22/11/2024

Շատ կարեւոր է, թե ցուցակների մեջ ովքեր են, ինչ մարդիկ են։ Բայց ում անվան կողքն էլ ՔՊ գրեն, էդ մարդը տապալվելու է

Գյումրին գնում է ավագանու արտահերթ ընտրությունների, ժամկետը դեռ պաշտոնապես որոշված չէ։ Իսկ ոչ պաշտոնապես, լուրերի մակարդակով նշվում է դեկտեմբերի 29-ը, գուցե՝ հունվարը: ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունները նշանակել է մարտին:

Հրապարակ թերթը գրել է․ Արտահերթ ընտրությունների օրը ՔՊ-ում չեն կարողանում որոշել, քանի որ դեռեւս չկա համաձայնություն, թե ով է իշխող կուսակցության թեկնածուն։ ՔՊ-ն արդեն հնչեցրել է ԱԺ պատգամավոր, նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի անունը, սակայն, մեզ հասած տեղեկություններով, հասկացել են, որ Սարուխանյանով հաղթելը հեշտ չի լինի, եւ քննարկում են այլ թեկնածու առաջադրելու հարցը։ Ասում են, ըստ որոշ հարցումների, Կարեն Սարուխանյանը երրորդ-չորրորդ տեղում է եղել, եւ, ամենայն հավանականությամբ, նա չի լինելու ՔՊ թեկնածուն։ Թե ումով են փոխարինելու Սարուխանյանին, դեռ հարց է։

Իրենք՝ գյումրեցիները, անուններ են շրջանառում, այսպես ասած, թե ում կուզեին տեսնել համայնքապետի պաշտոնում, եւ նշում են, օրինակ, նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանի անունը։ Նա 2019 թ. հունվարի 31-ին նշանակվել է Շիրակի մարզպետ, 2021 թ. հունվարին` պատերազմից հետո, հրաժարական տվել։ Նախկինում նա «Շանթ» հեռուստաընկերության «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի խմբագիրն էր, մինչեւ 2017-ը դասախոսել է Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում: Բայց նա մեզ հետ զրույցում ասաց, որ չի առաջադրվելու. «Քաղաքական որեւէ հավակնություն չեմ ունեցել այս ընթացքում, ներկա պահին էլ չունեմ, Ձեր նշած ընտրական գործընթացին մասնակցելու եմ որպես գյումրեցի ընտրող։ Գյումրին, իր ունեցած խնդիրներով հանդերձ, նման զգայուն շրջանում հայտնվել է նոր մարտահրավերների առաջ, հետեւաբար՝ ընտրություններից անմիջապես հետո մասնակից բոլոր ուժերի, բարձր ու ցածր ռեյտինգ ունեցող քաղաքական եւ ոչ քաղաքական դերակատարների ջանքերի համախմբման կարիք կլինի»։

Գյումրեցիները նշում են նաեւ Միասնական սոցիալական ծառայության Գյումրու կենտրոնի պետ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Սարիկ Մինասյանի անունը։ Ասում են՝ առաջադրվելու դեպքում նա հաղթելու շանսեր ունի։ Հնարավո՞ր է, որ ավագանու արտահերթ ընտրություններում Ձեր թեկնածությունն առաջադրեք՝ հարցրինք Սարիկ Մինասյանին։

«Նախ՝ այս պահին արտահերթ ընտրության ո՛չ օրը կա, ո՛չ ավագանին է լուծարված։ Կարծում եմ՝ հարցը ժամանակավրեպ է»,- անորոշ պատասխան տվեց Մինասյանը։ Մենք առարկեցինք` բայց ՔՊ-ի կողմից արդեն թեկնածուի անուն է հրապարակվել, ո՞նց է ժամանակավրեպ։ «Ի՞նչ ասեմ, ամեն մարդ ինքն է որոշողը։ Կարող է՝ երկու տարի առաջ էլ նույն մարդիկ հրապարակեին, իրենք իրենց առաջադրեին, բայց այս պահին ընտրական պրոցես չկա Գյումրիում, ես էլ քաղծառայող եմ։ Պետական ծառայություն եմ իրականացնում եւ քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Եթե ես իմ պաշտոնից դուրս գամ, զբաղվեմ, բոլորը կիմանան»,- ասաց Սարիկ Մինասյանը` կտրուկ չժխտելով իր առաջադրման հավանականությունը։

– Բայց կարո՞ղ է որոշեք առաջադրվել։

– Այս պահին՝ ոչ։ Քաղաքական որեւէ պրոցես այս պահին չկա։ Երբ որ որոշում ունեցա, հրապարակավ կհայտնեմ։

– Բայց Դուք, ասում են, Գյումրիում բավականին բարձր վարկանիշ ունեք։ Սա Ձեզ հայտնի՞ է։

– Շատ ուրախ եմ՝ նման կարծիք լսելու համար։ Ուրեմն, ես իզուր չեմ աշխատում իմ քաղաքի համար, ես էլ իմ քաղաքացիներին եմ շատ սիրում, գյումրեցիներին ու, առհասարակ՝ հայ ժողովրդին։

– Հիմա Դուք այսպես թե այնպես իշխանության հետ համագործակցելով աշխատում եք՝ լինելով պետական պաշտոնյա։ Եթե ՔՊ-ն Ձեր թեկնածութունն առաջարկի, կհամաձայնե՞ք։

– Խնդրում եմ, հարցազրույցի մի վերածեք, երբ որ եղավ նորություն, ես ձեզ կհայտնեմ։

– Լուրեր են պտտվում, որ «Զեփյուռ» հանգստյան գոտին, որը Ձեր ՖԲ էջում գովազդում եք, Ձերն է։ Ճի՞շտ է։

– Ոչ, դա իմ ընկերոջինն է, եղբայրս էլ աշխատեցնում է։ Իրավունք չունե՞նք։

Գյումրեցիները հիշում են նաեւ, որ Սարիկ Մինասյանին բաժնի պետ է նշանակել նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հիշում են նրա եւ Բալասանյանի մտերմությունը, որը նրան չխանգարեց մի անգամ Նիկոլ Փաշինյանի` Գյումրի այցելության ժամանակ, նրա ներկայությամբ, քննադատել Բալասանյանին՝ այսպիսով Փաշինյանի աչքը մտնելով։ Չեն մոռանում նաեւ, որ Սարիկի քեռին դատավոր Էդիկ Մանուկյանն է։ Թեեւ Սարիկ Մինասյանը վստահեցնում է, որ Գյումրիում քաղաքական գործընթաց չկա, մեզ բոլորովին այլ լուրեր են հասնում։ ՔՊ-ականները` մարզպետ Մուշեղ Մուրադյանի եւ Կարեն Սարուխանյանի գլխավորությամբ, արդեն ցուցակներ են կազմում, գրում-ջնջում, գումարում-բաժանում։ Անուններ են շրջանառվում, թե ով է ցուցակում ընդգրկվելու, որ հնարավոր շատ ձայն տանեն. ՔՊ-ական պատգամավոր, ԳԱԼԱ-ի նախկին լրագրող Էմմա Պալյան, սեյսմիկ ծառայությունից ինչ-որ չինովնիկներ, «Գյումրի» ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյան: Այլ կերպ ասած՝ ՔՊ-ն ցուցակագրում է այն մարդկանց, որոնց լծակ ու պաշտոն է տվել, որոնք հեղինակություն ունեն քաղաքում, իսկ ընդդիմությունը, ինչպես միշտ, քնած է եւ սպասում է, որ իշխանությունն իրեն սկուտեղի վրա մատուցեն։

Գյումրիում խոսում են, որ ինչքան էլ փորձում են Սամվել Բալասանյանին ու նրա մարդկանց քրեական գործերով դուրս մղել քաղաքական գործընթացներից, եւ նրանք կարծես անհետացել են տեսադաշտից` Սամվել Բալասանյանն ԱՄՆ-ում բուժվում է, բայց դաշինքը որոշակի ձայներ ունի` ի՞նչ է լինելու այդ ձայների հետ։ Գուցե Բալասանյաններն իրենց ռեսուրսը ծառայեցնեն ՔՊ-ի՞ն` քրեական գործերը փակելու հույսով։ Բայց հնարավոր է, որ սեփական թեկնածուն ունենան կամ տակից որեւէ ուժի աջակցեն։ «Բալասի մարդկանց մի մասը համագործակցում է Նիկոլի հետ, իրենցից մարդիկ ենք տեսել ՔՊ գրասենյակում»,- ասում է մեր աղբյուրը՝ Գյումրու քաղաքապետարանի նախկին աշխատողներից։

Գյումրիում որոշակի ձայներ ունեն նաեւ երկու Վարդան Ղուկասյանները՝ Դոգն ու նախկին քաղաքապետ Վարդանիկը, որոնց լսարաններն էլ են բավականին խաչվում: «Դոկ» կուսակցությունը, հաստատ, իր թեկնածուն կունենա։ Հետաքրքիր կլինի՝ եթե երկու Վարդանները մտնեն խաղի մեջ, ի՞նչ պատկեր կունենանք, հարցրինք գյումրեցի մեր զրուցակցին։ «Չեմ կարծում, որ նման բան պատահի, քանի որ Վարդանիկի ընտրազանգվածը չքավոր խավն էր, որին նա պահում էր, եւ այդ խավը հիմա չկա։ Իսկ Դոգը վերցնում է էն մարդկանց, ովքեր ընդունում են իր սուր քննադատությունը, ովքեր հավատում են, որ նա մաքուր տղա է»,- ասաց քաղաքապետարանի նախկին պաշտոնյան։ Ըստ նրա՝ ՔՊ-ն ում էլ առաջադրի, հաջողություն չի ունենալու։ «Էսօրվա ընտրողը քիչ մը փոխվել է, արդեն մարդու կենսագրությունը կնայեն, անցած ճանապարհը։ Շատ կարեւոր է, թե ցուցակների մեջ ովքեր են, ինչ մարդիկ են։ Բայց ում անվան կողքն էլ ՔՊ գրեն, էդ մարդը տապալվելու է»։