22/11/2024

2025-ի բյուջեն իրական Հայաստանի քաղաքացիների մասին է, ՀՀ-ի ապագայի տեսլականի. Հովհաննիսյան

2025 թվականի բյուջեի նախագծով Կառավարությունը նախատեսել է ՊՆ-ին հատկացնել ավելի քան 664,7 մլրդ դրամ։ Այս մասին ԱԺ նիստին 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Պաշտպանության նախարարության համար 2025 թվականին նախատեսվում է 664,7 մլրդ դրամ, որն ավելի է 2024 թվականի հաստատված բյուջեի համեմատ 110 մլրդ դրամով:

Շարունակվելու ենք ավելացնել ՀՀ զինված ուժերի պահպանման տեխնիկական հագեցվածության ապահովման և բանակի մարտունակությանն ու կենսապահովման պահանջների բավարարման ծախսերը»,- ասաց նախարարը:

«Հայաստանում տնտեսական աճի ու ակտիվության տեմպերը շարունակում են բարձր մնալ»:

Նրա խոսքով՝ այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 6,5 տոկոս տնտեսական աճ, իսկ հունվար-հուլիսին՝ 9,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ:

«Այս պայմաններում 2024 թվականին տնտեսական աճը կանխատեսվում է 5.8 տոկոս, իսկ 2025 թվականին՝ 5,6 տոկոս»,- ասաց նա:

Հովհաննիսյանի խոսքով՝ տնտեսության ներուժային աճը նախկին 4-4,5 գնահատված միջակայքից աճել է՝ հասնելով 5-5,5 միջակայքի:

«Տնտեսական աճն ու անվտանգության բարձր զգացումը պետք է հետ պտտեն արտագաղթի անիվը»,- ասաց նա:

«ՀՀ 2025 թվականի պետական բյուջեն իրական Հայաստանի քաղաքացիների մասին է»:

Նրա խոսքով՝ 2025 թվականի պետական բյուջեն Կառավարության հաստատուն հանձնառությունն է՝ երաշխավորելու, որ յուրաքանչյուր քաղաքացի ապրի արժանապատիվ կյանքով, ունենա զարգանալու ու իր ջանքերն արժևորված տեսնելու հնարավորություն։

«Այս բյուջեն Հայաստանի ապագայի տեսլականի ևս մեկ էական քայլ է, որով ամրապնդում ենք մեր երկրի դիմակայունությունը, խթանում տնտեսական ներուժն ու ապահովում հարկաբյուջետային կայունությունը՝ ի նպաստ մեր երկրի բարօրության, ի նպաստ մեր քաղաքացիների բարեկեցության»,- ասաց նախարարը:

Նա վստահեցրեց, թե իրենց նպատակը մեկն է՝ երկրի կայուն զարգացումը:

2024 թվականի հունվար-սեպտեմբերին վարձու աշխատողների թիվը շարունակել է աճել՝ արձանագրելով 5 տոկոս աճ, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 6,6 տոկոսով՝ կազմելով 280,256 դրամ:

«2023 թվականի արդյունքներով աղքատության մակարդակը նվազել է 1,1 տոկոսային կետով՝ կազմելով 23,7 տոկոս: Նվազել են նաև անհավասարությունը բնութագրող ըստ եկամտի և սպառման ջինի գործակիցները՝ գտնվելով պատմականորեն ցածր մակարդակներում, և մենք ակնկալում ենք, որ այս միտումները կպահպանվեն»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ Կառավարությունը հարկահավաքման ջանքերի շնորհիվ շարունակաբար մեծացնում է ՀՀ պետականության ամրապնդման ու ինստիտուցիոնալ զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսները:

«Ակնկալում ենք, որ հարկերն այս տարի կկազմեն 2 տրիլիոն 455 մլրդ դրամ, իսկ հարկեր/ՀՆԱ-ն կբարելավվի շուրջ 0,2 տոկոսային կետով: 2025-ին ակնկալվում է ևս 0,7 տոկոսային կետով բարելավում, ինչի արդյունքում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կհասնի 25 տոկոսի»,- հույս հայտնեց Հովհաննիսյանը: