21/11/2024

Հայ – իրանական հարաբերություններն ու Թրամփը․ տարածաշրջանի կրակի վրա կավելացնի յո՞ւղ, թե՞ ջուր կլցվի

Ինչ միջոցառումների մասին է խոսքը մասնավորապես, հայտնի չէ: Արդյո՞ք Իրանի արտգործնախարարը ծրագրում է այց Հայաստան, որն ըստ էության կլինի Աբաս Արաղչիի պաշտոնավարման ընթացքում նախարարի կարգավիճակով նրա առաջին այցը:

Կամ Հայաստանի արտգործնախարարը ծրագրո՞ւմ է այց Իրան: Իհարկե, հեռախոսազրույցի բուն առարկան թերևս այն իրավիճակն է, որ առկա է միջազգային հարաբերություններում և ռեգիոնի շուրջ, որը գտնվում է որոշակի վերափոխման փուլում՝ հաշվի առնելով ԱՄՆ-ում նոր նախագահի և ադմինիստրացիայի հանգամանքը, որը առաջ է բերել մի շարք անորոշություններ և հարցադրումներ:

Այդ թվում, իհարկե, հարցադրումների առանցքային ուղղություններից մեկը Իրանն է, թե ինչպիսի քաղաքականություն է պետք սպասել Թրամփի վարչակազմից Իրանի առնչությամբ՝ հաշվի առնելով նաև այն հակասականությունը, որ առկա է առաջին նախագահությունից հետո:

Մի կողմից Թրամփի նախագահական որոշմամբ է սպանվել իրանցի գեներալ, առանցաքային ֆիգուր Ղասեմ Սոլեյմանին, մյուս կողմից, սակայն, դրա հետևանքով գերլարված իրավիճակը, այդուհանդերձ, չհանգեցրեց ռեգիոնալ մեծ էսկալացիայի:

Այժմ Թրամփը նախագահությունը ստանձնում է արդեն իսկ բավականին լարված ռեգիոնի պայմաններում, հետևաբար հարց է առաջանում՝ նա կրակի վրա կավելացնի յո՞ւղ, թե՞ ջուր: Այդ հարցերն էական նշանակություն կունենան նաև Կովկասի համար, որտեղ Իրանի դերը նկատելիորեն աճել է, հատկապես Հայաստանի համար:

Միաժամանակ, շատ կարևոր է, թե Թրամփի նախագահությունն ինչպես կանդրադառնա ռուս-իրանական հարաբերության և, մասնավորապես այն մեծ պայմանագրի ստորագրման հեռանկարի վրա, որի մասին խոսվում է ամիսներ, բայց որի ստորագրումը դեռևս ձգվում է:

Դեմոկրատական վարչակազմը հայտարարում էր, որ կանի հնարավոր ամեն ինչ՝ ռուս-իրանական գործակցության խորացում թույլ չտալու համար: Իսկ ի՞նչ կանի Թրամփը, որը հավակնում է դադարեցնել ուկրաինական պատերազմը, ինչը նշանակելու է պայմանավորվել Պուտինի հետ:

Ի դեպ, ի պատասխան հայտարարության, որ Թրամփը նշանակելու է ուկրաինական հարցով հատուկ բանագնաց, Կրեմլը հայտարարել է, որ Պուտինն անձամբ է զբաղվում Ուկրաինայի հետ կապված հարցերով և չի պատրաստվում նշանակել բանագնաց:

Ասել կուզի, Ռուսաստանը ակնարկում է, որ ակնկալում է Պուտին-Թրամփ ձևաչափը, այլ ոչ թե հատուկ բանագնացների, առնվազն սկզբի համար: Իսկ ուկրաինական ուղղությամբ քաղաքական սակարկություններից թերևս շատ բան է կախված լինելու Կովկասի և Մերձավոր Արևելքի ուղղությամբ Թրամփի քայլերի հարցում:

Այդ իմաստով, Երևանն ու Թեհրանը, իհարկե, ունեն քննարկելու և այսպես ասած «սլաքները ճշգրտելու» շատ հարցեր, առավել ևս այն ֆոնին, որ անցնող օրերին տեղի են ունեցել Բլինքեն-Ֆիդան և Ֆիդան-Լավրով հեռախոսազրույցներ: