Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե Երևանը ցեղասպանության ճանաչումը ներկայումս չի դիտարկում արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթություն և գլխավոր խնդիր է դիտարկում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելը, Հայաստանում առաջացրել է բուռն արձագանք ու քննարկումներ:
Այդ արձագանքը և քննարկումները, իհարկե, միանգամայն տրամաբանական են՝ հաշվի առնելով, որ խոսքը թե՛ քաղաքական, թե՛ սոցիալ-հոգեբանական կարևորագույն ասպեկտներ ներառող ազգային ու պետական հարցի մասին է: Այդուհանդերձ, այստեղ, իհարկե, նույնքան պետական ու ազգային կարևոր խնդիր է այդ առանցքային հարցում քաղաքականության իրականացումը զգայականությունից զերծ պահելը: Այդ առումով, Միրզոյանի հայտարարությունը պետք է բաժանել երկու մասի: Այն, ինչ նա ասում է պատմաբանների ուսումնասիրության առարկա լինելու մասին, անընդունելի է:
Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը եղել է գիտական ուսումնասիրության առարկա և ցեղասպանություն գնահատականը ոչ թե պարզապես հայ ժողովրդի զգայական բնորոշումն է, այլ հենց գիտական ուսումնասիրությունից արված եզրահանգում:
Այլապես ստացվում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարն իր այդ հայտարարությամբ նսեմացնում, արժեզրկում է նաև այն երկրների որոշումները, որոնք ճանաչել են հայերի ցեղասպանությունը, առավել ևս որոշները՝ օրենքի մակարդակով: Օրինակ՝ բարեկամ Ֆրանսիան: Այդ իմաստով, Հայաստանի արտաքին գործերի նախարարը թույլ է տվել էական վրիպում:
Ինչ վերաբերում է ցեղասպանության ճանաչման հարցն արտաքին քաղաքական օրակարգային առաջնահերթություն դիտարկելուն, ապա այստեղ, իհարկե, խնդրո առարկան այլ է: Արտաքին քաղաքական առաջնահերթության հարցը չպետք է նույնացվի ցեղասպանությունից «հրաժարվել-չհրաժարվելու» հետ:
Օրինակ՝ երբ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում Հայաստանը ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը չէր ներառել արտաքին քաղաքական օրակարգ, դա, ըստ էության, չէր խանգարում, որ հարցը լիներ միջազգային օրակարգում և շարժվեր առաջ: Այստեղ պետական գործիքակազմը բավականին բազմազան է, և միշտ չէ, որ հարցերի լուծումը անպայմանորեն կախված է դրանց տրվող հրապարակային «կարգավիճակներից»:
Այո՛, հնարավոր է չներառել օրակարգ այսպես ասած պաշտոնապես, բայց աշխատել ոչ պակաս արդյունավետ ու նպատակային, թիրախային: Հետևաբար, չափման միավորը պետք է լինի այլ: Մասնավորապես, ներառելով օրակարգ՝ Հայաստանը որևէ կերպ պետք կբարձրացնի՞ իր անվտանգային արդյունավետությունն ու ճկունությունը: Այն, ինչ օրինակ այսօր Իսրայելն անում է Գազայում արդեն ավելի քան տարի և ինչպես դրան վերաբերում է այսպես ասած միջազգային հանրությունը, հուշում է, որ ցեղասպանության ճանաչման հարցը չի կարող Թուրքիայի համար լինել էական զսպող կամ կաշկանդող գործոն:
Ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրը բացարձակապես բարենպաստ չէ օրակարգային այդպիսի առաջնահերթության համար, հետևաբար այդ հարցում ռազմավարական համբերատարություն ցուցաբերելը Հայաստանի համար կարող է շատ ավելի օգտակար լինել թե՛ հենց միջազգային ճանաչման ավելի երկարաժամկետ հեռանկարի, թե՛ նաև Հայաստանի անմիջական անվտանգային մարտահրավերների դեմ ընթացիկ աշխատանքի տեսանկյունից:
Պատմական փաստը, դժբախտաբար, որ եղել է ցեղասպանություն, գիտականորեն ուսումնասիրված և բազմաթիվ աշխատություններով հաստատված է: Այն չի կարող լինել «վերաուսումնասիրման» ենթակա: Այն կարող է ենթակա լինել պարզապես քաղաքական տակտիկայի՝ կախված միջազգային անվտանգության միջավայրից և դրա ռեգիոնալ ազդեցությունից:
Բաց մի թողեք
Ասադը կործանվեց, ինչ է սպասվում մեր տարածաշրջանին, հիմա բոլորը ողջունում են հակակառավարական ուժերին
Հայաստանը՝ միջնորդավորված կամ ուղիղ, ինչ կարող է առաջարկել Վրաստանին
Անհոգնել կրկնելով, թե Հայաստանը էսկալացիայի խնդիր չունի Ադրբեջանի հանդեպ՝ պատերազմ չի լինի՞