26/12/2024

Փաշինյանը աշխատանքային ժամին զբաղվում է անվտանգային հարցերով, ժամից դուրս հեծանիվ քշում. Հակոբյան

«Փաշինյանը ոչ աշխատանքային ժամին է քշում հեծանիվ, աշխատանքային ժամին զբաղվում է և՛ անվտանգային հարցերով, և շատ ու շատ այլ հարցերով»:

Այս մասին Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ արձագանքելով լրագրողի այն հարցին, թե Ադրբեջանը զորավարժություն է անում, Փաշինյանը՝ հեծանիվ քշում:
Դիտարկմանը, թե այս իշխանության օրոք եկեղեցիները դարձել են մզկիթ, Հակոբյանը արձագանքեց՝ Կիանցի եկեղեցին մզկի՞թ է, ապա հարցին, թե ապագա էիք խոստանում Արցախի համար, որտեղ եկեղեցիները վերածվել են մզկիթների պատասխանեց.

«Արցախում տեղի է ունեցել պատերազմ, որի հետևանքով Շուշիի եկեղեցին մնացել է Ադրբեջանին: Իսկ ով ուներ երաշխիք՝ վերջին 30 տարում, որ Ադրբեջանը չի հարձակելու»:

Դիտարկմանը, թե երկրի վարչապետը այդ ընթացքում հեծանիվ քշելով է զբաղված Հակոբյանը նորից պատասխանեց. «Հարգելիս, երկրի վարչապետը առավոտյան հեծանիվ է քշում, կեսօրին՝ հանդիպում Մակրոնի հետ, այլ երկրների ղեկավարների հետ, ի՞նչ խնդիր եք տեսնում:

Դուք ավելի շատ հետևում եք, թե ինչ է ասում Ադրբեջանի ղեկավարը, ադրբեջանական մամուլն ինչ է գրում, քան թե մենք ինչ ենք անում: Այն, որ մենք զենք ենք ձեռք բերում հեչ, բայց որ Ադրբեջանի ղեկավարն ասում է, որ Հայաստանը պետք է որևէ բան անի կամ չանի, դուք դրա մասին եք խոսում»: