09/12/2024

Բաքուն կրկնօրինակում է Մոսկվայում կայացված որոշումները

Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի խորհրդաժողովի նախօրեին Բաքվում բացվել է Ուկրաինայի կենտրոնը: Այն ծառայելու է ուկրաինական մշակույթի, արվեստի, ազգային ինքնության քարոզչությանը: Այդ մասին ասել է Բաքվում Ուկրաինայի դեսպան Գուսևը:

Նա ընդգծել է երկու երկրների միջև ռազմավական համագործակցության, միջազգային հարթակներում միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու առաջնահերթությունը:

Ուկրաինայի կենտրոնի բացման ժամանակն ակնհայտորեն պատահական չի ընտրվել. այս օրերին Բաքուն հյուրընկալելու է ոչ միայն պետական ու քաղաքական գործիչների, այլև հազարավոր լրագրողների: Կազմակերպիչները, բնականաբար, նրանց ուղղորդելու են նաև դեպի Ուկրաինայի կենտրոն, ապահովվելու է տեղեկատվական ֆոն, որ Ադրբեջանը մշտապես ուկրաինացի ժողովրդի կողքին է:

Եվրախորհրդարանի պատգամավոր Մայքլ Բլոսը Բաքու մեկնելուց առաջ բացահայտել է, որ անվտանգության ծառայությունը տրամադրել է մեկանգամյա օգտագործման բջջային հեռախոս և նոութբուք:

«Լինելով Եվրախորհրդարանի պատգամավոր, մենք ոչ մի երաշխիք չունենք, որ չենք գտնվելու (Ադրբեջանի) կառավարության վերահսկողության ներքո»,- ասել է Բլոսը: Այդ զգուշավորությունը հիմնավոր է, որովհետև խորհրդաժողովին ընդառաջ Ադրբեջանի հատուկ կապի ծառայությունը «կիբերանվտանգության ապահովման» պետական հանձնարարական է ստացել:

Բաքվի իշխանական մամուլը Եվրախորհրդարանի պատգամավոր Բլոսի հայտարարությունն անվանել է «քաղաքական շահարկում» և ծաղրել, որ նրա բջջային հեռախոսը գաղտնալսելու համար պարտադիր չէ, որ ինքը ֆիզիկապես Ադրբեջանում գտնվի:

Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի խորհրդաժողովի շուրջ արտաքին ոչ այնքան բարենպաստ մթնոլորտը քաղաքագետ Օրուջլուն պայմանավորել է ոչ թե մարդու իրավունքների պաշտպանությամբ կամ կիբերլրտեսության սպառնալիքով, այլ նրանով, որ Ադրբեջանը «վերածվել է Ռուսաստանի արբանյակի»:

Նրա գնահատմամբ՝ «Բաքուն կրկնօրինակում է Մոսկվայում կայացված որոշումները, դա է եվրոպացիների դժգոհության պատճառը, որ հանգեցրել է էներգետիկ համաձայնությունների խզմանը»:

Օրուջլուն պնդում է, որ թեև այդ մասին պաշտոնապես չի հայտարարվում, բայց Եվրամիությունն այլևս շահագրգռված չէ կրկնակի ավելացնել ադրբեջանական գազի գնման ծավալները:

Նա դրանով է բացատրում, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չի մասնակցում COP29-ին, իսկ Ռուսաստանը ներկայանում է վարչապետ Միշուստինի մակարդակով, այն էլ՝ շատ ներկայանալի պատվիրակությամբ:

Օրուջլուն «ծիծաղելի» է որակել Բաքվի պաշտոնական քարոզչությունը, թե Եվրոպան, իբր, Ադրբեջանի «տարածքային ամբողջականության վերականգնումից դժգոհ է»:

Ադրբեջանի և Եվրոպայի միջև սառնության բուն պատճառ Օրուջլին համարում է Իլհամ Ալիևի ռուսաստանամետ կողմնորոշումը: Նրա կարծիքով՝ COP29-ը չի ծառայի այն նպատակին, ինչին ձգտում են Ադրբեջանի իշխանությունները, որովհետև բոլորի համար պարզ է, որ Ադրբեջանը նպաստում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի իրականացմանը: Ադրբեջանցի փորձագետի գնահատմամբ՝ Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունները «միջնորդավորված են Ադրբեջանով»:

Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի խորհրդաժողովը հարցերի ի՞նչ շրջանակ է քննարկելու: Ըստ երևույթին՝ չի հաջողվել համաձայնության գալ մթնոլորտի փոփոխության դեմ պայքարի հիմնադրամ ստեղծելու հարցում: Համաժողովը, ըստ երևույթին, միջքաղաքակրթական երկխոսություն նույնպես չի ապահովի: Ալիևին կհաջողվի՞ հաղթահարել Ռուսաստանի գործակալի պիտակը: