22/11/2024

Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը կքննարկվի նաև այսօր

«Իշխող կուսակցության ներսում իրավիճակը գնալով թեժանում է. ներպալատական գզվռտոցները նոր փուլ են թևակոխում: Այսօր ՔՊ վարչությունում ավելի նեղ ֆորմատով կքննարկեն Անդրանիկ Քոչարյանի և Հովիկ Աղազարյանի վարքը:

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. Երեկ արդեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախատեց Անդրանիկ Քոչարյանին, որը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ԱԺ նախագահությունում էր նստեցրել՝ իր կողքին, մյուս ուժայիններին՝ ներքևում: Այս ուշացած արձանագրումը պատահական չէր. մինչ այս Ալեն Սիմոնյանը լուռ էր: Նա, ըստ ամենայնի, սպասում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքին, երբ ՔՊ ակտիվի հավաքի օրը կռահել է այն, երեկ արդեն որպես սեփական կարծիք արտահայտեց:

Ինչևէ, «Ժողովուրդ» օրաթերթը իշխանությանը մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացավ, որ այսօր ՔՊ-ական վերնախավը վարչության նիստում Նիկոլ Փաշինյանի հետ, ի թիվս ներքաղաքական այլ հարցերի, կքննարկի նաև ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի պահվածքը՝ հոկտեմբերի 15-ի ԱԺ լսումների ժամանակ դրսևորած: Նախատեսվում է, որ երբ վարչության նիստն ավարտվի, ձևավորված տրամադրություններից հետո միայն ՔՊ-ն նաև խմբակցության նիստ կհրավիրի Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցով. իշխանական պատգամավորները կքվեարկեն, և իրենց համաձայնության դեպքում Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցով նախաձեռնությունը կմտնի նաև ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

ԱԺ կանոնակարգ օրենքի 149-րդ հոդվածի համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

«Ժողովուրդ« օրաթերթը կհետևի ներպալատական խարդավանքներին, որոնք հրահրվել են մեծապես Անդրանիկ Քոչարյանի կողմից, և կիրազեկի ընթացքի մասին»:

«Հրապարակը» գրում է․ ՔՊ ուրբաթ օրվա «ինքնախարազանման նիստում», որն իրականում Անդրանիկ Քոչարյանի խարազանման երեկոն է եղել, վերջինիս դեմ ամենատպավորիչ ու հասցեական ելույթներն ունեցել են հատկապես սորոսականները եւ, մանավանդ, երկու պատգամավոր տիկնայք՝ իր թուրքական կապերով հայտնի Մարիա Կարապետյանը եւ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած պաշտպանության հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը։

Մյուսները, ըստ մեր աղբյուրի, խոսել են հիմնականում առանց անուններ տալու, մինչդեռ Մարիա Կարապետյանը հստակ շեշտել է, որ Քոչարյանը բոլորին իրար է խառնում, իսկ Քրիստինե Պողոսյանն էլ ասել է, որ ինքը 6 տարի «տառապում» է՝ նույն հանձնաժողովում աշխատելով Քոչարյանի հետ, որը բամբասում է բոլորի ետեւից։