Նախկին կոնգրեսական Լի Զելդինը կնշանակվի Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության ղեկավար, իսկ կոնգրեսական Էլիզ Ստեֆանիկը կգլխավորի ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելությունը։
Երկուշաբթի օրը Դոնալդ Թրամփը հայտարարեց իր նոր վարչակազմում մի շարք նշանակումների մասին: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը։
Թրամփը մտադիր է ներգաղթի հարցերով կոշտ քաղաքականության կողմնակից Սթիվեն Միլլերին նշանակել ներքին քաղաքականության գծով աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
«Սա նախագահի ևս մեկ ֆանտաստիկ ընտրություն է», – ասել է նորընտիր փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
Բացի այդ, Թրամփը երկուշաբթի հայտարարեց նախկին հանրապետական կոնգրեսական Լի Զելդինին Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության (EPA) ղեկավարի պաշտոնում նշանակելու մասին։
«Նա կներկայացնի արդար և արագ ապակարգավորման գծով լուծումներ, որոնք կիրականացվեն այնպես, որ կբացվի ամերիկյան բիզնեսի ողջ ներուժը՝ պահպանելով բնապահպանական ամենաբարձր չափանիշները, ներառյալ մոլորակի ամենամաքուր օդն ու ջուրը», – գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական մեդիայի հարթակում:
Թրամփի վարչակազմը, ամենայն հավանականությամբ, կձգտի հետ կանչել Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության հաստատած հանածո վառելիքի վերաբերյալ կանոնակարգերից շատերը, ներառյալ էլեկտրակայաններից և մեքենաներից ածխածնի արտանետումները նվազեցնելու միջոցառումները:
«Մենք կվերականգնենք ԱՄՆ-ի էներգետիկ գերիշխանությունը, կվերակենդանացնենք մեր ավտոարդյունաբերությունը՝ աշխատատեղերը Ամերիկա վերադարձնելու համար, և ԱՄՆ-ը կդարձնենք արհեստական բանականության գծով համաշխարհային առաջատար», – գրել է Զելդինը X պլատֆորմում:
Թրամփը նաև ընտրել է հանրապետական Մայք Ուոլզին որպես ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական, երկուշաբթի օրը Reuters-ին հայտնել են խնդրին ծանոթ երկու աղբյուրներ:
Թրամփի կողմնակից Ուոլզը, ով ծառայել է Ազգային գվարդիայում որպես գնդապետ, քննադատում է Չինաստանի գործողությունները Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և ասում է, որ Միացյալ Նահանգները պետք է պատրաստ լինի տարածաշրջանում հնարավոր հակամարտությանը:
Ազգային անվտանգության խորհրդականը նշանակալի դեր է, որը չի պահանջում Սենատի հաստատում: Ուոլզը պատասխանատու է լինելու Թրամփին ազգային անվտանգության հիմնական խնդիրների մասին տեղեկացնելու և տարբեր գերատեսչությունների հետ աշխատանքը համակարգելու համար:
Քննադատելով Բայդենի վարչակազմին 2021 թվականին Աֆղանստանից զորքերի աղետալի դուրսբերման համար՝ Ուոլզը հրապարակայնորեն գովաբանել է Թրամփի արտաքին քաղաքականության ձեռքբերումները։
Թրամփը նաև նշանակեց իր ամենաեռանդուն աջակից, Նյու Յորքից կոնգրեսական Էլիզ Ստեֆանիկին որպես ՄԱԿ-ում ԱՄՆ նոր դեսպան՝ նրան որակելով որպես «Ամերիկան առաջնային» է քաղաքականության «անհավանական ուժեղ, կոշտ, խելացի պաշտպան»:
40-ամյա Ստեֆանիկը Ներկայացուցիչների պալատ է եկել 2015 թվականին որպես չափավոր, բայց դարձել է Թրամփի եռանդուն կողմնակիցը:
Անցյալ տարի նա հանրության ուշադրությունը գրավեց Ivy League համալսարանների նախագահներին իրենց համալսարաններում հակասեմիտիզմի վերաբերյալ հարցաքննության համար այն բանից հետո, երբ շատ համալսարաններում արձանագրվեցին ուսանողական բողոքի ցույցերն ընդդեմ Իսրայելի գործողությունների Գազայում: Հարվարդի և Փենսիլվանիայի համալսարանների նախագահները հրաժարական են տվել լսումների հետևանքով:
Ձգտելով կատարել իր նախընտրական խոստումը` մեծ թվով ապօրինի միգրանտների վերադարձնելու իրենց երկրներ, նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ներգաղթի հարցերով նախկին ղեկավարի Թոմաս Հոմանին նշանակել այսպես կոչված «սահմանային ցար»:
Կիրակի ուշ Թրամփն իր «Truth Social» հարթակում գրառման մեջ ասաց, որ 62-ամյա Հոմանը «մեր ազգի սահմանների պատասխանատուն» է լինելու ինչպես Մեքսիկայի, այնպես էլ Կանադայի հետ: Նա հավելել է, որ ինքը «կասկած չունի» Հոմանի՝ «ֆանտաստիկ և ողջունելի աշխատանք կատարելու» կարողության մեջ։
«Ես Թոմին վաղուց եմ ճանաչում, և ոչ ոք նրանից լավ չի կարող վերահսկել մեր սահմանները»,- գրել է Թրամփը։
Հոմանի «սահմանային ցար» նշանակվելու համար Սենատի հաստատում չի պահանջվում: 2017 թվականի հունվարից մինչև 2018 թվականի հունիսը՝ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում, նա եղել է ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն հեռացել է հիասթափված, երբ Սպիտակ տունը չի կարողացել առաջ տանել նրա թեկնածությունը մինչև Սենատի անհրաժեշտ հաստատում:
Հոմանը նախկին ոստիկան և սահմանապահ ծառայության գործակալ է, ով դարձավ Fox News-ի վերլուծաբան ներգաղթի և սահմանային հարցերի շուրջ:
Երկուշաբթի իր նշանակումից ժամեր անց Հոմանը ասաց «Fox & Friends»-ին.
«Ես տարիներ շարունակ բողոքել եմ այս ցանցում այն բանի համար, թե ինչ է արել [նախագահ Ջո Բայդենի] վարչակազմը այս սահմանի հետ: Ես բարձրաձայնել եմ դրա և այլ հարցերի մասին, ինչպե սնաև նրա, թե ինչ պետք է անել իրավիճակը շտկելու համար»:
«Այսպիսով, երբ Թրամփն ինձ հարցրեց, արդյո՞ք ես կվերադառնամ և կուղղեմ դա, ես պատասխանեցի՝ անշուշտ։ Ես կեղծավոր կլինեի, եթե չանեի», – ասաց նա: «Ինձ համար մեծ պատիվ է, որ նախագահն ինձ խնդրեց վերադառնալ և օգնել լուծել ազգային անվտանգության ճգնաժամը, ուստի ես անհամբեր սպասում եմ դրան»:
Թրամփը բազմիցս ասել է հազարավոր աջակիցների նախընտրական հանրահավաքների ժամանակ, որ կհավաքի ԱՄՆ-ում անօրինական միգրանտներին (հավանաբար 11 միլիոն կամ ավելի) և կուղարկի նրանց իրենց հայրենի երկրներ:
«Մենք ստիպված կլինենք փակել այդ սահմանները»,- հաճախ կրկնում էր Թրամփը՝ պնդելով, որ այլ երկրները դատարկել են իրենց բանտերն ու հոգեբուժարանները, որպեսզի միգրանտները կարողանան փախչել Միացյալ Նահանգներ։ Նա ասաց, որ միգրանտները ԱՄՆ-ում հանցագործության ալիք են առաջացնում։ Կառավարության վիճակագրությունը ցույց է տալիս, որ հանցագործության նման զանգվածային աճ չի եղել։
Բացի այդ, երկու ամիս առաջ ներգաղթի գծով պաշտոնյաները Կոնգրեսին ասացին, որ ԱՄՆ-ում կամ արտասահմանում սպանության համար դատապարտված ավելի քան 13,000 ներգաղթյալներ ապրում են ԱՄՆ-ում՝ առանց ներգաղթի և մաքսային ծառայության հսկողության տակ գտնվելու: Այս ներգաղթյալները ICE-ի «չկալանավորված» միգրանտների ցուցակում են:
Fox-ին տված մեկ այլ հարցազրույցում Հոմանն ասել է, որ զինված ուժերը չեն օգտագործվի անօրինական ներգաղթյալներին հավաքելու և ձերբակալելու համար: Նա ասաց, որ ԱՄՆ ներգաղթի ու մաքսային հարցերով ուժային գերատեսչությունը (ICE) կիրականացնի Թրամփի ծրագրերը «հունամիստաբար»՝ որպես «անհրաժեշտ» և «լավ ծրագրված, նպատակային գործողության» մի մաս։
Թրամփի մեկ այլ աջակից՝ Օհայոյի պատգամավոր Ջիմ Ջորդանը, կիրակի օրը CNN-ի եթերում ասել է, որ արտաքսման ջանքերն առաջին հերթին ուղղված են լինելու 1,3 միլիոն միգրանտներին, որոնց գործերՆ արդեն մերժվել են ԱՄՆ-ում, և նրանք կձերբակալվեն Ներքին անվտանգության գործակալների և տեղական ոստիկանության կողմից:
Այն հարցին, թե, արդյոք, կարտաքսվեն 3,6 միլիոն երեխաները, ովքեր ԱՄՆ են մտել առանց փաստաթղթերի իրենց ծնողների հետ և տարիներ շարունակ ապրել ԱՄՆ-ում, Ջորդանը պատասխանեց. «Այդ հարցին կանդրադառնանք ավելի ուշ»:
Այս տեսակի ներգաղթյալներին, որոնցից շատերն այժմ չափահաս երիտասարդներ են, նրանց պաշտպանները անվանում են «երազողներ»: Որոշ ամերիկացի օրենսդիրներ մինչ այժմ անհաջող փորձել են հասնել նրանց համար ամերիկյան քաղաքացիության տրամադրմանը։
Իր առաջին պաշտոնավարման ժամանակ Թրամփը խոստացել էր կառուցել սահմանային պատ և ստիպել Մեքսիկային վճարել դրա համար։ Պատի մի մասը կառուցվել է, սակայն Մեքսիկան դրա համար ոչ մի ցենտ չի վճարել։
Այն նաև ձգտում էր արտաքսել միլիոնավոր ներգաղթյալների, բայց ձախողվեց պետական ֆինանսավորման բացակայության, ինչպես նաև միգրանտների փաստաբանների հետ իրավական պայքարի և արտաքսման մարտավարության շուրջ հանրային վրդովմունքի պատճառով, ներառյալ միգրանտ երեխաներին ծնողներից բաժանելը, քաղաքականություն, որը Հոմանը պաշտպանում էր:
ICE-ի ղեկավարի պաշտոնակատար եղած ժամանակ Հոմանը պայքարում էր այն մեղադրանքների դեմ, որ գերատեսչության գործակալները չափազանց ագրեսիվ են գործում: Հոմանը նախկինում գովաբանել է Թրամփին՝ ԱՄՆ-ում ավելի շատ միգրանտներ ձերբակալելու հնարավորության համար:
Անցյալ ամիս Հոմանը CBS News-ի եթերում ասաց, որ, ինչպես եղել է տասնամյակների ընթացքում, ցանկացած զանգվածային արտաքսման առաջնահերթություն է լինելու ազգային անվտանգությանը սպառնացող հանցագործ ներգաղթյալների ձերբակալումը:
Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ում անօրինական կերպով մուտք գործած ցանկացածին կարող են վերադարձնել հայրենիք։ Նա ասել է, որ կվերսկսվեն աշխատավայրերում ստուգումները՝ ԱՄՆ-ում անօրինական աշխատող մարդկանց հայտնաբերելու, իսկ հետո նրանց արտաքսելու համար: Բայդենի վարչակազմը դադարեցրել էր նման պրակտիկան։ Դա ավելի դյուրին է դարձրել գործատուների համար աշխատանքի ընդունել առանց փաստաթղթերի աշխատողների, այդ թվում՝ երեխաների, ասել է Հոմանը:
Բաց մի թողեք
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են. Լուսանկար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են բանկոմատի պայթյունի մեջ կասկածվող թոշակառուին
Ուկրաինայի 8 – 10 հազար հայ է մասնակցում պատերազմին