Եվրոպայի խորհրդի բանտարկյալների հանդեպ անմարդկային կամ արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի, անհարկի պատիժների եւ կտտանքների դեմ պայքարող կոմիտեն հոկտեմբերի 13-ին ներկայացրել է զեկույց՝ ամփոփելով կոմիտեի պատվիրակության՝ 2023 թվականին Հայաստան կատարած հերթական այցն ու իրականացրած դիտարկումները։
Պատվիրակությունն այցելել է անազատության մեջ գտնվողներին հանդիպել նրանց հետ, լսել խնդիրները։ Ըստ զեկույցի, ոստիկանության կողմից պահման վայրերում պատվիրակությունն արձանագրել է, որ ոստիկանների` ձերբակալվածների հանդեպ վերաբերմունքը նորմալ է, սակայն կան նաեւ դեպքեր, երբ ձերբակալվածների հանդեպ դաժան վերաբերմունք է ցուցաբերվում, հատկապես հարցաքննությունների ժամանակ, որպեսզի այդ ճանապարհով հնարավոր լինի կորզել ցուցմունքներ կամ այլ տեղեկություններ։
Պատվիրակությունն արձանագրել է, որ ընդհանուր առմամբ ընդդեմ դաժան վերաբերմունքի հետ կապված իրավական երաշխիքների հարցում կա դրական տեղաշարժ` 2019 թվականի այցից հետո, ինչը նաեւ Կոմիտեն կապում է Հայաստանում նոր Քրեադատավարական օրենսգրքի ուժի մեջ մտնելու հետ։
Կոմիտեն վերստին հորդորում է հետեւել իր խորհրդատվական ցուցումներին, որոնք արվել են այն բանից հետո, երբ ստուգվել են ոստիկանական մեկուսարաններում պահվող անձանց վնասվածքների առկայությունը։ Ինչ վերաբերում է բանտերին, ապա Կոմիտեն տեղեկություններ չունի բանտերում դատապարտյալների հանդեպ անձնակազմի ունեցած դաժան վերաբերմունքի դրսեւորումների վերաբերյալ։
Կոմիտեն կարծում է, որ բանտերում նվազել է ոչ ֆորմալ հիերարխիայի ազդեցությունը, ինչը նաեւ կապված է այն բանի հետ, որ բանտային ենթամշակույթին հարելը Հայաստանում քրեականացվել է եւ որոշ քրեական հեղինակությունների, որոնք հատկապես չեն ենթարկվել բանտային կանոններին, որոշվել է մեկուսացնել Երեւան-Կենտրոն ՔԿ հիմնարկում։
Սակայն բռնությունը բանտարկյալների միջեւ ամբողջովին արմատախիլ չի արվել՝ հատկապես Նուբարաշենի եւ Արթիկի ՔԿ հիմնարկներում։ Կոմիտեն հորդորում է վճռական քայլեր ձեռնարկել, որպեսզի վերջ դրվի բանտարկյալների շրջանում եղած ոչ ֆորմալ հիերարխիային։
Բանտային պայմանների եւ նյութական վիճակի մասով արձանագրվել է, որ Աբովյան ՔԿ հիմնարկի շարունակական վերանորոգումը դրական գնահատականի է արժանի։ Հատկապես վատ են պայմանները Նուբարաշեն ՔԿ հիմնարկում։
Իսկ Արթիկի եւ Արմավիրի ՔԿ հիմնարկներում պայմանները կարելի է գնահատել միջին։ Իշխանությունները պետք է հատկապես քայլեր ձեռնարկեն, որպեսզի փակվի Նուբարաշենի բանտը, Արթիկի բանտը համալիր վերանորոգման ենթարկվի, իսկ ամենից վատ վիճակում գտնվող խցերի բանտարկյալները պետք է վերաբաշխվեն։ Կենտրոնական բանտային հիվանդանոցի մասով՝ դիտորդներն արձանագրել են, որ պայմանները վատացել են 2019 թվականի այցից հետո։
Հաստատությունը գտնվում է անմխիթար վիճակում, եւ չի համապատասխանում բուժհաստատության չափանիշներին։ Կոմիտեն կոչ է արել Հայաստանի իշխանություններին փակել Կենտրոնական բանտային հիվանդանոցը։ Զեկույցում խոսվում է նաեւ այն քայլերի մասին, որոնք ձեռնարկում են Հայաստանի իշխանությունները բանտային կամ քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու համար։
Բաց մի թողեք
Բելգիացի քաղաքական գործիչները Ադրբեջանին կոչ են արել դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից
Զանգեզուրի միջանցքի շուրջ նոր խմորումներ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև
Ինչ է փնտրում հայ ադրբեջանական հարաբերություններում Գերմանիան