09/12/2024

Կապանի ղեկավարի ավտոմեքենան hրդեhելու փորձի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Կապան համայնքի ղեկավարի ավտոմեքենան հրդեհելու փորձի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Ավելի վաղ տեղեկացրել Էինք, որ 2024թ. մայիսի 21-ին Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի կողմից օգտագործվող «Lexus» մակնիշի ավտոմեքենան հրդեհելու վերաբերյալ ստացված տեղեկության հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ։

«ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նշված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Կապան համայնքի բնակիչը, դժգոհելով սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող տան սեփականաշնորհման և հասցեի տրամադրման գործընթացի ձգձգումից, որոշել է ոչնչացնել համայնքի ղեկավարի կողմից շահագործվող, առանձնապես խոշոր չափերի՝ 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գույքը՝ «Lexus» մակնիշի ավտոմեքենան:

Այդ նպատակով նշված անձը 2024թ․ մայիսի 21-ին՝ ժամը 19։45-ի սահմաններում, իր հետ նախապես վերցրած բենզինը լցրել էր Կապան քաղաքի Չարենցի փողոցում կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի և դիմապակու վրա ու վառել։ Սակայն հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չէր իրագործվել, քանի որ հրդեհը ժամանակին մարվել էր։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կապան համայնքի բնակչին մեղադրանք է ներկայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, որը հետագայում փոխարինվել է բացակայելու արգելքով։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։