04/12/2024

Ես նման բան չգիտեմ, մեր իշխանության օրոք ես որեւիցե նման դեպք չեմ հիշում, որ ճնշեն․ Մուշեղ Մուրադյան

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մյուս մարզպետների հետ ժամանել էր ԱԺ` բյուջետային քննարկումների:

Հրապարակ թերթը գրել է․ Նրան հարցրինք՝ ճի՞շտ են լուրերը, որ ինքը վաղվանից արձակուրդ է գնում եւ հնարավոր է չվերադառնա՝ իր փոխարեն մարզպետ են նշանակելու ավելի սրսուռ ՔՊ-ականի՝ պատգամավոր Դավիթ Առուշանյանին: Մարզպետը, որ նախկինների ժամանակներից աշխատում է մարզպետարանում, սազն առավ ու սկսեց ինքն իրեն գովել՝ մոտավորապես այսպես․ ինձնից էլ լավ ՔՊ-ակա՞ն։

– Ինչի՞ համար ինձ փոխեն, կասե՞ք՝ ինչի համար։ Կարծում եմ՝ նաեւ դուք եք տեսնում՝ մեր աշխատանքն ինչպիսին է, ինչպես է հրապարակային, ինչպես է թափանցիկ, ես ինչպես եմ աշխատում, իմ գործելաոճը, իմ աշխատաոճը, իմ ամեն ինչը։ Դուք լավ եք տեսնում։

– Ես շիրակցի չեմ, չեմ կարող գնահատել, բայց, հավանաբար, հաջորդ ընտրություններին են պատրաստվում, ուզում են ավելի եռանդուն ՔՊ-ականի դնել, որ ավելի շատ ձայն բերի իրենց։

– Ես կուսակցական եմ՝ բավականին ժամանակ է, թիմի մարդ եմ, եւ, իմ կարծիքով, եթե թիմս ինձնից գոհ չլինի, ես չեմ պաշտոնավարի։ Ես Շիրակի մարզպետն եմ, եթե դուք ուզում եք ինձ ազատել աշխատանքից, դա այդպես չէ։ Համենայնդեպս, ես իմ ազատվելու տեղեկատվության չեմ տիրապետում։

– Շատ հնարավոր է, եւ այդպես էլ լինում է, որ առանց տեղեկացնելու են ազատում: Ինչեւէ, ասացիք՝ լավ եք աշխատում, բայց, օրինակ, Գյումրին՝ Հայաստանի երկրորդ քաղաքը, կոլապսի մեջ է հայտնվել` առանց իշխանության է մնացել: Ինչպե՞ս է քաղաքը կառավարվում: Այնքան լավ եք աշխատում, որ մեկ գիշերվա ընթացքում իշխանազավթում արեցիք, ու քաղաքն անտերության մատնվեց։

– Այդպես չէ, պետք չէ իրավական գործընթացը խառնել քաղաքականին։ Իրավական ճանապարհով, իրավական գործընթացն այլ է, իրավական գնահատականն այլ է, քաղաքական պրոցեսներն այլ են։

– Շատ պատահականորեն քրեական գործեր հարուցվեցին, ձերբակալություններ եղան, ու մեկ էլ «Բալասանյան դաշինքի» բոլոր անդամները` ավագանիները, հրաժարվեցին մանդատից, պաշտոնյաները` պաշտոններից։

– Գյումրիում նման բան տեղի չի ունեցել, իրավական գործընթաց է, իրավաբանները կտան գնահատական, իսկ քաղաքականն այն է, որ մարդիկ որոշել են, որ այլեւս դաշինքը պետք է իշխող ուժ չլինի, իրենց մանդատներն են վայր դրել ու հրաժարական տվել։

– Ինչո՞ւ այդպես որոշեցին եւ՝ բոլորը միասին։

– Ես կխնդրեմ այդ հարցն իրենց տալ։

– Դուք՝ որպես մարզի պատասխանատու, մտահոգված չե՞ք, Ձեզ չի՞ հուզել՝ ինչու այդպես եղավ։

– Դե, որոշել են` այլեւս քաղաքականությամբ չեն ուզում զբաղվել, դուրս են ուզում գալ ու հրաժարվել են մանդատներից։

– Բոլորը նույն ցանկությունը նույն օ՞րն ունեցան։

– 13-14 մանդատ է, հա, բոլորն էլ դուրս եկան։

– Եթե ճնշում չլիներ, ինչո՞ւ պիտի նման որոշում կայացնեին։

– Ես նման բան չգիտեմ, մեր իշխանության օրոք ես որեւիցե նման դեպք չեմ հիշում, որ ճնշեն։

– Ի՞նչ է լինելու Գյումրու հետ։

– Արտահերթ ընտրություններ, ՏԻՄ օրենքն ինչպես կթելադրի, այնպես էլ կշարժվեն։

– Օրենքը թույլ չի տալիս, որ քաղաքապետի ԺՊ նշանակեն։

– Այո, գուցե չնշանակվի, ըստ օրենքի գնալու ենք։

«Հրապարակ». Մեր իշխանության օրոք ես որեւիցե նման դեպք չեմ հիշում