22/11/2024

Ովքե՞ր էին «տանզանյան զբոսանքի» մասնակիցները. Լուսանկար

Նոյեմբերի 9-ին՝ Նիկոլ Փաշինյանի մեղքով ու պատճառով կրած պարտության արդյունքում ստորագրված կապիտուլ յացիայի 4-րդ տարելիցի օրը, երբ Ադրբեջանի նախագահի տիկինն իր երկրի դրոշի լուսանկարն է հրապարակել՝ որպես իրենց «հաղթանակի» նշանավորում, իսկ հազարավոր հայորդիների մայրեր, քույրեր ու կանայք Եռաբլուրում էին կամ Հայաստանի այլ բնակավայրերի գերեզմանոցներում՝ այցելելով իրենց զավակների ու ամուսինների շիրիմներին, Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, լուսանկարներ է հրապարակել իր աֆրիկյան այցի՝ սաֆարի-զբոսանքի մասին:

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ուշադրությունը գրավեց լուսանկարներից մեկը, որը մակագրված է «Ես և իմ լավագույն ընկերները»: Տանզանիայի խոշորագույն՝ Nyerere National Park-ում արված լուսանկարում Աննա Հակոբյանից ու Մարիամ Փաշինյանից զատ ևս երկու կանայք են: Իսկ ովքե՞ր էին նրանք: Դա ճշտելը մեծ բարդություն չէր ներկայացնում, որովհետև «Սաֆարիի աղջիկները» նշումից զատ, նկարի վրա արված էր մի քանի «թեգ»: Պարզվեց՝ խոսքը բժիշկ Գոհար Պետրոսյանի ու նրա դստեր՝ Լինդա Կոստանովայի մասին է:

Ովքե՞ր էին «տանզանյան զբոսանքի» մասնակիցները. «Փաստ»

Սոցիալական ցանցերում մի փոքր «պտույտից» պարզվեց, որ Գոհար Պետրոսյանը Աննա Հակոբյանի ընկերուհին է, իսկ նրա ամուսինը ռուսաստանցի մեծահարուստ Իգոր Կոստանովն է: Ըստ մի շարք օգտատերերի, հենց վերջինս էլ ֆինանսավորել է Աննա Հակոբյանի և նրան ուղեկցողների աֆրիկյան հանգիստը: Ի դեպ, օգտատերերը նաև նշում էին, որ նկարում երևացող Լինդա Կոստանովային «տեղավորել են հարկայինում»:

Հավելենք, որ երեկ լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ, ըստ տուրիզմի ոլորտի մասնագետների, երկու հոգու նման «տանզանյան հանգիստը» արժե մոտ 6000 դոլար։ Սակայն խոսքն, ամենայն հավանականությամբ, էկոնոմ դասի տոմսերով փաթեթի մասին է, որովհետև մեր փնտրտուքները ցույց տվեցին, որ բիզնես դասի միայն տոմսերի գները երկու անձի համար տատանվում էին 7-ից 10 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում: