Մինչ փորձագիտական շրջանակների ուշադրությունը կենտրոնացած է Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի հարցերով խորհրդաժողովի վրա, Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հրապարակայնացրել է եկող տարվա բյուջեի նախագիծը, որով ռազմական և անվտանգության ոլորտի ծախսերը նախատեսվում են 8 միլիարդ մանաթ:
Բաքուն բացահայտել է նաև ծախսերի կառուցվածը, ինչից պարզ է դարձել, որ հատկացված գումարի կեսից ավելին նախատեսված է ծախսել սպառազինությունների և զինամթերքի ու ռազմական տեխնոլոգիաների ձեռքբերման նպատակով:
Ռազմական ծախսերի կտրուկ ավելացման հրապարակայնացումը ժամանակային առումով համընկել է երկու կարևոր իրադարձության: Նոյեմբերի 14-ին պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմաօդային ուժերի հրամանատար Նամիգ Իսլամզադեն այցելել է Չինաստան և ներկա գտնվել միջազգային ավիացիոն և ավիատիեզերական ցուցահանդեսին:
Այդ շրջանակներում Իսլամզադեն հանդիպումներ է ունեցել Չինաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Չան Դինցյուի հետ: Ադրբեջանական մամուլը լուսանկարներ է հրապարակել, որ Իսլամզադեին պատկերում են չինական նորագույն կործանիչների ֆոնին:
Փորձագետները եզրակացնում են, որ Բաքուն, ամենայն հավանականությամբ, Պեկինի հետ բանակցություններ է վարում՝ ձեռք բերելու չինական արտադրության կործանիչներ, ինչպես նաև «երկիր-օդ» հրթիռներ և ԱԹՍ-ներ:
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարը Չինաստանում հանդիպումներ է ունեցել Բելառուսի և Իրանի պաշտոնակիցների, ինչպես նաև ՌԴ ՌՕՈՒ հրամանատարի տեղակալի և չինական ռազմաարդյունաբերական համալիրի մի քանի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ: Չինական վերջին սերնդի մեկ կործանիչի շուկայական արժեքը 40-50 միլիոն դոլար է: Ադրբեջանն արդեն իսկ ձեռք է բերել պակիստանա-չինական համատեղ արտադրության կործանիչների առաջին խմբաքանակը:
Բաքվի ռազմաքաղաքական ծրագրավորումների մասին վկայող երկրորդ իրադարձությունը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի Պակիստան այցն է: Ֆորմալ ձևակերպմամբ՝ նա մասնակցում է պաշտպանական միջազգային ցուցահանդեսին: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը տեղեկացնում է, որ Վելիևը հանդիպել է Պակիստանի ԶՈՒ Միացյալ շտաբների պետ գեներալ Սահիր Շահշադ Միրզայի հետ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության ներկայիս վիճակը և նախանշել նոր հեռանկարներ՝ հիմք ընդունելով երկու երկրների «բարեկամությունը և եղբայրությունը»: Պակիստանը ԽՍՀՄ փլուզումից ի վեր միանշանակորեն սատարել և շարունակում է աջակցել Ադրբեջանին, և առայժմ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի:
Բայց որքանով հասկացվում է Չինաստանում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարի շփումներից, Ադրբեջանի վերազինման նոր փուլը պայմանավորված չէ միայն հայ-ադրբեջանական բանակցություններով և Հայաստանի նկատմամբ հավակնություններով: Տարեկան շուրջ երեք միլիարդ դոլար հատկացնել նոր սպառազինություններ, զինամթերք և տեխնոլոգիաներ ձեռք բերելուն՝ նշանակում է ունենալ ռազմաքաղաքական շատ ավելի հավակնոտ ծրագրավորումներ:
Ադրբեջանի քաղաքական կամ քաղաքակրթական ընտրությունը, կարծես, կատարված է: COP 29-ի ելույթում Ալիևը Եվրոպային խորհուրդ է տվել հեռու կանգնել և չմիջամտել ասիական երկրների ներքին գործերին: Ռուս-ուկրաինական պատերազմը, ըստ երևույթին, գնում է դեպի սառեցում: Հաջողության դեպքում Մոսկվան զարգացնելու է եվրասիական ընդհանուր անվտանգության գաղափարը:
Պետք է ենթադրել, որ այդ համակարգում Ադրբեջանին հատկացվում է կամ հատկացվելու է առանձնահատուկ դերակատարություն, որի շուրջ Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան կարող են ընդհանուր կամ գոնե համադրելի մոտեցում ունենալ՝ որոշակիորեն ներգրավելով նաև Իրանին: ԱՄՆ-ն և Եվրամիությունը կզիջե՞ն դիրքերը, թե՞ Մեծ Բրիտանիայի միջոցով կհավասարակշռեն ազդեցության ոլորտները:

Բաց մի թողեք
Արդյունքների ամփոփում՝ մեկ տարի անց
Եվրախորհրդարանում ֆոն դեր Լայենի՝ միմյանց հետ հակասության մեջ գտնվող դաշնակիցները պահանջում են, որ նա կողմ ընտրի
Ինչպե՞ս իրականացվեց ֆոն դեր Լայենի հռչակած «անկախության պահը» անցած 12 ամիսների ընթացքում