22/11/2024

Երևանում վրաերթի ենթարկած ու դեպքի վայրից հեռացած անձի գործն ուղարկվել է դատարան․ մանրամասներ

2024 թվականի մարտի 21-ին՝ ժամը 03:56-ին, «Հերացի թիվ 1» հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ անհայտ մակնիշի և հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն Ա.Գ.-ին: Վարորդը հեռացել է դեպքի վայրից, իսկ մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամեր անց մահացել է:

2024 թվականի մարտի 21-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: Նույն օրը, ժամը 15։10-ին, վարույթն իրականացնող մարմին է ներկայացել ավտոմեքենայի վարորդ Վ.Ա.-ն և հայտնել, որ տվյալ վրաերթը ինքն է կատարել իրեն ամրակցված ծառայողական ավտոմեքենայով։

Հսկող դատախազի՝ 2024 թվականի մարտի 22-ի որոշմամբ Վ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

2024 թվականի հունիսի 17-ին նշանակվել է դատաավտոտեխնիկական և տեսաձայնագրային համալիր փորձաքննություն։ 2024 թվականի հոկտեմբերի 22-ին ստացվել է փորձագետի եզրակացությունը, համաձայն որի՝ վարորդը, երթևեկության անվտանգությունն ապահովելու և տվյալ վրաերթի առաջացումը կանխելու նպատակով, պետք է խոչընդոտ չստեղծեր չկարգավորվող հետիոտնային անցումով երթևեկելի մասը հատող հետիոտնի համար՝ վերջինիս հնարավորություն ընձեռելով անվտանգ կերպով ավարտելու երթևեկելի մասի հատումը:

Դատախազը հաստատել է Վ.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և 2024 թվականի հոկտեմբերի 30-ին վարույթի նյութերը հանձնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: