27/12/2024

Որոշ դեպքերում դպրոցի տնօրենը կնշանակվի փորձաշրջանով

«Հանրակրթության մասին» օրենքում կատարված վերջին փոփոխություններն ուղղակիորեն կապ ունեն նաեւ ուսուցիչների կամավոր եւ հերթական ատեստավորման գործընթացների հետ: «Առանձնացվել են կամավոր եւ հերթական ատեստավորման կարգավորումները:

Օրենքում հստակ սահմանվել է, որ ուսուցիչները կամավոր ատեստավորմանը մասնակցում են իրենց ցանկության պարագայում, ինչպես նաեւ՝ այն դեպքում, եթե նախորդ տարի չեն հաղթահարել կամավոր ատեստավորման շեմը»,- նշել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն ու տեղեկացրել՝ ուսուցիչների հերթական վերապատրաստման եւ ատեստավորման գործընթացն այս տարվանից առաջին անգամ իրականացվում է մասնագիտական կարիքի գնահատման արդյունքների հիման վրա՝ համաձայն նոր կարգի:

Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ մասնավոր դպրոցներից ստացված առաջարկի հիման վրա առանձին կետ է ավելացվել՝ առ այն, որ ոչ պետական դպրոցների ուսուցիչների հերթական վերապատրաստման եւ ատեստավորման գործընթացն իրականացվի փոքր-ինչ այլ եղանակով: Մասնավորապես՝ այլընտրանքային կրթական ծրագիր իրականացնող հանրակրթական դպրոցներին հնարավորություն է տրվում պետական լիազոր մարմնի կողմից համապատասխան հաստատումից հետո ուսուցիչների մասնագիտական զարգացման սեփական ծրագրեր ներդնել:
Ներկայացնելով օրենքում արված մյուս փոփոխությունները, Սվաջյանը նշել է՝ դրանք հիմնականում վերաբերում են դպրոցների կառավարմանը, մասնավորապես՝ տնօրենների նշանակման գործընթացի կարգավորմանը: Օրինակ՝ եթե տնօրենն անցնում է հավաստագրում, ապա այն ուժի մեջ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ տնօրենը շարունակում է պաշտոնավարել, իսկ նոր հավաստագրի առկայությունը պարտադիր է միայն այն դեպքում, եթե տնօրենը նոր մրցույթի է դիմում, կամ պաշտոնավարման ընթացքում առկա է ընդհատում:

Նա նաեւ տեղեկացրել է՝ որոշ դեպքերում դպրոցի տնօրենն աշխատանքի կընդունվի մեկ տարի փորձաշրջանով: Սա հիմնականում վերաբերում է այն դեպքերին, երբ տնօրենի թեկնածուի ներկայացրած զարգացման ծրագիրը դրական եզրակացություն է ստանում, սակայն վերջինս քննության փուլը չի հաղթահարում սահմանային մեկ-երկու միավորով: Բացի այդ՝ ըստ անհրաժեշտության, դպրոցի տնօրենի թափուր տեղի համալրման նպատակով կկիրառվի գործուղման մոդել, ինչը հնարավորություն կտա ավելի փորձառու մասնագետների ներգրավել դպրոցների կառավարման օղակում: