Երբ որ այդ քննարկումները արդեն պարզ կլինեն, լավ կլինի, ու 12 կմ, 50 կմ, 100 կմ՝ այդ վերարտադրումը մեր սահմանի, պետք է ասեմ՝ մեր պատմության մեջ կարևորագույն հարց է, որը լուծենք, շատ գոհ պետք է լինենք»:

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Կազանում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանն ու ձեռք բերված պայմանավորվածություններին. «Տեղի է ունեցել բավական երկար խոսակցություն, սկզբում՝ անմիջականորեն սեղանի շուրջ, երբ ելույթներ են եղել։ Եթե չեմ սխալվում, մեկ ժամից ավել վարչապետն ու հարևան երկրի ղեկավարը զրուցել են, հետո այդ խոսակցությունը տեղափոխվել է այլ ֆորմատ, որի լուսանկարները տեսել եք»,- ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ խոսակցություններն ու պայմանավորվածությունները նույնն են, ինչի մասին հայտարարվել է՝ խաղաղության հաստատում, կոմունիկացիաների բացում, գերիների մասով խոսակցություն։

Սիմոնյանը երկկողմ հաղթանակ է որակել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը՝ ընդգծելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սա առաջին փաստաթուղթն է. «Դրա իրագործումը թե Հայաստանի, թե Ադրբեջանի անկախության և տարածքային ամբողջականության ամենակարևոր հիմնաքարերից մեկն է։ Առաջ ենք շարժվելու, և լիահույս եմ՝ դրական ընթացք կունենանք»։

Ըստ Սիմոնյանի՝ քաղաքական կամքի պարագայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր հարցերը լուծելի են. «Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը 30-ից ավելի տարվա այս հակամարտության ընթացքում բազմաթիվ չլուծված հարցեր ենք թողել, և քաղաքական կամքի պարագայում բոլոր այդ հարցերը լուծելի են»:

Անդրադառնալով Ադրբեջանից ՀՀ սահմանադրության վերաբերյալ հնչող հայտարարություններին, նա ասել է. «Սահմանադրության հարցով մենք ասել են, որ դա լուծված հարց է, և ՍԴ դատարանի որոշումը հստակ ի ցույց դրեց, որ ՀՀ-ում նման խնդիր չկա: Իրենց Սահմանադրության մեջ էլ խնդիր կա, բայց այն մենք չենք բարձրացնում»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և իշխանությունը ինստիտուցիոնալ կառույց է, ոչ թե մեկ մարդու կառույց, որ ինչ-որ մեկն ասում է՝ հիմա սրա գլուխը կտրեք, սրան բանտ նետեք, սա էլ թող պարգև ստանա»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և վերահաստատեց. «Սա ինստիտուցիոնալ կառույց է»:

Հարցին, թե մտավախություն չունեք, որ Քյարամյանը կդառնա ընդդիմադիր Սիմոնյանն արձագանքեց. «Չեմ կարծում, պարոն Քյարամյանը պարկեշտ անձնավորություն է, բազմաթիվ անգամ եղել է տարբեր պաշտոններում և դուրս է եկել»:

Դիտարկմանը, թե կան պաշտոնյաներ, որոնք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալուց հետո ընդդիմադիր ցույցերին էին մասնակցում Սիմոնյանը պատասխանեց, որ ինքը նման բան չէր անի․ «Շատ պաշտոնյաներ կան՝ ոստիկանության աշխատողներ ունեինք, ԱԱԾ աշխատող ունեին, որ գնաց, գնաց. Օսիպյանը, Վանեցյանը, ովքեր որ դուրս են գալիս «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի դեմ հանրության կողմի ստանում են իրենց պատասխանը»:

***

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ նիստ կա,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով նաև կուսակցության վերջին նիստին, որը ՀՀ վարչապետը անվանել էր «ինքնաքննադատության օր», Սիմոնյանը նկատեց․ «Մշտապես նման հանդիպումներ ունենում ենք, և վերջին նիստի ժամանակ քննադատություններ հնչել են բոլոր ներկանների նկատմամբ, քննարկվել են տարբեր հարցեր։ Մեծ կոլեկտիվ է, բնական է, մենք մեր մեջ շատ հարցեր քննարկում ենք, պետք է խոսել, որ մեծ խնդիրներ չլինեն»։

Կապված այսօրվա նիստի հետ՝ նա շեշտեց, որ վարչությունը որևիցե հարց չի քննարկում մեկին հեռացնելու կամ պաշտոնանկ անելու համար, քննարկվում է այն ինֆորմացիան, որն առկա է լինում։

«Օրակարգի բուն թեման չեմ հիշում, դա կապված է կուսակցության և որոշ պաշտոնների հետ, որոնք թափուր են մնացել։ Վարչությունը ինֆորմացիա ունի, որի հետ կապված քննարկում կա, պետք է հասկանանք»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք նիստի ընթացքում քննարկվելո՞ւ է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին պաշտոնանկ անելու հարցը, Սիմոնյանը ասաց, որ չի ուզում այդ հարցին պատասխանել։

Ըստ նրա՝ խմբակցությունում չկան Քոչարյանական կամ Սիմոնյանական թևեր, կա Նիկոլ Փաշինյանի թիմ։