04/12/2024

Անդրանիկ Քոչարյանը Ալեն Սիմոնյանին պետք է դիմում գրեր, բայց չի արել. ինչ է սպասվում երկու կողմին

«ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի հերթական խոստումը մնաց օդի մեջ կախված։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը դեռ սեպտեմբերին հայտարարել էր՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, եզրակացությունը պատրաստ է, արդեն հոկտեմբերին նամակով դիմելու է ԱԺ նախագահին՝ դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ժամանակ էլ կներկայացվի «մի քանի հարյուր էջից բաղկացած զեկույցը»:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Անդրանիկ Քոչարյանը մինչ օրս չի դիմել ԱԺ նախագահին, ոչ էլ զեկույցն է հրապարակված՝ թեկուզ գաղտնիության ռեժիմով։ «Ժողովուրդ» օրաթերթին ԱԺ մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը հայտնեց, որ փակ նիստ հրավիրելու հարցով նամակ չեն ստացել։ Դրանից առաջ եւս Անդրանիկ Քոչարյանը ժամկետներ էր նշել. դեռ ապրիլին հայտարարել էր՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի մայիսի վերջին կամ սեպտեմբերին։ Բայց այս ժամկետներն էլ չեն պահվել. ձգվում ու ձգվում են, իսկ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը մնում է գաղտնի պահված։

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, զեկույցը բաց քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում, հրապարակվում է նաեւ ԱԺ կայքում, իսկ փակ մասը քննարկվում է գաղտնի ռեժիմով: Եվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով պարտավոր է ԱԺ բնականոն գործունեությունն ապահովել, չի կարողանում հետեւել կանոնակարգի պահանջներին, որպեսզի ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետներն ու պարտադիր ներկայացվելիք զեկույցները ներկայացվեն պատշաճ կարգով եւ ժամանակին: Իսկ ԱԺ կանոնակարգի խախտումը օրինախախտում է»: