Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսպես կոչված հաղթանակի օրվա կապակցությամբ ելույթում հերթական սպառնալիքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ ասելով, թե Հայաստանը գիտե, որ պետք է լսել իրեն:
Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը պետք է դադարի սպառազինվելը: Նա խոսել է նաև, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է միշտ լինեն զգոն և պատրաստ՝ հետ մղելու սադրանքները: Ալիևի այս հայտարարությունները պարզապես պաթո՞ս են՝ ներքին սպառման համար, թե ահազանգ, որ Ադրբեջանը COP29-ից հետո իսկապես ծրագրում է ռազմական որևէ արկածախնդրություն, մեծ կամ լոկալ մասշտաբի:
Նախօրեին Ադրբեջանը կազմակերպել էր խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերի արտահոսքը, ինչը կամ նշանակում է, որ այդ պայմանագիրն այլևս դառնում է պատմություն, սովորաբար հենց այդ պարագաներում էին նաև արտահոսում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում միջնորդների մշակած այս կամ այն տարբերակները կամ սկզբունքները տարբեր փուլերում, և կամ Բաքվի կազմակերպած արտահոսքը նշանակում է, որ Ադրբեջանը ուժգնացնում է ճնշումը Հայաստանի հանդեպ:
Ադրբեջանի պահվածքի առումով հարկավոր է ուշադրության արժանացնել թերևս մի էական հանգամանքի: ԱՄՆ նախագահ է ընտրվել Թրամփը, որի քաղաքական նախընտրական «կրեդոն» այն էր, որ գալու է և դադարեցնելու է պատերազմները, և այդ թվում առաջին հերթին ուկրաինական պատերազմը:
Ըստ էության՝ եթե վերանանք այդ հայտարարության նախընտրական պոպուլիստականության ասպեկտից, ավելի խորքային իմաստով Թրամփի դիքավորումն ու նաև ընտրությունը նշանակում են, որ նրա գալստյամբ տեղի է ունենալու նոր աշխարհակարգի հեռանկարների վերաբերյալ քաղաքական առևտրի և պայմանավորվածությունների նոր ալիք, նոր ոճով և բովանդակությամբ:
Ընդ որում՝ դրա նախանշանները բավականին ակնառու էին նաև ՌԴ նախագահ Պուտինի՝ նախօրեին Վալդայ ակումբում ունեցած ելույթում: Ադրբեջանը, ըստ ամենայնի, պատրաստվում է այդ նոր մեծ առևտրին՝ ակնկալելով կորզել որևէ բաժին: Այդ համատեքստն է թերևս Բաքվից կազմակերպված արտահոսքի, ինչպես նաև Հայաստանի հասցեին հոխորտալից հռետորաբանության ներքո՝ ներքին սպառման պաթոսից բացի:
Թեև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է, որ կապահովվի իշխանության սահուն փոխանցում Թրամփին, այդուհանդերձ, միջազգային հարաբերություններում ներկայումս անցումային փուլ է որոշակի տուրբուլենտության բարձր աստիճանով. ԱՄՆ նոր նախագահը հայտնի է, Սպիտակ տան տերը փոխվում է, հինն այլևս, ըստ էության, չունի նախկին ընկալումը, իսկ նորը չունի գործողությունների լիարժեք իրավասություն:
Ներամերիկյան կյանքում այդ իրադրությունը ունի ինստիտուցիոնալ անվտանգության բարձիկ, միջազգային կյանքում, սակայն, անվտանգության բոլոր համակարգերը խաթարված են: Ըստ էության՝ առկա տուրբուլենտության կառավարման որոշակի միջոցներից մեկը Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն էր, որին չէր ժամանել Ալիևը: Բայց այնտեղ էր Էրդողանը, որը նաև հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահի հետ:
Բաց մի թողեք
Եվրոպայի խորհրդի դիտորդները զեկույց են հրապարակել Հայաստանի բանտերի մասին
Երևանը և Բաքուն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը կվերադառնան դեկտեմբերին. Հաջիև
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը․ Լուսանկար