Հայաստանի երեք պաշտոնյա սեպտեմբեր ամսին պաշտոնական հանդիպումների ժամանակ ստացել է 40 հազ․ դրամը գերազանցող նվեր, որից երկուսի արժեքը գերազանցել է 500 հազ․ դրամը, գրել է «Հետքը»։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վիլյամ Սարոյանի հիմնադրամի ղեկավարից ստացել է նվեր՝ Սարոյանի կողմից նկարված գրաֆիկական աշխատանք և նրան նվիրված նամականիշ, որի արժեքը կազմել է 1500-2000 ԱՄՆ դոլար։ Նախարարը ստացած նվերը գնահատել է 577 հազ․ դրամ։ Գրաֆիկական աշխատանքը և նամականիշը Ժ․ Անդրեասյանին փոխանցվել է 2024թ․ սեպտեմբերի 2-ին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայրում կազմակերպված ընդունելության ժամանակ։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում այդ երկրի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդական Ակիբա Տակիոյից 2024թ․ սեպտեմբերի 13-ին ստացել է ճարմանդ, որը գնահատվել է 600 հազ․ դրամ։
Նվեր ստացել է նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Նա 2024թ․ սեպտեմբերին 18-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակում Հնդկաստանի արտաքին գործերի պետնախարար Վարդհան Սինգհից 50 հազ․ դրամ արժողության նվեր է ստացել, սակայն չի նշվում, թե ինչ նվեր է եղել։
Հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը պարտավոր է ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում։ 40 հազ․ դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման, բացառությամբ նույն աղբյուրից 6 ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (5 և ավելի) բնույթ կրող դեպքերի։ Նշված երեք պաշտոնյանների ստացած նվերները հաշվառվել են ռեեստրում։
«Հանրային ծառայության մասին» օրենքով «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, այդ թվում՝ ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը, կատարված աշխատանքը, ինչպես նաև արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները, կրիպտոարժույթը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետևանքով անձն ստանում է օգուտ կամ առավելություն։ Սակայն պետք է լինի կապ, որ այն տրամադրվում է պայմանավորված անձի (այդ թվում՝ փոխկապակցված անձի) պաշտոն զբաղեցնելու հանգամանքով։
Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չպետք է իրենց պաշտոնեական, ծառայողական պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունեն կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնեն: Նրանք պետք է միջոցներ ձեռնարկեն, որ իրենց ընտանիքի անդամները և փոխկապակցված այլ անձինք նույնպես չպետք է ընդունեն նմանատիպ նվերներ կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն չհայտնեն, եթե առկա է հնարավոր կամ իրական կապ հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի պաշտոնեական պարտականությունների կատարման և ստացված նվերի միջև։
Թույլատրվում է ստանալ պետական կամ պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները , սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը։
Նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով:
Բաց մի թողեք
Լուրջ վիճակ է Հալեպում, մինչև 10 հազար հայ հայտնվել է զինյալների հսկողության ներքո գտնվող հատվածում. Սինանյան
Նիկոլ Փաշինյանը ի կատար ածեց Գեղամ Նազարյանի երազանքը
«Գուգլ»-ում ամենաարագ աճող որոնված թեմաները». Սամվել Մարտիրոսյան