Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի հաղորդագրությունից՝ հնարավոր է եզրակացնել, որ զանգահարողը եղել է Պուտինը: Համենայն դեպս չի նշվում, որ զանգը եղել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:
Սովորաբար, Կրեմլի հաղորդագրությունները արձանագրում են այդ փաստը, եթե զանգի նախաձեռնությունը դիմացի կողմից է:
Սա երկրորդական դետալ չէ, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ նախօրեին Բաքու էր ժամանել ՌԴ վարչապետ Միշուստինը՝ Կլիմայի հարցերով գագաթնաժողովին մասնակցելու համար, որն ընթանում է Բաքվում: Կրեմլի հաղորդագրությունը հայտնում է, որ հաշվի առնելով օգոստոսին Պուտինի Բաքու այցի ընթացքում ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ, ինչպես նաև ՌԴ վարչապետ Միշուստինի՝ Բաքվում «վերջին շփումները» հաշվի առնելով, Պուտին-Ալիև զրույցում քննարկվել են արդյունաբերական և տրանսպորտային համատեղ մի շարք նախագծերի պրակտիկ իրականացմանն առնչվող հարցեր:
Այստեղ առաջանում է հարց, թե արդյո՞ք Իլհամ Ալիևը փորձել է հրաժարվել կամ խուսանավել ինչ-ինչ պայմանավորվածություններից, և Բաքվում, արձանագրելով դա, ՌԴ վարչապետ Միշուստինը կապվելով ղեկավարության հետ՝ հարկ է համարել Պուտինի «միջամտությանը», որից հետո էլ ՌԴ նախագահը զանգահարել է Ալիևին: Իհարկե, չենք կարող բացառել նաև հակառակը, որ Իլհամ Ալիևը գուցե «բարձրացրել է գինը» և չի պայմանավորվել Միշուստինի հետ՝ ակնկալելով Պուտինի հեռախոսազանգ:
Թե հատկապես ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, միարժեք ասելը բարդ է, սակայն մեծ հավանականությամբ խոսքը վերաբերում է էներգետիկայի ոլորտին և Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի գործընթացին:
Ի դեպ, այդ ամենով հանդերձ, Ալիևին Պուտինի զանգի համատեքստում ավելորդ չէ թերևս հիշել, որ ընդամենը մի քանի օր առաջ Բաքվի դատարանը 13 տարվա ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի մի քաղաքացուհու՝ Ռուսաստանի օգտին լրտեսության և ռուսական հատուկ ծառայություններից վարձատրվելու մեղադրանքով:
Կասկած չի կարող լինել, որ մեղադրանքն ու դատավճիռը նախ ստացել է Ալիևի հավանությունը, հետո նոր հանրայնացվել: Պուտին-Ալիև զրույցի առնչությամբ հանրայնացված չէ, թե արդյո՞ք այդ հարցը դարձել է նրանց խոսակցության առարկա:
Բաց մի թողեք
Հայաստանը՝ միջնորդավորված կամ ուղիղ, ինչ կարող է առաջարկել Վրաստանին
Անհոգնել կրկնելով, թե Հայաստանը էսկալացիայի խնդիր չունի Ադրբեջանի հանդեպ՝ պատերազմ չի լինի՞
Հայաստանի չմասնակցելը «չհուզեց» որևէ երկրի, Բաքուն երբ կվերադառնա բանակցությունների