«Ամենամեծ պրոբլեմն ուրիշ բան է, մարդիկ չեն հավատում, որ այդ բոլոր բեմականացումների սցենարների տակ ես չեմ ստորագրում, ամենամեծ պրոբլեմն այդտեղ է»,- նախօրեին կառավարության նիստում՝ իրավապահ համակարգի հասցեին կոշտ ելույթում, նշում է Նիկոլ Փաշինյանը: Սա առանցքային դրվագ է նախօրեին տեղի ունեցածի առնչությամբ, որը, ըստ էության բացահայտում է մոտիվացիոն հիմնական շերտը:
Նիկոլ Փաշինյանին անհանգստացնողն այն չէ, որ իրավապահ համակարգն աշխատում է անարդյունավետ, որ չեն իրականացվում իր հանձնարարականները, հորդորները կամ իր սահմանված նշաձողերը, որ Հայաստանում բավականին բարձր է քրեածին վիճակը:
Նիկոլ Փաշինյանն «ամենամեծ պրոբլեմ» համարում է այն, որ մարդիկ չեն հավատում, որ ինքն այդ ամենի տակ չի ստորագրում: Այսինքն՝ նրան ամենաշատն անհանգստացնում է այն, որ իրավապահների վատ աշխատանքի համար հանրությունը կարող է պատասխանատու համարել իրեն, որ այդ աշխատանքի անարդյունավետությունը ոչ թե թուլացնում է պետության դիմադրունակությունը, մրցունակություն, այլ՝ իր անձնական վարկանիշը:
Նիկոլ Փաշինյանը փաստացի փորձում է լուծել այդ պատասխանատվությունից խուսանավելու հարցը՝ հանրությանը ցույց տալու, որ ինքը չէ այդ ամենի տակ ստորագրողը: Կառաջանա հարց, թե այդ դեպքում չէ՞ որ մարդիկ ավելի շատ չեն հավատա, եթե իր ելույթից հետո չլինի պատկերի և արդյունավետության նկատելի փոփոխություն, ընդ որում կարճ ժամանակում:
Դա վարչապետ Փաշինյանի համար հոգ չէ, քանի որ այդ դեպքում կլինեն կադրային լուծումներ: Հետո այդ լուծումները դարձյալ չեն տա որևէ արդյունք, չեն փոխի որևէ արդյունավետություն, և հետո դարձյալ կլինի մի նոր կոշտ ելույթ:
Դա «հավերժական շարժի՞չ» է: Ոչ, իհարկե, հնարավոր չէ այդպես հավերժ: Բայց երկար ժամանակ ձգել հնարավոր է: Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանն այդ խնդիրն է լուծում, ընդ որում՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին տիրույթում:
Բաց մի թողեք
ԱՄՆ սահմանում է «կարմիր գիծ», մինչև հունվարի 20-ը Թբիլիսիում «հանգուցալուծում կլինի՞»
Ադրբեջանը ուժգնացնում է պաշտոնական պրոպագանդան ու պահանջները Հայաստանի հանդեպ
Ինչո՞ւ Հայաստանը չի հայտարարում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին