Ադրբեջանի իշխանությանը մոտ կանգնած փորձագիտական շրջանակը հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի այսպես ասած չհամաձայնեցված կետերը, որոնք, ըստ այդ հրապարակման, երեքն են՝ Սահմանադրության փոփոխություն, Ադրբեջանի դեմ իրավական և դիվանագիտական վեճերի բացառում և հայ-ադրբեջանական սահմանին երրորդ ուժերի տեղակայման բացառում:
Հայաստանի ԱԳ փոխնախարարը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Երևանը Բաքվի հետ չի քննարկում որևէ հարց՝ կապված Սահմանադրության փոփոխության հետ:
Սակայն մյուս երկու կետերի վերաբերյալ, որ հրապարակել են ադրբեջանական կողմից, Հայաստանի փոխնախարարը չի տվել ստույգ պատասխան՝ դրանք քննարկվո՞ւմ են, թե ոչ: Պետք է ենթադրել, որ քննարկվում են: Այստեղ, սակայն, էական է, թե ինչո՞ւ է Բաքուն որոշել ապահովել այդ արտահոսքը: Այն, որ դա տեղի է ունեցել պաշտոնական Բաքվի ոչ միայն իմացությամբ, այլև ցանկությամբ, կասկածից վեր է: Հարցն այն է, թե ո՞րն է դրա նպատակը: Ազդել Հայաստանի հանրության տրամադրությունների վրա՞, խթանել ներքին լարո՞ւմ: Բայց չէ՞ որ դա ավելի կբարդացնի չհամաձայնեցվածի շուրջ համաձայնության հասնելը:
Թե՞ Բաքվին պետք չէ այդ համաձայնությունը, հետևաբար ոչ միայն հոգ չէ, որ դրա հնարավորությունը կարող է փակվել, այլ նույնիսկ ցանկալի է: Հնարավոր է նաև, որ այդ կերպ պարզապես «փակվում» է թեման:
Այլ կերպ ասած, խաղաղության պայմանագրի շուրջ եղած քննարկումներն ու բովանդակությունը խոշոր հաշվով դառնում են անցյալ և, ըստ էության, կարող է ծավալվել դե ֆակտո նոր պրոցես նոր բովանդակության շուրջ: Պատահակա՞ն էր, զուգադիպությու՞ն էր, որ արտահոսքը տեղի է ունենում ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքից հետո, երբ հայտնի է դառնում, որ նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը:
Թրամփի ընտրությունը նշանակելու է միջազգային հարցերում պայմանավորվածությունների նոր համակարգ ու տրամաբանությունը, հետևաբար դա կարող է տարածվել նաև Կովկասի վրա: Խոսքը, բնականաբար, չի վերաբերում մինչ այժմ եղածը զրոյացնելուն, այլ ընդամենը մակրոմակարդակում իրողությունների պարադիգմը փոխելուն, որի պարագայում անխուսափելիորեն ի հայտ կգան նոր երանգներ, տարրեր և մոտեցումներ: Այդ իմաստով, հայ-ադրբեջանական բանակցային բովանդակությունը գուցե ոչ թե արտահոսել է, այլ «դուրս գրվել»:
Բաց մի թողեք
ԱՄՆ-ն և Եվրամիությունը կզիջե՞ն դիրքերը, թե՞ Մեծ Բրիտանիայի միջոցով կհավասարակշռեն ազդեցության ոլորտները
Եվրոպական կառույցները «կրակը կուղղե՞ն Ալիևի վրա»
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հեռանկարի տեսանկյունը