«Իմ կարծիքով պետական պաշտոնյան պիտի իրեն թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլև իր մերձավոր շրջապատի հարազատի զավակները հրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից։ Այդ երևույթը կա, ցավալի ցուցանիշներ կարող ենք արձանագրել։ Նոր չէ այս երևույթը, չգիտեմ քանի տարվա պատմություն ու խորք ունի, բայց սա մի երևույթ է, որի դեմ պետք է պայքարել»,- խորհրդարանում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը նախօրեին հայտարարել էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ասելով, որ շատ քաղաքացիներ իրենց զավակներին հրաժարեցնում են Հայաստանի քաղաքացիությունից, որպեսզի ազատեն բանակում ծառայելու պարտավորությունից:
Պապիկյանը հայտնել է, որ այդ հարցով դիմել է Փաշինյանին: Նա կոչ է անում լյուստրացիայի ենթարկել պաշտոնյաներին, որոնք իրենց զավակներին ազատում են զորակոչից՝ այդ թվում հրաժարեցնելով քաղաքացիությունից:
Պաշտպանության նախարարը խոսում է իրապես լրջագույն խնդրի մասին: Միևնույն ժամանակ, այդ խոսքերին գրեթե զուգահեռ, զինված ուժերից ստացվեց տեղեկություն հերթական ողբերգական մահվան մասին: Ռազմական ոստիկանության Իջևանի կարգապահական գումարտակում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դի:
Սա խաղաղ պայմաններում զոհի հերթական ողբերգական դեպքն է: Ցավալիորեն այն հայտնի է դառնում մի ժամանակահատվածում, երբ պաշտպանության նախարարը խորհրդարանում խոսում է զորակոչի խնդիրների, իրենց բանակից ազատող պաշտոնյաներին լյուստրացիայի ենթարկելու և այդ երևույթն արգելակելու անհրաժեշտության մասին:
Առաջին հայացքից նախարարի հայտարարությունն ու ողբերգության մասին տեղեկությունը չունեն միմյանց հետ ուղիղ կապ: Սակայն այդ ցավագին զուգահեռը խոսում է այն մասին, որ պատերազմից հետո անընդհատ խոսվող զինված ուժերի ռեֆորմը գործնականում գոյություն չունի որպես այդպիսին:
Մեզանում իբրև ռեֆորմ է մատուցվում սպառազինության ձեռքբերումը, այդ թվում նոր աղբյուրներից, նաև որոշակի աշխատանքները բանակի ինժեներական ամրությունների ուղղությամբ: Դրանք շատ կարևոր են, բայց դրանք ռեֆորմ չեն, դրանք, ըստ էության, ամենօրյա աշխատանքային պարտականություններ են:
Ռեֆորմը ենթադրում է մի կողմից հենց այն քայլերը, որոնց անհրաժեշտության մասին խոսում է նախարար Պապիկյանը, մյուս կողմից նաև գործողություններ, որոնք տեսանելիորեն կբարելավեն զինուժի կառավարումն ու կդադարեցնեն այն ողբերգական պարբերականության շղթան, որի հետևանքով արձանագրվում են մահերը ոչ մարտական պայմաններում:
Օրեր առաջ պաշտպանության նախարարությունը ակադեմիական միջավայրի մի շարք ներկայացուցիչների ուղեկցել էր սահմանամերձ համայնքներից մեկը՝ ծանոթացնելու այն ինժեներական աշխատանքին, որ կատարվում է պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ:
Անկասկած է, որ այդ աշխատանքը ողջունելի է, բայց, ինչպես նշեցի, դա առօրյա աշխատանքային պարտավորություն է ցանկացած երկրի ցանկացած զինված ուժերի, պաշտպանական գերատեսչության համար: Եթե կա հանրային ռեսուրսի ներգրավում, ապա այդ ներգրավումը պետք է լինի ոչ թե այդօրինակ ցուցադրական այցերի, այլ հենց զինուժի վերափոխման քաղաքականության կոնցեպտի շրջանակում, երբ հանրային այդ օժանդակ խմբերը մշակված և տևական հայեցակարգի շրջանակում կներգրավվեն բանակում փոխհարաբերությունների, սոցիալ-հոգեբանական միջավայրի փոփոխությանը, նաև զուգահեռ՝ հանրային վերահսկողության բարձրացմանը:
Հակառակ պարագայում, խորհրդարանի ամբիոնից պաշտպանության նախարարի կոչերը հնչում են կամ հուսահատ, կամ ինքնին՝ ցուցադրական: Ընդ որում` հարց է, թե որքանով է նպատակահարմար դրանք հնչեցնել խորհրդարանի ամբիոնից, այլ ոչ թե գործնականում դնել հենց նույն Փաշինյանի առաջ՝ լուծումների հայեցակարգերով, ու պահանջել դրա համար քաղաքական պատասխանատվություն:
Բաց մի թողեք
Վրաստանում հատուկ ջոկատայինները կրկին միջամտել են, կիրառել ծանր տեխնիկա
Սիրիայի շուրջ ինչ են բանակցում Էրդողանն ու Պուտինը
Ադրբեջանը կարող է քաղաքական լուրջ խաղաքարտ կորցնել