«Երեկ Արթիկում որոշների թողտվությամբ շների դաժան սպանդ է իրականացվել»:
Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը:
«Օրը ցերեկով բոլորի աչքի առաջ կրակել են անպաշտպան կենդանիների վրա։ Առկա են տեսանյութներ, կան ականատեսներ։
Հուսով եմ, որ մեր իրավապահները համապատասխան իրավական գնահատական կտան` պատժելով անմեղ կենդանիների վրա կրակողին ու նրան քաջալերողներին, ովքեր դուխ են տվել, որ անի այդ քայլը»,- գրել է նա «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Հրապարակ թերթը գրել է․ Կրակոցները հնչել են գիշերով: Մեզ ուղարկված արնաշաղախ դիակների կադրերը հնարավոր չէ սառնասրտորեն դիտել։ Դրանք «Հրապարակին» քիչ առաջ ուղարկեց կենդանասերներից Գոհար Տեր- Անտոնյանը։ «Շներից ցանց են սարքել, փամփուշտները տեղ-տեղ դուրս են եկել շների մարմիններից», – ասում է նա։ Մարմինները հայտնաբերել է Արթիկի ավագանու անդամ Ժաննա Ասատրյանը։ Նրա ջանքերով Արթիկում թափառող կենդանիների ստերջացման ծրագիր է իրականացվում, սակայն այս քաղաքում գազանությունը կենդանիների նկատմամբ շարունակվում է։ Այն բանից հետո, երբ դեպքի մասին տեղեկացրել են Արթիկի ոստիկանության պետի տեղակալ Գասպարյանին, շների մարմիններն անհետացել են։
Ըստ Գոհար Տեր-Անտոնյանի, սա պատահական չէր կարող լինել։ «Կրակոցները այնքան շատ են եղել, որ ոստիկանները ուղղակի չէին կարող լսած չլինեին դրանք։ Ամենայն հավանականությամբ, նրանք իմացել են, թե ով է եղել կրակողը, եւ իմ ահազանգից հետո զգուշացրել են, որ հանցագործը շների մարմինները վերացնի։Ոստիկանները կոծկում են հանցագործին, առանց հասկանալու, որ այս նույն զենքով նա վաղը նաեւ մարդկանց է կրակելու», – ասում է Գոհար Տեր- Անտոնյանը։ Նա արդեն մասնագիտացել է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի հարցերում։ Նրա ահազանգերով մի քանի վարույթներ կան հարուցված։ Տեր-Անտոնյանի վարկածը հերքում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նա հայտնեց, որ ոստիկանները գնացել են դեպքի վայր, սակայն շների մարմինները չեն գտել։ «Անհրաժեշտ է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին, որին օրինական ընթացք կտրվի», – ասաց Նարեկ Սարգսյանը։
Հ․Գ․ Արթիկում արդեն «բոլոլա» է սկսվել դեպքի շուրջ: Այս կապակցությամբ մի ճշգրտում՝ շների մարմինները գտել է ոչ թե ավագանու անդամ Ժաննա Ասատրյանը, այլ բնակիչները, որոնք ահազանգել են Ժաննա Ասատրյանին:
Բաց մի թողեք
Ադրբեջանական լրատվամիջոցները դուխ են տալիս․ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, մի լսեք ոչ ոքի, տրորեք բոլորին ․․․
Արթուր Սարգսյանին ցանկանում են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում ասել է՝ ինչու է հրաժարական տվել