21/11/2024

Մեծաթիվ ստորագրությունները կարո՞ղ են լուծել խնդիրը՝ կկանխեն տրանսպորտի թանկացումը

Հայկ Մարությանը ստորագրահավաք է սկսում հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ:

Այս նախաձեռնության մասին հնչեցվում է շաբաթվա վերջին արձանագրված տրանսպորտային կոլապսի համատեքստում:

Նման նախաձեռնությունների համատեքստում ակտուալ է մի քանի հարց:

Ինչքանո՞վ է իրատեսական, որ մեծաթիվ ստորագրությունները, որոնք կանխատեսելիորեն կհավաքվեն, կարող են լուծել խնդիրը, այսինքն՝ կկանխեն տրանսպորտի թանկացումը:

Եթե Մարությանի խմբակցությունը այս հարցն ավագանիում լուծելու ներուժ ունենար, բանը, բնականաբար, ստորագրահավաքին չէր հասնի:

Մյուս կողմից, բուն ստորագրահավաքը հազիվ թե ազդի քաղաքային իշխանությունների վարքագծի որոշման վրա, եթե չուղեկցվի բողոքի զանգվածային գործողություններով:

Ունի՞ Մարությանը նման պլաններ, թե՞ ոչ՝ դեռևս ակնհայտ չէ:

Պարզ չէ նաև, թե ինչ քաղաքական մոտիվ ունի Երևանի նախկին քաղաքապետը:

Արդյո՞ք սրանով նա քաղաքական խնդիր է լուծում միայն Երևանում՝ ձգտելով հասնել, օրինակ, Երևանի ավագանիի արտահերթ ընտրությունների, թե՞ սա հարմար մեկնարկ է 2026-ի ընտրություններում քաղաքական այցեքարտ ունենալու համար:

Դեռևս ավելի շատ են հարցերը, որոնց պատասխանները, թերևս, ստանանք առաջիկա օրերին:

Սուրեն Սուրենյանց