Ինչպես կանխատեսել էինք՝ Հայաստանի իշխանություններն աշխարհաքաղաքական վերջին իրադարձություններից հետո սահուն քայլերով վերադառնում են «ռսի սապոգի» տակ։
Հրապարակ թերթը գրել է․ Այլեւս հաղթահարված է նաեւ Հայաստանի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջեւ վերջին երկու տարիներին գցված անջրպետը։ Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը նախօրեին մասնակցել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների եւ ներկայացուցիչների հանդիպմանը, որին ներկա է եղել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:
Բնականաբար, նման հանդիպման նա չէր մասնակցի, եթե Հայաստանից թույլտվություն չստանար: Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության զարգացման հարցեր, մասնավորապես շեշտը դրվել է նոյեմբերի 28-ին Աստանայում նախատեսվող ՀԱՊԿ նիստի նախապատրաստմանը։ Մտքեր են փոխանակվել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ։
Գրեթե 2 տարի Հայաստանը սառեցրել է իր գործունեությունը ՀԱՊԿ-ում։ Երեւանում 23-ի վերջին կայացած գագաթնաժողովից հետո, երբ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել ամփոփիչ հռչակագիրը, Հայաստանն այլեւս չի մասնակցել ՀԱՊԿ որեւէ միջոցառման, հետ է կանչել իր ներկայացուցիչներին, հրաժարվել է անդամավճար մուծել, մասնակցել զորավարժություններին։
2 օր է՝ արեւմտամետ կոչվածները վայնասուն են բարձրացրել եւ քննարկում են ՌԴ-ում ՀՀ դեսպանի «հանդուգն» քայլը։ ՀՀ ԱԳՆ-ն նույնիսկ հայտարարեց, թե ՀԱՊԿ աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել։ Սակայն սա նշանակում է, որ Փաշինյանը կրկին փոխում է ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը՝ դեպի Մոսկվա, ավելի ճիշտ՝ առայժմ ճոճվում է Արեւմուտքի եւ Մոսկվայի միջեւ՝ փորձելով խաղալ երկու լարի վրա։ Արսենյանը Ռուսաստանում ՀՀ դեսպան է նշանակվել օգոստոսի 14-ի հրամանագրով։ Մինչեւ դեսպան նշանակվելը ՌԴ-ի դեմ բազում հայտարարությունների հեղինակ Արսենյանը հայտարարեց՝ հույս ունի մեղմել սուր կետերն ու փոխել 2 երկրների հարաբերությունների ալգորիթմը։
«Ես վստահ չեմ, որ միայն ՀԱՊԿ անդամ պետությունների դեսպաններ են եղել»,- խոսելով այդ հավաքի մասին՝ լրագրողներին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը․ «Ամեն դեպքում, դիվանագիտական ծառայության ընթացքում դեսպանները նաեւ նման գործառույթներ են իրականացնում եւ հանդիպում են ԱԳՆ-ների հետ։ Մենք բարձրագույն մակարդակով, նաեւ՝ խորհրդարանական, չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին»։
Կարելի՞ է հետեւություն անել, որ երկու երկրների հարաբերությունները գնում են սերտացման, Խանդանյանը պատասխանեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները մշտապես էլ սերտ են եղել, բայց կան խնդիրներ. «Կան հարցեր, թեմաներ, որոնց շուրջ կան տարաձայնություններ, որոնց շուրջ ՀՀ կառավարության անդամները խոսում են ՌԴ կառավարության անդամների հետ, այստեղ դինամիկ փոփոխություններ չկան»։
Բաց մի թողեք
Ինչ արժե Ամանորի գիշերը երևանյան ռեստորաններում, ովքեր են երգելու
Գաբրիել Ջեմբերեջյանին կալանավորել են ցանկացել․ Լուսանկար
Գյումրվա պրայմերիզ. քաղաքապետի ժամանակավոր աթոռի շուրջ պտտվող քարոզարշավի կարգախոսներն ու կանխատեսումները. Լաուսանկարներ