Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, որ իր համոզմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գոյակցությունը պահանջում է ավելին, քան խաղաղության պայմանագիրը՝ ռազմավարական գործարք:
Նա ասել է, թե այդ միտքն է բարձրաձայնել Կազանում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: Փաշինյանը չի ասել, թե ինչ պատասխան է ստացել Ալիևից: Իհարկե, դժվար է չհամաձայնել, որ ժամանակակից աշխարհում, երբ տեղի է ունենում աշխարհակարգի փլուզման և նորի կերտման, համաշխարհային նոր վերաբաժանումների համար կոշտ ու թեժ պայքար՝ տեղային պրոքսի պատերազմներով, հիբրիդային համաշխարհային պատերազմի տրամաբանությամբ, պարզապես խաղաղության պայմանագրին ապավինել՝ թիրախային ռեգիոններից մեկում, միամտություն է:
Ավելին, թերևս վտանգավոր միամտություն: Իրապես, խաղաղ գոյակցությունը պահանջում է խորքային ռազմավարական համաձայնություն:
Ընդ որում, այդտեղ թերևս պետք է նաև դիտարկել երրորդ կողմի՝ Վրաստանի դիրքորոշումը: Կովկասում պատերազմների բացառման, բախումների և արյունալի հակամարտությունների բացառման համար պետք է լինի կովկասյան ռեգիոնի երեք պետությունների ռազմավարական համաձայնություն:
Բայց իրատեսակա՞ն է արդյոք այդ համաձայնությունը: Սա ամենաբարդ հարցն է, որի պատասխան չունի թերևս Նիկոլ Փաշինյանն էլ, կամ ունի, բայց ոչ հուսադրող պատասխան: Հակառակ պարագայում, Նիկոլ Փաշինյանը հազիվ թե «բացեր» փակագծերն այդ շեշտադրմամբ, ինչը, ըստ էության ակամա խոստովանություն է այն մասին, որ ներկայումս ընթացող բանակցային գործընթացը չունի խաղաղություն ապահովելու բավարար ներուժ, եթե անգամ ունի որոշակի առաջընթաց ու արդյունավետություն:
Գլխավոր խնդիրն այստեղ այն է, որ Ադրբեջանն ունի ամուր համոզում, որ Հայաստանի և Վրաստանի հանդեպ իր առավելությունն այնպիսին է, որ թույլ է տալիս իրեն հավակնել վերադասության: Վրաստանի հանդեպ Բաքվի այդ հավակնությունը արտահայտվում է զգալի մեղմ, այսպես ասած փափուկ տրամաբանությամբ, քանի որ չկա «բաց վերք», ինչպես Հայաստանի պարագայում:
Չկա բաց կոնֆլիկտ, դրա արյունալի և չավարտված պատմություն: Խորքում, սակայն, Բաքվի հավակնությունները քիչ են տարբերվում և այդտեղ հարցը նույնիսկ Հայաստանի հետ հակամարտությունը չէ միայն: Դա գործնականում անիրատեսական է դարձնում ռազմավարական գործարքը, եթե, իհարկե, խոսքը իրապես գործարքի մասին է, այսինքն` երկու հավասարազոր կողմերի մասին:
Հավասարազորը տվյալ պարագայում բոլորովին չի նշանակում ռեսուրսային բացարձակ հավասարություն: Տվյալ պարագայում հավասարազորությունը նախ ենթադրում է խաղաղ գոյակցության համաչափ գիտակցում, համաչափ պատկերացում:
Ըստ այդմ, պատկերացում, որը հիմնված չէ մեկը մյուսի հանդեպ վերադասության մոտիվի վրա, այլ հենց համատեղ ռեգիոնի ձևավորման անհրաժեշտության: Առայժմ Հայաստանի և Ադրբեջանի, անգամ Ադրբեջանի և Վրաստանի միջև չկա այդ գիտակցումը:
Այն որոշակիորեն առկա է Հայաստան-Վրաստան տիրույթում, ինչը սակայն և ունի մի շարք խութեր: Հայաստանի և Վրաստանի հանդեպ Ադրբեջանի պատկերացումների դաշտում ռազմավարական չափորոշիչներն այլ են, որոնք ենթադրում են ոչ թե խաղաղություն հաստատելու, խաղաղություն համաձայնեցնելու, այլ պարտադրելու տրամաբանություն: Այստեղ է խնդիրներից առանցքայինը:
Բաց մի թողեք
Այս ուր եք իջել, ով եք դուք․ ինչ օրակարգեր ու մարտահրավերներ են Հայաստանի առաջ այսօր
Ի՞նչն է պատճառը, որ Փաշինյանի համար անցանկալի է դարձել լինել մի տեղ, որտեղ է նաև Իլհամ Ալիևը
Փաշինյանն ինչո՞ւ որոշեց հանկարծ սրել արցախյան բանակցության թեման