«Միայն Կասպից ծովում Ռուսաստանի ռազմական ներկայությունն է թույլ տալիս զսպել երրորդ երկրների ռազմածովային ուժերի համար իրենց ջրային տարածքները բացելու առափնյա որոշ երկրների փորձերը»,- Աստրախանում նոյեմբերի 14-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական, ՌԴ Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը:
Նրա գնահատմամբ՝ Կասպից ծովը բացառիկ է ոչ միայն նավթի և գազի պաշարներով և կոմունիկացիոն լոգիստիկ հնարավորություններով, այլև ռազմավարական նշանակությամբ, ինչը թույլ է տալիս խաղաղություն ապահովել Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում:
Պատրուշևը տևական ժամանակ գլխավորել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը, պաշտոնավարել որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի դեմքերից մեկն է և նրա հայտարարությունը պետք է գնահատել որպես Ռուսաստանի Դաշնության պետական-պաշտոնական տեսակետ:
Կասպից ծովի նկատմամբ Ռուսաստանի հետաքրքրությունը կրկնապատկվել է Ուկրաինայի դեմ պատերազմից հետո: Մոսկվան վերջերս պաշտոնապես հաստատել է, որ ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմի ռազմանավերի մեծ մասը վերաբազավորվել է Կասպից ծովում, Դաղստանի Կասպիյսկ քաղաքի մոտ ռազմահենակայանում, որտեղ Աստրախանից տեղափոխվել է Կասպից նավատորմիղի հրամանատարական շտաբը:
Ռուսական կողմը Կասպից ծովում արևմտյան երկրներին, մասնավորապես Միացյալ Նահանգներին ջրային տարածք հատկացնելու վերաբերյալ առափնյա երկրների հանդեպ հրապարակային կասկած հնչեցնում է առաջին անգամ: Ռուսաստանից զատ Կասպից ծովի առափնյա երկրներ են Ղազախստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը և Իրանը:
Թվարկածներից որի՞ն է Կասպից ծովում Ռուսաստանի ռազմական ներկայությունը զսպում, որպեսզի արևմտյան երկրներն այնտեղ ջրային տարածքի ներկայություն չունենան: Իրանի դեպքում այդ հավանականությունը ներկա փուլում նույնիսկ տեսականորեն բացառված է: Թուրքմենստանը նոր է ձեռնամուխ եղել սեփական ռազմածովային ուժերի ստեղծմանը: Ղազախստանը Թուրքմենստանից առաջանցիկ է, բայց Ռուսաստանից և Իրանից հետո Կասպյան ավազանում ամենալուրջ ռազմածովային ուժեր Ադրբեջանն ունի:
Ընդ որում՝ ոչ մեկի, առաջին հերթին՝ Ռուսաստանի, համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ռազմածովային ուժերի արդիականացման, տեխնիկական ու տեխնոլոգիական կատարելագործման գլխավոր հովանավորն ավելի քան քառորդ դար հանդիսացել է Միացյալ Նահանգները: Այդ ուժերը որոշակի առումով հետախուզում են Ռուսաստան-Իրան ծովային հաղորդակցությունը:
Խիստ ուշագրավ է, որ Պատրուշևը Կասպից ծովում երրորդ, արևմտյան երկրի ռազմական ներկայությունը բացառելու կոմպլեքս որոշման անհրաժեշտությունից խոսել է Մեծ Բրիտանիայի վարչապետի Բաքու այցից հետո: Մինչ այդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններ է վարել BP-ի գլխավոր գործադիր տնօրենի հետ: Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը էներգիայի Եվրոպա արտահանման համաձայնագիր են ստորագրել:
Գործնականում Ադրբեջանը համաձայնել է ապահովել Կենտրոնական Ասիա-Եվրամիություն ոչ միայն ապրանքաշրջանառությունը, այլև «կանաչ էներգիայի» արտահանումը: Վերջին ծրագիրը ենթադրում է Կասպից ծովում ընդջրյա մալուխագծերի անցկացում, որ պետք է հատեն նաև Սև ծովը և հասնեն Արևելյան Եվրոպա: Միլիարդավոր դոլար արժեցող նման նախագծերը, որպես կանոն, ապահովվում են հուսալի պաշտպանությամբ, այդ թվում՝ Կասպից ծովում:
Ըստ երևույթին՝ Ղազախստանի և Ադրբեջանի երաշխիքները չեն բավարարում Եվրամիությանը: Բայց ո՞վ է մտադրված Կասպից ծովում ռազմական ներկայություն հաստատել: Միացյալ Նահանգնե՞րը, Մեծ Բրիտանիա՞ն: Ռուսաստանն զգուշացնում է: Ադրբեջանցի ռազմական փորձագետները, քաղաքական մեկնաբանները մշտապես ակնարկում են, որ «Բաքվի ծովախորշն անպաշտպան է»։
Բաց մի թողեք
Պարզվում է, Ալիևը տագնապներ ունի
ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի ապօրինի հարստացման ստվերը
Պուտինն ու Ալիևն անխնա բացահայտում են իրենց լրտեսներին