ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:
Այդ առթիվ Անթիլիասի տարածած հաղորդագրության մի դրվագ, կարծես, դուրս է մնում ուշադրությունից: Իսկ այնտեղ ասված է, որ երբ Արամ Ա-ն վերջերս Միացյալ Նահանգներում էր, նրան հյուրանոցում այցելել են Թրամփի ներկայացուցիչներ և շնորհակալություն հայտնել:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Միացյալ Նահանգներ է մեկնել, երբ Իսրայելը ցամաքային ռազմագործողություն է սկսել Լիբանանի հարավում, որ ուղեկցվում է Բեյրութի թիրախային ռմբակոծություններով: Որքանո՞վ էր նպատակահարմար, որ այդ իրավիճակում Արամ Ա-ն իր հոգևոր հոտը թողնի «անտեր» և հայրապետական շրջայցով Միացյալ Նահանգներ մեկնի:
Եվ եթե ԱՄՆ-ում Թրամփի նախընտրական թիմի ներկայացուցիչները հյուրանոցում այցելել են նրան և շնորհակալություն հայտնել, ուրեմն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հայրապետական շրջայցը նախագահի հանրապետական թեկնածուի կողմից իր համար օգտակար է գնահատվել, շատ մեղմ ասած: Իսկ եթե պայմանականություններից վերացարկվենք, ապա կստացվի, որ Արամ Ա-ն Միացյալ Նահանգներ է մեկնել, որպեսզի Անթիլիասի հոգևոր հոտին քարոզի, որ նոյեմբերի 5-ին քվեարկեն Դոնալդ Թրամփի օգտին:
Ըստ երևույթին՝ այդ քարոզչությունն արդյունավետ է եղել, և Թրամփը ներկայացուցիչների միջոցով շնորհակալություն է հայտնել Արամ Ա-ին: Թրամփ-Արամ Ա հեռախոսազրույցի մասին տեղեկատվությունը պարզապես նրանց քաղաքական համագործակցությունը գունազարդելու, Հայաստանի և Արցախի խնդիրների նկատմամբ մտահոգություններով և լուծում գտնելու պատրաստակամությամբ քողարկելու շատ բանալ փորձ է:
Ընդ որում՝ այդ հեռախոսազրույցը Հայաստանի և հայ ժողովրդի, Արցախի բռնատեղահանված բնակչության համար ավելի քան վիրավորական է: Միացյալ Նահանգներում, գուցե, անթիլիասական թեմերն ավելի կազմակերպված և ուժեղ են, ամերիկյան իրականության մեջ՝ ազդեցիկ և կարող են նախագահական ընտրություններում որոշակի դերակատարություն ունենալ, բայց Արամ Ա-ն հայության հովվապետը չէ:
Հայաստանի, հայ ժողովրդի հոգևոր կենտրոնը Սուրբ Էջմիածինն է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրն է: Լուսավորչի աթոռի հոգևոր գահակալը Գարեգին Բ-ն է, ոչ թե Արամ Ա-ն, իսկ Հայաստանի, Արցախի բռնատեղահանված բնակչության խնդիրներին լուծում գտնվում կամ գտնվելու է, պետք է գտնվի Երևանում, ոչ թե Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասում:
Այս իրողության հանդեպ, կարծում ենք, Թրամփ-Արամ Ա հեռախոսազրույցին քաղաքական նշանակություն, ինչ-որ կարևորություն տալու, մանավանդ հետևանքների մասին դատողություններ անելու որևէ տրամաբանական հիմք չկա:
Անցյալ տարի Ստեփանակերտում կատարված իշխանափոխությունն առաջինը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն է ողջունել: Եթե մեկն իրեն նեղություն տա և մամուլի էլեկտրոնային արխիվները նայի, կհանդիպի Ստեփանակերտից Բեյրութ ուղևորությունների, արցախցի բարձրաստիճան պաշտոնյաների և Արամ Ա-ի հանդիպումների մասին տեղեկությունների՝ սկսած 2022թ. օգոստոսից, երբ Ադրբեջանի պահանջով ռուսական զորախումբը հանձնել էր Լաչինը, Աղավնոն և Սուսը:
Ի՞նչ հարցեր են քննարկվել այդ այցելությունների ժամանակ, արցախցի պաշտոնյաներն ինչո՞ւ հատկապես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի աջակցության կամ օրհնանքի կարիքն են զգացել, ոչ թե Ամենայն հայոց կաթողիկոսի: ԱՄՆ նախկին նախագահը, որի պաշտոնավարման վերջին ամիսներին է սկսվել Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան, որ հայտնի է Իլհամ Ալիևի մերձավորագույն շրջապատի անձանց հետ բիզնես կապերով, ինչո՞ւ է հավատափոխ եղել և այսօր խոստանում է ապահովել արցախահայության խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձը:
Եվ մի հարց. իսկ այդ հեռախոսազրույցի մասին Թրամփի գրասենյակը հաղորդարություն տարածե՞լ է: Եթե՝ այո, ապա ի՞նչ է ասված այնտեղ:
Բաց մի թողեք
Նոյեմբերի 25-ին Վրաստանում հակասությունների հաղթահարման ելք կգտնվի՞
Բելգիացի քաղաքական գործիչները Ադրբեջանին կոչ են արել դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից
Զանգեզուրի միջանցքի շուրջ նոր խմորումներ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև