14/11/2024

Ինչ է հայտարարագրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Մեքենա, եկամուտներ, կրիպտոարժույթներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2024 թվականի մայիսի 31-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ նա միանձնյա սեփականությամբ մեկ ավտոտնակ է ունեցել Երևանում, որը 2014 թվականին ստացել է որպես նվիրատվություն։

Այս տարվա ընթացքում, սակայն, քաղաքապետը 14 մլն 30 հազար դրամով օտարել է տվյալ ավտոտնակը։

Նա 90 օրից ավելի տնօրինում է մեկ այլ անձին պատկանող անհատական բնակելի տուն, որը գտնվում է Երևանում։

Որպես տրանսպորտային միջոց՝ Ավինյանը ներկայացրել է նվիրատվություն ստացած 2021 թվականի արտադրության 2022 թվականին ձեռք բերած «Ֆոլկսվագեն» (VOLKSWAGEN) մակնիշի ավտոմեքենա։

Վերջինիս դրամական միջոցները կազմել են 1 միլիոն 890 հազար 731.2 դրամ, որը տարեվերջին դարձել է 16 մլն 645 հազար 282 դրամ։ Կանխիկ դրամները եղել են 3 հազար դոլար, որը տարեվերջին չի պահպանվել, և 12 մլն 500 հազար դրամ, որն էլ տարեվերջին դարձել է 17 մլն 800 հազար դրամ:

Ավինյանը նաև ունի կրիպտոարժույթներ:

Քաղաքապետի տարվա եկամուտները կազմել են 45 մլն 403 հազար 342 դրամ, որից 14 մլն 30 հազար դրամը նա ստացել է «Զեյթուն քոնսթրաքշն» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ից որպես գույքը օտարելուց ստացված եկամուտ։ 11 մլն 300 հազար դրամ Ավինյանը ստացել է «Poolin» ընկերությունից, 20 մլն 73 հազար 342 դրամ էլ եղել է նրա աշխատավարձը Երևանի քաղաքապետարանից։

Քաղաքապետի կինը՝ Մարիամ Պահլավունին, 34 և 50 տոկոս մասնակցություն ունի «Լավ Փրոդաքթս» և «Բարուր Թոյզ» կազմակերպությունում։ Նա այդ երկու ընկերությունների տնօրենն է։