21/11/2024

ՀՀ չափը համարժեք դարձնել ԱՄՆ տրամաչափին

Հայաստանում բավականին բուռն քննարկումների է արժանանում ԱՄՆ նոր նախագահ Թրամփի վարչակազմի ձևավորման գործընթացը: Թրամփն անցնող շաբաթ հայտարարեց իր վարչակազմի առանցքային պաշտոնյաների զգալի մասի վերաբերյալ իր որոշումները:

Այս հրապարակման շրջանակում խուսափեմ կոնկրետ անդրադարձերից՝ դիտարկելով Հայաստանում քննարկումների գերակա տրամադրությունները: Հանրության մի մաս ողջունում է նոր վարչակազմում այսպես ասած «հայամետ» պաշտոնյաների, ժամանակին հայանպաստ հայտարարություններով, հայկական կազմակերպությունների հետ աշխատանքով աչքի ընկած գործիչների ընդգրկումը:

Հանրային մեկ այլ շերտ էլ համարում է, որ գործադիր իշխանության կարգավիճակը ենթադրելու է գործունեության բոլորովին այլ տրամաբանություն, և պաշտոնյաները գործելու են գերազանցապես ԱՄՆ շահերի գերակայությամբ, ինչը չեզոքացնում է որևէ «հայամետության» կամ որևէ այլ «մետության» հավանականությունը: Ճշմարտությունը թերևս ինչ որ տեղ միջակայքում է, թեև ոչ թե երկու այդ գնահատումների ոսկե միջինի տրամաբանությամբ, այլ իրողությունների հիմնավորապես այլ չափման:

Հարցը, թերևս, այն է, որ մեզանում կա թե՛ ԱՄՆ քաղաքականությունը, ԱՄՆ հետ համապարփակ հարաբերության հեռանկարը, թե՛ ընդհանրապես միջազգային հարաբերությունները չափող համակարգի, պրիզմայի, չափանիշների և չափորոշիչների փոփոխության վերանայման անհրաժեշտություն:

Կասկածից վեր է, որ պետք է ձգտել կազմել գործիչների շրջանակ՝ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ այլուր, որոնք հայերի, Հայաստանի հանդեպ տրամադրված են ջերմ, բարյացակամ, տարբեր պատճառներով համակրանք են տածում մեր ժողովրդի, մեր պատմության հանդեպ, քաջածանոթ են դրան, ընդունում են այդ պատմության արժեքավորությունը համամարդկային պատմության մեծ տիրույթում:

Սակայն, դրանով հանդերձ, մենք պետք է հասկանանք, որ դա ընդամենը օժանդակ գործոն է և չի կարող սկզբունքային կապ ունենալ միջազգային հիմնարար քաղաքականության հետ, դրա ձևավորման խորքային մոտիվների հետ: Ըստ այդմ՝ մենք չպետք է շփոթենք, խառնենք հասկացությունները:

Հետևաբար, երբ դիտարկում ենք թիվ մեկ գերտերության՝ ԱՄՆ նոր վարչակազմի ձևավորման գործընթաց, ընդ որում՝ անկախ հանգամանքից, թե ով է ԱՄՆ նախագահը, մենք պետք է այդ վարչակազմի հանդեպ մեր՝ թե՛ պետական, թե՛ ոչ կառավարաման վերաբերմունքի համակարգը կառուցենք այնպիսի նշաձողերի և չափանիշների հիման վրա, որոնք առավելագույնս համարժեք են Միացյալ Նահանգների քաղաքական պրիզմային ու տրամաչափին:

Որովհետև եթե մենք այդ հարցը չափենք այսպես ասած մեր չափով, ապա այդ չափով էլ չափվելու ենք: Իսկ դա կնշանակի՝ «փոքր չափ»: Հետևաբար, Նահանգների հետ քաղաքականության ճարտարապետությունը կառուցելիս, մեզ անհրաժեշտ է չափը համարժեք դարձնել ԱՄՆ տրամաչափին, որպեսզի նաև կարողանանք ստանալ հենց դրան համարժեք «հետադարձ կապ»: