27/12/2024

Փաշինյանն էլ հանդիմանել է կուսակիցներին եւ հորդորել հաշտ ու խաղաղ աշխատել

Նախօրեին՝ կեսգիշերին մոտ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հաղորդեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցել, եւ քննարկման մասին, ավանդույթի համաձայն, աղքատիկ երկտող տարածեցին. «Քննարկվել են Գյումրի համայնքում ծագած կառավարման ճգնաժամին առնչվող, ինչպես նաեւ՝ ներկուսակցական հարցեր»։ Արձանագրենք, որ անգամ ՔՊ-ն է խոստովանում, որ իր իսկ ջանքերով Գյումրիում «կառավարման ճգնաժամ» է առաջացել:

Հրապարակ թերթը գրել է․ Չնայած Նիկոլ Փաշինյանը հատուկ եւ խստիվ արգելել է, որ այդ նիստից ինֆորմացիոն արտահոսքեր չլինեն, խոսքը հատկապես ներկուսակցական խժդժություններին է վերաբերում, անգամ ակնարկել է, որ կպատժվեն ինֆորմացիան դուրս բերողները, այդուհանդերձ, քննարկումից մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Զարմանալի է, որ, որպես նախկին խմբագիր, չի հասկանում, որ նման ուլտիմատումները չեն կարող աշխատել` Հայաստանը փոքր երկիր է, իսկ 21-րդ դարում ինֆորմացիան գաղտնի պահելը` գրեթե անհնարին:

Վերադառնանք նիստին: Բանն այն է, որ երեկ վերջապես իշխող վերնախավը վարչությունում՝ նեղ կազմով, քննարկել է ՔՊ-ական պատգամավորներ Հրաչ Հակոբյանի` վարչապետի աներձագի, ինչպես նաեւ՝ Սիսակ Գաբրիելյանի՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի դեմ գրված դիմումը, որի մասին շուրջ մեկ ամիս է՝ մամուլը գրում է։ Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն, բարիկադների են բաժանվել, պայքարում են միմյանց դեմ: Իսկ ամեն ինչ սկսվեց արդարադատության նախարարին պաշտոնանկ անելու ստորագրահավաքի եւ նոր նախարար նշանակելու ընթացքում: Գրիգոր Մինասյանի հրաժարականի պատճառ դարձած նախաձեռնության հեղինակներից մեկը` Անդրանիկ Քոչարյանը, ուզում էր նաեւ, որ նոր նախարարն իր սրտով լինի։ Նա թեկնածություններ առաջադրեց, բայց մյուս թեւը՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, փորձում էր Սիսակ Գաբրիելյանին նախարար դարձնել: Նիկոլ Փաշինյանը, իր սովորույթի համաձայն, որեւէ թեւի ցանկությունները չկատարեց եւ այդ պաշտոնում նշանակեց իր ուզած մարդուն, բայց այդ գործընթացի արդյունքում իշխող թիմի երկու ճամբարները մի լավ կերան իրար, իրարից բամբասեցին, իրար դեմ ինֆորմացիոն արտահոսքեր կազմակերպեցին: Իր սարքած խառնակչությունից հետո Փաշինյանն էլ ավելի մեծացրեց ազդեցությունը բոլորի վրա, բոլորին հասկացրեց, որ իր բարեգթության պատճառով է, որ չի պատժում ոչ մեկին, բայց կարող է նաեւ պատժել, եւ եթե ինքը չլինի, թիմ ասվածը րոպեներ հետո կոչնչանա։

Այդ ընթացքում տեղեկություններ տարածվեցին, որ Անդրանիկ Քոչարյանը Սիսակ Գաբրիելյանի եւ Հրաչ Հակոբյանի հասցեին այնպիսի արտահայտություններ է թույլ տվել, որը ոմանք տեղ են հասցրել, եւ նրանք էլ դիմել են կուսակցության վարչությանը՝ պահանջելով պատժել Քոչարյանին: Անգամ խոսվում էր Քոչարյանին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու մասին։

Մամուլում գրվեց, որ Քոչարյանը «նարկոբարոն» է անվանել վերը նշված պատգամավորներին։ Հենց այս դիմումն էլ քննվել է նախօրեին` վարչության մոտ չորսժամանոց նիստում։ Վարչության որոշ անդամներ, ինչպես նաեւ դիմումատուներից Սիսակ Գաբրիելյանը, երեկ կտրականապես հերքում էին, թե այդ դիմումն է քննարկվել: Գաբրիելյանն ասում էր, որ ինքը Քոչարյանի դեմ որեւէ դիմում չի ներկայացրել, իսկ վարչության նիստին ներկա են եղել, որովհետեւ «իրենց նախաձեռնությունն է քննարկվել»: Թե խոսքն ինչ նախաձեռնության մասին է, չմանրամասնեց։

Ոչինչ չասաց նաեւ վարչության անդամ Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, որ փակ նիստերից երբեք մանրամասներ չի հայտնել։ Մեզ պատմեցին, որ Քոչարյանի դեմ բողոքած պատգամավորները ներկայացրել են իրենց վրդովմունքը, թե որոշ կուսակցականներ իրենց տեղեկացրել են, որ Անդրանիկ Քոչարյանն անվայելուչ լեքսիկոնով է խոսել իրենց ետեւից, իսկ Քոչարյանն էլ հակադարձել է, որ շատ բան կարող են հաղորդել, շատ բան կարող են իրեն վերագրել, բայց դրանք դեռ ապացուցել է հարկավոր։ Ի դեպ, մամուլում լուրեր կային, որ Քոչարյանի այդ խոսքերն ապացուցող ձայնագրություն էլ կա, թե իբր ՔՊ-ականներից մեկը ձայնագրել եւ ուղարկել է Հրաչ Հակոբյանին ու Սիսակ Գաբրիելյանին, սակայն մեզ ասացին, որ վարչության նիստում որեւէ ձայնագրություն չեն միացրել, ապացույցներ չեն ներկայացրել։

Փաշինյանն էլ հանդիմանել է կուսակիցներին եւ հորդորել հաշտ ու խաղաղ աշխատել, առանց այն էլ Հայաստանն արտաքին լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած, ներքին խնդիրներ պետք չէ գումարել: Իսկ եթե կան չպարզաբանված հարցեր, պետք է միմյանց հետ պարզել։ Քոչարյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետկանչի հարց չի քննարկվել։

Մենք երեկ նկատեցինք, որ Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը խորհրդարանի դահլիճ մտնելիս ցուցադրաբար ձեռքով բարեւեցին իրար՝ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, հավանաբար ցույց տալու, որ ենթարկվում են նրա հրահանգներին։